Հայ-թուրքական ցամաքային սահմանի` Թուրքիայի կողմից փակումից ի վեր բազմաթիվ անգամներ երկու երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչները հավաքվել են ու քննարկել սահմանի բացման դեպքում գործարար կապերի խորացման հեռանկարը: Հայ թուրքական արձանագրությունների վավերացման ձախողումից հետո այդ քննարկումներն ակտիվացան թե Հայաստանում, թե Թուրքիայում, դրանց մշտապես մասնակցում են երկու երկրների գործարարները: Այդ քննարկումները հիմնականում կազմակերպվում են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ջատագով ԱՄՆ-ի կառավարության կողմից, ապա «պտիչկա» դնում` որպես իրականացված հերթական մի ծրագիր, բայց իրական արդյունքն անհայտ է:
Վերջերս Հայաստանում ու Կարսում կազմակերպված քննարկումներին մասնակցել են փոքր բիզնեսով զբաղվողներ, ովքեր պարզապես ի վիճակի չեն սահմանների փակ լինելու պարագայում արդյունավետ աշխատել: Կրկին՝ որևէ արդյունք չի գրանցվել: Թեև հայտարարվել էր, որ Թուրքիայից մասնակցելու են 5 տասնյակ գործարարներ, մասնակցել են տասը, և անգամ թուրքական մամուլը, որ մշտապես գրում է նույնիսկ ամենափոքր շփման մասին, որևէ ուշադրություն այդ քննարկմանը չի դարձրել:
Հենց այդ օրը` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան է փակել հայ-թուրքական հարաբերությունների ազգային հանձնաժողովը: Ընդ որում այդ հանձնաժողովի գոյության մասին իմացանք միայն փակումից հետո: Պարզվում է, որ այն գործում է 2003-ից` Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդին առընթեր և զբաղվում էր երկրի բարձրագույն կրթական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայոց պատմության, մշակույթի, քաղաքականության, տնտեսության գիտական հետազոտություններով և գնահատմամբ:
Բնականաբար, քանի դեռ չկան պետական մակարդակով հարաբերություններ, որևէ գործարար չի կարող լուրջ աշխատանք ծավալել, և որևէ քննարկում էլ չի կարող արդյունք ունենալ: Միևնույն է` ցանկացած շփում ու պայմանավորվածություն ձախողվելու է: Պարզապես որոշ արտաքին ուժերի ձեռք է տալիս հարաբերությունների իմիտացիա ստեղծելը, իսկ Հայաստանում մշտապես կգտնվեն այնպիսի կազմակերպություններ, որոնք այդ ուժերի կամքին վայել քննարկումներ կկազմակերպեն: Փողին մունաթ:













