Պատճառը շատ պարզ է` շուկան չի վերահսկվում
Սպառողների շրջանում բազմաթիվ են կենցաղում շատ պահանջված էլեկտրական լամպերից դժգոհությունները, քանի որ դրանք գրեթե չեն ծառայում նպատակին: Էլեկտրական լամպերի վերաբերյալ դժգոհություններին լավ ծանոթ է սպառողների միությունը, որի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` քաղաքացիներից մշտապես բողոքներ են ստանում: Ա. Պողոսյանի կարծիքով՝ հայաստանյան շուկայի` կենցաղային անորակ լամպերով հեղեղված լինելու պատճառն օրենսդրությունն է, որը պարտադիր սերտիֆիկացում չի ենթադրում: Ըստ նրա՝ եթե նախկինում ապրանքները պարտադիր փորձաքննություն էին անցնում ու սերտիֆիկացվում հենց սահմանին՝ մաքսազերծվելուց առաջ, ապա այժմ այլ կարգ է գործում:
«Հիմա ներմուծման պահին պարտադիր չէ ապրանքի որակական և օրինականության սերտիֆիկացման մասին փաստաթուղթը: Այն պարտադիր է լինում միայն դեպի խանութներ մատակարարելու ժամանակ», նշում է սպառողների միության նախագահը: Նրա կարծիքով նաև օրենքում կատարված այս փոփոխությունն է պատճառը, որ կենցաղային լամպերի շուկան դարձել է անվերահսկելի: Էլեկտրական լամպերի փաթեթավորման վրա չկա տեղեկություն ոչ դրանց ծագման, ոչ սերտիֆիկացման, ոչ էլ` որակական ցուցանիշների մասին: Էլեկտրական լամպերի վերահսկողությամբ պետք է զբաղվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումը` շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: Այս տարվա սկզբին մամուլին տված հարցազրույցներից մեկում տեսչության պետի տեղակալը նշել էր, որ էլեկտրական լամպերի ոլորտում փորձարկումներ վերջին անգամ իրականացրել են 2008-2009 թթ.:
Քանի որ էլեկտրական լամպերի հարցն իրենց էլ է անհանգստացնում` 2012-ին ծրագրել են ստուգումներ իրականացնել:
Արդյոք սկսվե՞լ են այդ ստուգումները: Հարցի պատասխանն ստանալու համար դիմեցինք շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն: Պետի տեղակալ Արարատ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անորակ լամպերի առնչությամբ տեսչությունն այս տարվա ընթացքում ընդամենը մեկ բողոք է ստացել:
Ինչ վերաբերում է ստուգումներին` Ա. Սարգսյանի խոսքով` էլեկտրական լամպերը ներառված են կենցաղային նպատակով օգտագործվող ցածր լարման սարքավորումների ոլորտում, որը բավականին մեծ է, մինչդեռ տեսչության աշխատողների քանակը փոքր է: Այդ պատճառով էլ, ըստ նրա, տեսչությունում այս տարվա սկզբին ստեղծվել է մոնիտորինգի բաժին, որն զբաղվում է նման ուսումնասիրություններով: «Մոնիտորինգի բաժինն այս ոլորտում ուսումնասիրություն դեռ չի կատարել, քանի որ կան ավելի հրատապ հարցեր: Բայց ուսումնասիրություն աստիճանաբար կիրականացնենք ու լամպերի շուկայի վերաբերյալ լիարժեք պատկերը կունենանք»,նշեց Ա. Սարգսյանը: Հարցին` արդյոք տեղյա՞կ են, թե անորակ լամպերը որտեղից են ներկրվում և ընդհանրապես` ինչպե՞ս են հայտնվում շուկայում, տեսչության պետի տեղակալը պատասխանեց. «Ես հստակ չեմ կարող ասել, քանի որ այս ոլորտում մենք ամբողջական ուսումնասիրություններ չենք իրականացրել»: Բայց որ լամպերն անորակ են` տեսչության պետի տեղակալը համոզվել է նաև առանց հատուկ ուսումնասիրությունների` անձնական փորձով. «Ինքս էլ եմ շատ դժգոհ, լամպը մեկ շաբաթ էլ չի ծառայում նպատակին, այրվում է: Եթե քաղաքացիներն էժանը չգնեն, մի քիչ ավելի վճարեն` թանկը գնեն, գուցե մեկ շաբաթի փոխարեն երկու ամիս օգտագործեն»:
Պարոն Սարգսյանը հերքեց նաև մամուլում տեղ գտած իր իսկ գործընկերոջ այն հայտարարությունը, թե լամպերի շուկայում վերջին ստուգումներն իրականացվել են 2008-2009 թթ.: «Ստուգումներ եղել են թե 2011-ին, թե այս տարի: Հիմա տարվում է աշխատանք, որպեսզի կարողանանք ունենալ այս ոլորտի ամբողջական պատկերը»: Իսկ մինչ լամպերի շուկայի վերաբերյալ վերջնական պատկերն ստանալը` տեսչության պետի տեղակալը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ապրանք գնելիս պահանջել սերտիֆիկատը: Ըստ նրա` քանի դեռ մեր քաղաքացիները չեն հասել այն մակարդակին, որ պարտադիր պահանջեն սերտիֆիկատ, շուկան կլինի դժվարվերահսկելի, չէ՞ որ դեռևս շատ են դեպքերը, երբ ապրանքները վաճառվում են առանց սերտիֆիկացման:













