ԱԺ ընտրություններից սպասելիքները մեծ էին, ժողովուրդն ուզում էր հավատալ, որ մեծ փոփոխություններ են լինելու, քանի որ դա էր խոստանում երկրի անփոփոխ իշխող կուսակցությունը: Ընտրություններն ավարտվեցին, սակայն ԱԺ-ում որևէ դրական փոփոխություն տեղի չունեցավ: Իհարկե, այժմ կոալիցիոն ուժերի թիվը քչացել է, ընդդիմադիրների թիվը` ևս, հայտնվել են մեծաթիվ ‹‹կառուցողականներ››` ի դեմս ԲՀԿ-ի, մինչդեռ պատկերը գրեթե նույնն է:
Կարծում եմ` ԱԺ-ն շարունակելու է մնալ կառավարության կցորդը, առանց լուրջ քննարկումների և ընդդիմախոսների կարծիքը հաշվի առնելու` հավանություն կտա այն բոլոր օրինագծերին, որոնք կներկայացնի կառավարությունը: Իսկ դրանք օրինագծերի 80 տոկոսն են: Եթե ԲՀԿ-ն նոր նստաշրջանում շարունակի այսօրվա կեցվածքը` միանգամայն հնարավոր է, որ ցանկացած քվեարկության ժամանակ ազատ կթողնի իր պատգամավորներին` առանց խմբակցության հատուկ հրահանգի: Բնական է, որ իշխանամետ ԲՀԿ-ականները կքվեարկեն կողմ: Իսկ եթե ԲՀԿ-ի կարծիքը համընկնի ընդդիմության տեսակետին, աշխատանքի չներկայացող ՀՀԿ-ականների բանը բուրդ կլինի. կամ պետք է նիստերից չբացակայեն, կամ էլ գործի դնեն գործընկերների կոճակը սեղմելու իրենց ունակությունը: Այստեղ փոփոխություն կա` ուրիշի փոխարեն քվեարկած Հերմինե Նաղդալյանն այժմ ԱԺ փոխնախագահ է, այսինքն ունի միայն մեկ կոճակ սեղմելու հնարավորություն: Իսկ ուրիշների կոճակները սեղմողներն ընդհանուր առմամբ քիչ չեն:
ԱԺ առաջին նիստը բացառիկ էր նրանով, որ դահլիճն այլևս այդքան լիքը չենք տեսնի: Իշխանական պատգամավորներն այդքան մեծ թվով մեկ էլ եկել էին 5 տարի առաջ` նախորդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին:
2011թ. նիստերից մեկում, երբ խորհրդարանն ընդմիջումից հետո շարունակում էր ‹‹Պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին›› օրինագծի քննարկումը, ընդամենը մեկ պատգամավոր էր մասնակցում. մնացածները հավանաբար գնացել էին հանգստանալու:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերընտրվելով այդ պաշտոնում` հայտարարեց. ‹‹ՀՀ նախագահը և ՀՀԿ ղեկավար կազմը հրահանգել են բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում էին ընտրվել, որ պետք է պարտադիր կերպով ակտիվ մասնակցեն ԱԺ աշխատանքներին: Այնպես որ ԱԺ աշխատանքներին կմասնակցեն բոլոր պատգամավորները››:
Հավատո՞ւմ եք: Ես էլ չեմ հավատում: Որովհետև նույն Հովիկ Աբրահամյանն արդեն լինելով այդ պաշտոնում, բազմաթիվ անգամներ պատգամավորներին կոչ է արել մասնակցել նիստերին, անգամ սպառնացել է կտրել աշատավարձը, սակայն` ոչ մի արդյունք. որոշ բիզնեսմեն պատգամավորներ երևի անգամ չգիտեն էլ, որ իրենց աշխատանքը հասարակական հիմունքներով չէ, դրա համար աշխատավարձ է սահմանված:
‹‹Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը››, - մի առիթով ասել է Հովիկ Աբրահամյանը: Սակայն նախորդ նոյեմբերին, երբ հրաժարական տվեց, ինքը ևս սկսեց աշխատանքի չգնալ` մոռանալով, թե ինչ է ասել պատգամավորի աշխատանքի կարևորության մասին...
Հիմա ինձ գուցե սկսեն համոզել, թե Սեյրան Սարոյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանը և շատ այլ պատգամավորներ ամեն օր մասնակցելու են նիստերի և կառուցողական առաջարկություններ ու օրենսդրական նախաձեռնություննե՞ր են իրականացնելու: Կասկածում եմ:
‹‹ԱԺ-ի ամենալավ հաճախող պատգամավորն եմ լինելու: Ամեն հարց էլ բարձրացնելու եմ` սկսած սպորտից››, - ասել է Սամվել Ալեքսանյանը: Միայն նա չէ. նախորդ խորհրդարանում ծպտուն չհանած բոլոր պատգամավորներն էլ խոստացել են ակտիվ լինել: Հարցին, թե ինչպե՞ս, սովորաբար պատասխանում են` կաշխատենք` կտեսնեք: Օրինագիծ չներկայացնելու պատճառը ոչ թե ժամանակ չունենալն է, այլ ըստ երևույթին` համապատասխան կարողության բացակայությունը:
ԱԺ առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանը նորընտիր պատգամավորներին խնդրեց չսահմանափակվել միայն գրասենյակային աշխատանքով: Փաստորեն ՀՀԿ նախագահը կարծում է, թե պատգամավորները գրասենյակային աշխատանքով զբաղվում են: Ու հիմա էլ պետք է դուրս գան ԱԺ իրենց սենյակներից ու դեմքով շրջվեն դեպի հասարակությունը...
Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ներկայացրեց Երևանի 630 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնց մասնակիցների 87 տոկոսը չէր հավատում, թե Ազգային ժողովը պաշտպանում է իր շահերը: Սա պատահական չէ, քանի որ օրենսդիր ամենահեղինակավոր այդ կառույցը որևէ ձևով հակառակում չի համոզել:
ԱԺ դերի բարձրացման ամենաուղիղ ճանապարհն արդար ընտրություններն են, արդար պատգամավորը:
Նաև` պատգամավորի անհատական որակները: Մինչդեռ... ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից հետո լրագրողը փորձել է ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին հարցնել, թե ինչ ծրագրով է մտնում ԱԺ, նա սպառնացել է. ‹‹Դու ո՞վ ես, արա: Ուզում ես Օբամայի բարեկամն էղի, լավ եմ անում, ու էդի անջատի››: Նրա կոլեգա Ռուստամ Գասպարյանն էլ ասել է. ‹‹Շառ են սրանք››: Երբ մեկ այլ լրագրող մեկ այլ պատգամավորի` ՀՀԿ-ական գեներալ Մանվել Գրիգորյանին համարձակվել է հարց ուղղել, նա ձեռքը թափ է տվել, թե. ‹‹Դու լավ հարց տալ գիտես, ես էլ լավ ուշունց տալ գիտեմ: Ով ինչ կարում ա, էն էլ անում ա››:
Ասացեք` ԱԺ դերը նրանք կարո՞ղ են բարձրացնել: Լիահո՞ւյս ենք, որ Սամվել Ալեքսանյանը կսկսի իրար հետևից օրինագծեր ներկայացնել, Սեդրակ Սարոյանը քաղաքակիրթ բանավեճով հանդես կգա, Առաքել Մովսիսյանը պատգամավորին ‹‹հայվանի›› փոխարեն կասի` ‹‹կյանքս››...
Նոր, փոխված ԱԺ-ի ամենալավ բնութագրիչը ԱԺ հանձնաժողովների նախագահների` մայիսի 31-ի ընտրությանը որոշ պատգամավոների պահվածքն էր, երբ Սամվել Ալեքսանյանը քվեարկում էր քվեատուփը դնելուց դեռ շատ առաջ, Սեյրան Սարոյանը` բազմոցին նստած` քվեախցիկ չմտնելով: Ստացվում է` ինչպես իրենց են ընտրել, այնպես էլ իրենք են ընտրում...
Այսքանից հետո հավատա՞նք, որ մեր կյանքում փոփոխություններ կլինեն:














