Գյումրու քաղաքապետի` աշնանը կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունը, ըստ ամենայնի, կսատարի ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի և ոչ թե գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թեկնածությունը: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ:
Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար
Այսկերպ Հանրապետական կուսակցությունը փորձում է Վարդան Ղուկասյանին «հասկացնել», որ առաջադրվելն անիմաստ է: ՀՀԿ-ն չի սատարում Վարդան Ղուկասյանին, քանի որ ԲԿՀ-ի հետ ունի ներքին համաձայնություն: Առանց համաձայնության` որևէ քաղաքական ուժ քաղաքական մյուս ուժին երբևէ չի պաշտպանում:
Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վարդան Ղուկասյանն ինքն է հրաժարվել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, իսկ Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, թե որ թեկնածուին պետք է պաշտպանի:
Ալեքսանդր ՄԱՐԿԱՐՈՎ, քաղաքագետ
Առաջին պատճառն այն է, որ Բալասանյանը Գյումրիից է: Հայտնի է, որ տեղում լավ կառավարում է իրականացնում այն մարդը, ով ծանոթ է խնդիրներին: Հարց է առաջանում` մի՞թե նույնը չի կարելի ասել Վարդան Ղուկասյանի մասին: Բայց այս դեպքում պետք է հիշել Վ. Ղուկասյանի ցուցաբերած վարքը, ինչպես նաև նրա կատարած այն գործողությունները, որոնք մեղմ ասած` դժգոհություն էին առաջացնում Հանրապետական կուսակցությունում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում Հանրապետական կուսակցության ոչ այնքան բարձր ցուցանիշները ևս կարող էին նրան չսատարելու պատճառ դառնալ: Մի խոսքով` կա գործոնների համալիր, որն ազդել է ՀՀԿ որոշման վրա:
Երվանդ ԲՈԶՈՅԱՆ, քաղաքագետ
ՀՀԿ որոշման վրա ազդել է հետևյալ գործոնը` Վարդան Ղուկասյանը ներկայացնում է քրեական աշխարհը: Իհարկե, քրեական նման ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական կյանքում շատ կան, սակայն Գյումրիի բնակիչներն այլևս մտադիր չեն համակերպվել քրեական աշխարհի հետ: Ուստի ՀՀԿ-ն հայտնվեց ծանր վիճակում: Եթե նա աջակցեր Վարդան Ղուկասյանին` կնշանակեր, որ աջակցում է քրեածին ներկայացուցչի, որի դեմ ժողովուրդն ունի կազմակերպված դիմադրություն: Նախագահական ընտրությունների շեմին իշխանությունը չցանկացավ գնալ այդ ճանապարհով: Կարծում եմ` ՀՀԿ-ն ճիշտ որոշում կայացրեց: Կոպիտ ասած` նա հրաժարվեց Վարդան Ղուկասյանից: Բայց չէի ասի, թե Հանրապետականն աջակցում է Սամվել Բալասանյանին: Կարծես թե ներքին պայմանավորվածությունների խնդիր կա: Տպավորություն է, թե ՀՀԿ-ն չունի իր սեփական թեկնածուն: Վ. Ղուկասյանը քաղաքում այնպիսի վիճակ էր ստեղծել, որ բացի իրենից` ոչ ոք չպետք է քաղաքապետ լիներ: ՀՀԿ-ն գուցե հաշվարկ կատարի և տեսնելով, որ այնտեղ «հարմար» մարդ չունի` հանդես չգա սեփական թեկնածուով:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ, Դեմկուսի նախագահ
Թերևս պետք է հասկանալ, որ Հանրապետական կուսակցությունը հոգնեց Վարդան Ղուկասյանից, հիմա փնտրում է այլ մարդու: Ով կլինի այդ մարդը` Բալասանյա՞նը, թե մեկ ուրիշը` չգիտեմ, դա արդեն իրենց խնդիրն է: Մեզ համար այս պարագայում կարևորն այն է, որ Գյումրիում լինի լավ քաղաքապետ: Եթե իսկապես ընտրեն լավ մարդու և թույլ տան, որ գյումրեցիներն իրենք ընտրություն կատարեն, ամեն ինչ լավ կլինի:














