Թվում էր, թե ոչինչ չի կարող ստվեր նետել ադրբեջանա-վրացական հարաբերությունների վրա, որոնք երկու երկրների առաջնորդներն անվանում են ոչ այլ կերպ, քան ռազմավարական: Սակայն այդ երկրների սահմանին գտնվող վանական համալիրի շուրջ վերջին իրադարձությունները նրանց հարաբերություններում զգալի փոփոխություններ մտցրին: Դավիթ-Գարեջի վրացական վանքն ադրբեջանցիներն անվանում են Քեշիքչիդաղ՝ միաժամանակ չմոռանալով բարձրաձայն հայտարարել, որ քրիստոնեական այդ սրբավայրը վրացական եկեղեցու հետ ոչ մի ընդհանրություն չունի, իրենց պատմագրության համաձայն այն ադրբեջանցիների նախնիներ համարվող աղվանների մշակութային հուշարձաններից է: Եթե մոռացել եք՝ հիշեցնենք, որ Բաքուն աղվանական մշակութային կոթողների շարքին է դասում նաև Լեռնային Ղարաբաղի և նույնիսկ բուն Հայաստանի տարածքում գտնվող բոլոր հայկական մշակութային հուշարձանները, եկեղեցիները և վանքերը:
Վրաստանում, ինչպեսև Հայաստանում նման պնդումներն իսկական ցնդաբանություն են համարում: Եվ գրեթե ամեն օր վրացիներն ադրբեջանական իշխանության դեմ բազմամարդ ցույցեր են կազմակերպում: Այդ ցույցերի ձևական պատճառը դարձավ ադրբեջանական սահմանապահների առաջխաղացումը դեպի վրացական սահմանը, որը Խորհրդային Միությանը բնորոշ ձևով վանական համալիրի տարբեր մասերը երկու կիլոմետրով բաժանում է իրարից: Հենց խորհրդային ժամանակներում էին հարևան հանրապետությունները լեռնաշղթայով այնպես սահմանազատվել, որ վանական համալիրը բաժանվել էր երկու մասի՝ շինությունների մեծ մասը հայտնվել էր Վրաստանի տարածքում, իսկ ադրբեջանական տարածքում էին մնացել Սբ Դավիթ մայրավանքը և մի քանի փոքրիկ վանական խցեր: Հիմա ադրբեջանական սահմանապահները դժվար թե սեփական նախաձեռնությամբ անցակետերն այնպես են տեղակայել, որ Վրաստանից ոչ մի ուխտագնաց չկարողանա վանք հասնել:
Ավելորդ չէ նշել, որ հենց այս տարածքի պատճառով է, որ առայսօր ավարտված չեն երկու երկրների սահմանների զատորոշման աշխատանքները:
Վերլուծաբանները նշում են, որ եթե այս կնճիռը չհարթվի, Ադրբեջանն ու Վրաստանը կարող են անգամ տարածքային հակամարտության շեմին հայտնվել: Գործին միջամտել են երկրի նախագահները, սակայն լուծում չի գտնվել: Վրաստանի՝ վանքի տարածքները վրացական մեկ այլ տարածքի հետ փոխանակելու խնդրանքին ի պատասխան՝ ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ այն վայրը, որտեղ գտնվում է մայրավանքը, ռազմավարական բարձունք է և իրենք չեն կարող դրանից հրաժարվել: Այն, որ այդ բարձունքը կարող է սպառնալիք լինել հատկապես վրացական մայրաքաղաքի համար, չի էլ հիշատակվում:
Ադրբեջանցիների կողմից հայկական և ինչպես տեսնում ենք՝ նաև վրացական հուշարձանների աղվանացումը ոչ մի քննադատության չի դիմանում: Եվ իհարկե՝ դա Ադրբեջանում էլ են հասկանում. քրիստոնեական հին հուշարձաններն ինչպե՞ս կարող են թուրք-մահմեդականների ժառանգությունը լինել:
Կովկասյան հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր և առաջատար փորձագետ Յունիս Նասիբլին, որ իմիջիայլոց Բաքվի համալսարանի դոցենտ է, բնականաբար նույնպես պնդում է, որ Դավիթ-Գարեջի վանական համալիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ աղվանական մշակույթի հին հուշարձաններից մեկը և անվիճելի է համարում դրա պատկանելությունն Ադրբեջանին: Բայց միաժամանակ հայտարարում է. «Ես կարծում եմ, որ այս վեճի լավագույն լուծումը կլիներ Դավթի այրավանքի մեր տարածքում գտնվող մասը՝ բլրի հարավային լանջը՝ ներքևի հատվածում մոտավորապես 13 մ, իսկ վերևում՝ 30-40 մ, Վրաստանին զիջելը, բայց փոխարենը վրացիներից միջնադարյան Գյանջա ամրոցի դարպասների փեղկերը հետ ստանալը, որոնք 1139 թ. սեպտեմբերի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո տարել էր վրացական բանակը»:
Գիտնականի խոսքերով՝ Բաքուն բազմիցս վրացական կողմին առաջարկել է քննարկել Գյանջայի դարպասների հարցը, «սակայն Վրաստանի իշխանությունները Վրացական եկեղեցին են մատնացույց անում, իբր՝ այդ հարցը եկեղեցու հարցի հետ պետք է լուծել... Մենք գիտենք, որ... դեռևս խորհրդային ժամանակներում փեղկերը (դարպասները խմբ.) գտնվում էին Գելաթի վանքի բակում՝ Քութայիսի քաղաքից ոչ հեռու... Կարծում եմ, եթե Վրաստանը մեզ վերադարձներ Գյանջայի դարպասները, ապա մենք կկարողանայինք նրանց զիջել այդ 13 մետրը»:
Բայց ուրիշ տարբերակներ էլ կան՝ առևտուրը մնում է առևտուր: Բաքվում խոսակցություններ են պտտվում, թե Դավիթ-Գարեջի համալիրի դիմաց լավ կլիներ պահանջել, որ Թբիլիսին փակեր Հայաստանի հետ սահմանը: Բաքվի փորձագետներն ուղղակի ասում են, որ Ադրբեջանը կարող է Վրաստանին զիջումներ անել միայն այն դեպքում, եթե իրական երաշխիքներ ստանա, որ նախագահ Սահակաշվիլին պատրաստ է փակել Հայաստանի թթվածինը:
Համաձայնեք՝ ազգային սրբավայրերը դժվար թե վաճառքի առարկա դառնային: Ադրբեջանում լավ հասկանում են, որ իրենք ոչ մի առնչություն չունեն վրացական վանքի հետ և պատրաստ են վաճառել այն՝ թեկուզ դարպասները կամ նույնիսկ դրանց մեկ փեղկը, միայն թե դրա դիմաց Հայաստանը թթվածնից զրկվի: Էլ ավելի նախընտրելի է, իհարկե, Հայաստանի շրջափակումը: Բայց կարծում եմ, որ նրանք ստիպված կլինեն ընդունել Վրաստանի պայմանները՝ հանգիստ թողնել օտար եկեղեցին, իսկ փոխարենն ստանալ այն, ինչ դեռ առաջարկում են՝ հողատարածք հարևան շրջանում, ընդ որում՝ ավելի մեծ: Վրաստանին պետք է իր, և ոչ թե ուրիշի սրբավայրը, և նա այն առուծախի առարկա չի դարձնի:














