Երբ ֆրանսիացի մեծ կատակերգու Լուի դը Ֆյունեսը մահացավ (1983 թ. հունվարի 27-ին)` նրա երկրպագուներից շատերը ոչ մի կերպ չէին կարողանում դրան հավատալ: «Այդ ինչպե՞ս, ինչո՞ւ: Իսկ ո՞վ է մեզ ծիծաղեցնելու»:
Անցած դարի 50-ականներից սկսած՝ երեսուն տարի շարունակ նրա ֆիլմերը ծիծաղեցնում էին ամբողջ Ֆրանսիային և աշխարհին, նա ասես հանդիսատեսի կյանքի անհրաժեշտ բաղադրիչը լիներ, ծիծաղի արքա, աստղ: Եվ նա իրեն անհաջողակ էր համարում: Մրցակիցների սեղմ օղակի միջով առաջ գնալու համար դը Ֆյունեսը ստիպված էր օգտագործել իր կյանքի 44 տարիները ու նկարահանվել 75 ֆիլմում: Միայն 1958 թ. «Բռնված չէ՝ գող չէ» ֆիլմից հետո հանդիսատեսը նկատեց զվարճալի, վտիտ դը Ֆյունեսին: Ընդ որում գործընկերները վիրավորելու աստիճան անարդարացիորեն քթները ցցում էին «նորաթուխ» դերասանի հանդեպ. նույնիսկ մեծն Ֆերնանդելն արհամարհում էր ապագա աստղին` մոռանալով, որ հենց Լուիից է ինքը փոխառել առանձնահատուկ ձևով աչքերը բացուխուփ անելու հնարքը: Իսկ գեղեցկատես Ժան Մարեն ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե մարդիկ ինչ են գտնում այդ փոքրամարմին, տարօրինակ մարդու մեջ: Բացի դրանից՝ Մարեն «Ֆանտոմաս» ֆիլմում ձգտում էր բոլորին զարմացնել նրանով, որ ինքնուրույն էր կատարում բոլոր վտանգավոր հնարքները, մինչդեռ Ֆյունեսի համար կասկադյորների մի ամբողջ խումբ էր աշխատում: Սակայն երբ ֆիլմը հայտնվեց էկրաններին` պարզվեց, որ Մարեի հնարքներով բոլոր դրվագները մնացել էին մոնտաժային սենյակի հատակին, իսկ թզուկ Լուիի առնականությամբ ու ֆիզիկական մարզավիճակով հիանում էին բոլորը՝ առանց բացառության: Միշտ կրկնորդի օգնությամբ նկարահանվող Լուին այնուամենայնիվ հպարտանում էր, երբ հիանում էին «իր հնարքներով»: «Նա չէր ասում, թե ինքն է անում այդ հնարքները, հիշում է կրկնորդ Մարսել Գալոնը, բայց չէր էլ խոստովանում, որ դրանք կրկնորդներն են անում»:
Ո՞րն է Լուի դը Ֆյունես անունով ֆենոմենի էությունը: Ոչ ոքի համար չլինելով ընդօրինակման առարկա, նա կարելի է ասել, բոլորին ստիպում էր, որ ծիծաղեն իր արարքների վրա: Ընդ որում խեղկատակի գլխարկը նա բացառապես հոժար կամքով էր գլխին քաշում:
Հին, ազնվազարմ տոհմի ժառանգ Լուի Ժերմեն դը Ֆյունես դը Գալարսան (ամբողջական անունը) ծնվել է 1914 թ. հուլիսի 31-ին: Հայրը՝ ծագումով
իսպանացի Կառլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան, իրավաբան էր՝ Սևիլյայում, իսկ հետո դարձավ ադամանդ մշակող: Մայրը՝ Լեոնորը, ով իսպանական ու պորտուգալական արմատներ ուներ, Ֆրանսիա էր փախել իր ընտանիքից, քանի որ հարազատները դեմ էին նրա ամուսնությանը: Փոքրամարմին, զվարճալի տղան, որ բացարձակապես անընդունակ էր ուսման հարցում, հասակակիցների ծափահարություններին արժանանում էր միայն մի բանի շնորհիվ՝ նմանակում էր ատելի ուսուցիչների շարժուձևը, ինչի համար նրան միշտ վռնդում էին դասարանից: Այդուհանդերձ դա չխանգարեց, որ նա մի կերպ ավարտի արվարձանային այդ խղճուկ վարժարանը:
Ուսումն ավարտելուց հետո նա սկսեց աշխատել կարի արհեստանոցում, որտեղ սկզբից ևեթ ատեց բուրժուա տնօրենին և նրա սիրելի դեղձանիկին: Մեկ շաբաթ անց տղային վռնդեցին, երբ տեսան, թե ինչպես է ասեղներ շպրտում թռչունի վրա, որի
փետուրներն սկսեցին թափվել: Հետո տղային վռնդեցին լուսանկարչական սրահից, որտեղ վառոդով լցված արկ էր դրել սեղանի դարակում ու հրդեհ սարքել: Հաջորդ և ամենևին էլ ոչ վերջին նշանակետը գլխարկների սրահն էր, որտեղից պատանի դը Ֆյունեսին հեռացրին կինոյի հանդեպ սիրո համար: Չապլինյան հնարքներով ոգեշնչված` նա բերանի մեջ պահած ջուրը կատակով լցրել էր կառավարչի դեմքին: Հետո երիտասարդն աշխատեց որպես կոշիկ մաքրող, ցուցափեղկեր ձևավորող, թիթեղագործ, մորթեգործ... Իսկ հետո հետո սկսվեց պատերազմը, այդ տարիներին Ֆյունեսը դաշնամուր էր նվագում փարիզյան գինետներից մեկում: Ի դեպ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատում Ֆյունեսը չհայտնվեց միայն այն պատճառով, որ հանձնաժողովը նրան անպիտան ճանաչել էր զինծառայության համար` քսանամյա երիտասարդի քաշը 55 կգ էր, իսկ հասակը` 164 սմ: Պատերազմի տարիներին նա ամուսնացավ Ժաննա Բարտելեմիի՝ հանրահայտ գրող Գի դը Մոպասանի թոռնուհու հետ: Ժաննան նրա երկրորդ կինն էր, առաջին անգամ Լուին ամուսնացել էր 1936 թ. ապրիլի 27-ին՝ Ժենևևա անունով մի աղջկա հետ, իսկ 1937 թ. հուլիսի 12-ին ծնվել էր նրանց որդին՝ Դանիելը: Այդ միությունը տևել էր վեց տարի. 1942 թ. նոյեմբերի 13-ին նրանք ամուսնալուծվեցին: Անտեսելով ընտանիքի անդամների դժգոհությունը` Ժանինն ամբողջ սրտով սիրահարվեց այդ անխնամ արտաքինով տղային, ով հաջողել էր նրա ծնողների հետ ծանոթության օրը ջարդել մոր պարծանք ծաղկամանը: Իմանալով ազգականների «ջերմ» վերաբերմունքի մասին՝ փեսան վրեժխնդիր եղավ... Ամուսնության արարողության ժամանակ հուրախության հյուրերի՝ նա անդադար ծամածռություններ էր անում ականջներով, աչքերով, հոնքերով, քթով, լեզվով և դնչով: Ժաննան, ռոմանտիկ մի աղջիկ, ով անգիր գիտեր Լաֆոնտենի բոլոր ստեղծագործությունները, Լուիի հետ ապրեց 40 տարի՝ մինչև նրա մահը, երկու որդի ունեցավ և ամբողջ կյանքի ընթացքում նրա իսկական պահապան հրեշտակն էր: Լուին իր հերթին շատ հոգատար էր ընտանիքի հանդեպ` ֆաշիստների գրաված Փարիզում սկսեց գանձապահ աշխատել, հղի կնոջ համար մթերք էր գողանում: Առաջնեկը` Պատրիկը, լույս աշխարհ եկավ 1944 թ. նոյեմբերին: Այդ ժամանակ դը Ֆյունեսը Պիգալ հրապարակի սրճարանում դաշնամուր էր նվագում:
Այդուհանդերձ Լուին շարունակում էր մտածել դերասանության մասին, նույնիսկ մի տարի սովորեց հատուկ դասընթացներում, բայց հասկանում էր, որ ցածրահասակ, նիհար, վաղաժամ ճաղատացող երաժիշտի համար կինոյում դեր գտնելը դժվար է: 1946 թ. նա խաղաց իր առաջին դրվագային դերը՝ «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, բայց դրանից հետո ևս 12 տարի նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում: Փոխելով իր կյանքի դերերը, ընդ որում բոլորն էլ փայլուն կատարելով, նա վերջապես ընդունվեց դերասանական ստուդիա: Դժգոհությունն ու հիասթափությունը վրա հասան միանգամից, երբ նրան՝ կատակերգական արտասովոր արտաքինով ու դիմախաղով և գլխավորը` կատակերգուի կոչումով դերասանին սկսեցին առաջարկել ռոմանտիկ հերոսների դերեր: Լուին ուզում էր և կարողանում էր ծիծաղեցնել մարդկանց: Նա փոքր դերեր խաղաց թատրոնում և գիշերային ակումբների բեմերում, ու հանդիսատեսն աննկարագրելի հիացմունքով էր դիտում նրա խաղը: Նրա մասին սկսեցին խոսել պրոդյուսերները, նրան սկսեցին կինոյում փոքր դերեր առաջարկել, բայց կարիերան շատ դանդաղ էր առաջ գնում:
Լուրջ հաջողություն չբերեցին նաև նրա առաջին մեծ դերերը, որոնք սկսեց կատարել 1945 թ., երբ արդեն 30-ն անց էր` Ժան Ստելի «Բարբիզոնյան մեղսավորները» ֆիլմում և նույնիսկ մեծն Լե Շանուայի «Պապան, մաման, սպասուհին և ես» կատակերգությունում: Տարիներն անցնում էին, իսկ դերասանը, ով արդեն երկու մեծ որդի ուներ, պաշտոնական շրջանակներում առաջվա պես համարվում էր «հույսեր ներշնչող ընդունակ երիտասարդ»: Բայց ֆրանսիացիներն արդեն սկսել էին սիրել այդ կատակերգուին, արդեն սպասում էին նրա յուրաքանչյուր հաջորդ դերին: Եվ երիտասարդ ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չես` գող չես» փայլուն ֆիլմից հետո, որում Ֆյունեսն իր հանճարեղ խաղով բառացիորեն էլեկտրականացնում էր հանդիսատեսին, այդ սերը վերածվեց համազգային ճանաչման: Եվ այդ ժամանակ ամեն ինչ միանգամից փոխվեց՝ դերերից սկսած մինչև հոնորարները:
Բայց մինչ դը Ֆյունեսին սկսեցին հսկայական հոնորարներ առաջարկել՝ նրա ընտանիքն արդեն հասցրել էր բազում զրկանքներով անցնել: Հավանաբար դա էր պատճառը, որ երբ ընատնիքում այնքան փող հավաքվեց, որ այն մի քանի սերնդի կբավականացներ, դը Ֆյունեսը զարմացնում էր իր ժլատությամբ: Նա անձամբ էր ստուգում ընտանիքի անդամների բոլոր հաշիվները ու խելագարեցնելու աստիճան սակարկում մթերքների գները: Մի անգամ նա որդուն ստիպեց նոր գնված կոշիկները տանել և փոխարինել ավելի համեստ և էժանագին կոշիկներով, քանի որ նրան թվաց, թե կոշիկի համար այդքան շատ փող վճարելը հիմարություն է: Ավագ Լուին մշտապես իր մոտ էր պահում բոլոր պահարանների, դռների ու դարակների բանալիները՝ վախենում էր, որ հանկարծ որևէ բան չգողանան:
Բացառիկ փնթփնթանի համբավ ունեցող դերասանն իսկապես ոչնչով չէր հիշեցնում այն կենսուրախ մարդուն, ում հանդիսատեսը տեսնում էր կինոյում: Նրա շքեղ բնակարանի հարևանները մի քանի անգամ խաչակնքեցին, երբ Ֆյունեսների ընտանիքը տեղափոխվեց քաղաքից դուրս գտնվող Շատո դը Կլերմոնի հին ամրոցը: Պարզվում է, երբ դերասանը ժամը 22-ից հետո հարևանների տներից աղմուկ էր լսում, ոստիկանություն էր զանգահարում, հետո էլ պահանջում, որ բարոյական վնասը փոխհատուցեն: «Ես չեմ սիրում մարդկանցով շրջապատված լինել,- խոստովանում էր նա՝ իր հազվադեպ հարցազրույցներում,- ես քիչ ընկերներ ունեմ: Ամբողջ ազատ ժամանակս ընտանիքիս հետ եմ` հանգստանում եմ զվարճանքներից»: Հավաքույթնե՞ր: Այս հարցը լսելիս նա մռայլվում էր և իր սիրելի ասույթը մեջբերում. «Իսկ գիտե՞ք, որ ամենամեծ հիմարությունները մարդիկ անում են ձեռքներին բաժակ բռնած»:
Մի անգամ դը Ֆյունեսը կատակով իր տան դռանը գրություն կախեց. «Վաճառում եմ ծիծաղ` ժամը 9.00-18.00»: Եվ պատկերացրեք, թե որքան բարկացավ, երբ տեսավ, որ դռան առջև իսկապես ծիծաղի իրենց չափաբաժինը ստանալ ցանկացողների հերթ էր գոյացել: Խեղճերը չգիտեին, որ իր հումորի ամբողջ լիցքը դերասանն անմնացորդ պարպում է ֆիլմերում՝ գրեթե ոչինչ չթողնելով իր համար: Լրագրողներից մեկը տարակուսած նկատել էր. «Դժվար է պատկերացնել, որ այս փոքրամարմին, շատ լուրջ մարդն ամբողջ Ֆրանսիային ստիպում է ծիծաղել»: Իսկ ահա տնեցիների համար նա իսկական բռնապետ էր... Օ, ինչպես բարկացավ դերասանը` իմանալով, որ որդիներից ոչ մեկը չի պատրաստվում շարունակել դերասանի մասնագիտությունը... «Չհամարձակվես ինձ հակաճառել: Քեզ սկուտեղի վրա դրած դերեր են բերում»: «Իսկ գիտե՞ս, թե ես
որքան դժվարություններ եմ ստիպված եղել հաղթահարել՝ ճանաչված դառնալու համար»,- բղավում էր նա կրտսեր որդու` Օլիվերի վրա: Բայց Օլիվերը նախընտրեց «Էյր Ֆրանսի» օդաչուի աթոռը, երբ արդեն նկարահանվել էր վեց ֆիլմում: Ավագ որդին` Պատրիկը, նույնպես հիասթափեցրեց հորը` դառնալով բժիշկ: Ծերացած, մահացու հոգնած և հոգսերից կքած, «աղքատության բարդույթով» տառապող մարդը քայքայում էր բոլորի նյարդերը, բայց ավելի շատ` իրենը:
Լուի դը Ֆյունեսն ավելի ու ավելի շատ ֆիլմերում էր նկարահանվում, և աշխարհը ծիծաղից պոռթկալով՝ ամեն հաջորդ ֆիլմից հետո նրան ավելի ու ավելի շատ էր սիրում: Նրա կերպարները` ժանդարմները, անհաջողակ գողերը, ոստիկանության կոմիսար Ժյուվը «Ֆանտոմաս» և մարդ-նվագախումբը ծիծաղեցնում էին բոլորին` բժիշկներին, զինվորներին, հոգևորականներին, ֆուտբոլիստներին, նախագահներին: Յուրաքանչյուր նոր ֆիլմով Լուի դը Ֆյունեսի համբավը մեծանում էր, բայց ավելանում էր նաև հոգնածությունը: Շատ ուշ եկան փառքը, փողը, գործընկերների ճանաչումը: Նրա մեջ չափից դուրս երկար էին մնացել «աղքատի և անհաջողակի բարդույթները»:
Կենսական ուժերի պաշարն արդեն մարում էր, իսկ նյութական վիճակի բարելավումը չգիտես ինչու հաճախ ընկճախտի պատճառ էր դառնում: Աշխատանքից դուրս Լուին լավագույն դեպքում մտածկոտ էր, վատագույն դեպքում` նյարդայնացած: Ընդհանրապես կյանքում նա քաղաքավարի, փակ և հանգիստ անձնավորություն էր:
Լարված աշխատանքը չէր կարող չանդրադառնալ նրա առողջության վրա: 1975 թ. նա երկու կաթված տարավ: Իմիջիայլոց առաջին կաթվածը բեմում էր, «Մատադորների վալսը» ներկայացման ժամանակ: Իսկ երկրորդը մի քանի ամիս անց` հիվանդանոցում: Լուին երկար ժամանակով անհետացավ էկրաններից: Նկարահանվելու առաջարկներն օրեցօր քչանում էին: Իսկ հանդիսատեսը հրաժարվում էր հավատալ, որ կատակերգուն ընդհանրապես կարող է սիրտ ունենալ: Դերասանը դա համարում էր ցինիզմ և վիրավորված ամբողջ աշխարհից, որին նա կարողանում էր ծիծաղեցնել, այլևս կինոյի հետ ոչ մի ընդհանուր բան չէր ուզում ունենալ: Փակվելով իր ներաշխարհում` նա Փարիզից տեղափոխվեց իր Շատո դը Կլերմոն ամրոցը և սկսեց հուշեր գրել:
Հիվանդ Լուի դը Ֆյունեսի մասին գրեթե մոռացել էին, և վարպետն ընկել էր խոր ընկճախտի մեջ, երբ նրա տանը հնչեց մի հեռախոսազանգ, որը նրան վերադարձրեց կյանք: Ռեժիսոր Ժան Ժիրոն նրան դեր առաջարկեց իր նոր ֆիլմում: Ժան Ժիրոն կատակերգական ֆիլմերի հայտնի ռեժիսոր է, Լուի դը Ֆյունեսի սակավաթիվ ընկերներից մեկը, ում հետ նա ինը ֆիլմ էր նկարահանել` հաջողելով նկարահանումների ընթացքում ոչ մի անգամ չվիճել: Դրանք հանդիսատեսի սիրելի ֆիլմերն էին` «Ժլատը», «Կաղամբով ապուրը», «Մեծ արձակուրդներ», «Միայն օճառապղպջակներ» և հինգ ֆիլմ՝ Սեն Տրոպեզի ժանդարմների արկածների մասին: Ժիրոն հասկանում էր դերասաններին, նա ֆիլմեր էր նկարահանում Ֆյունեսի հետ և Ֆյունեսի համար, և այդ պատճառով նրա հրավերն ասես հույս էր Լուիի համար: Մի բուռ դեղ կուլ տալով` նա գնաց նկարահանման, բայց ճակատագիրը նրա հետ դաժան կատակ խաղաց` հենց առաջին օրն ամբողջ նկարահանող խմբի աչքերի առաջ մահացավ Ժան Ժիրոն: Սկսված խուճապի մեջ Լուին կուչ եկած կանգնել և լուռ նայում էր գետնին ընկած ընկերոջը. «Մահը պարզապես սխալվել է, նա ինձ էր փնտրում...»,- շշնջաց նա:
Կատարվածից հետո դը Ֆյունեսը կորցրեց կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Դադարեց ստուգել հաշիվները և դեղ խմել: Թաքնվեց հին ամրոցում և այլևս երբեք դուրս չեկավ այնտեղից: Ոչ ոքի չէր ընդունում, հեռախոսազանգերին չէր պատասխանում: Անտարբեր լսում էր որդիների հաջողությունների մասին կնոջ պատմածները և չէր ճանաչում թոռնուհուն: Նա աշխուժանում էր միայն իր սիրելի վարդերին նայելով և մեկ էլ պարտիզպանի հետ ձկնորսության գնալիս: Լուին հրճվում էր բռնած ամեն ձկան համար. կամ նա ձկնագողին էր հիշում «Բռնված չէ՝ գող չէ» ֆիլմից, կամ էլ մանկությունը, երբ դասերից փախչում և ձկնորսության էր գնում, իսկ ճանապարհին էլ ճարպկորեն հարևանուհուց շագանակներ էր գողանում...
Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջն ասաց. «Ես գիտեմ, թե որն է լինելու իմ ամենահաջող կատակը` թաղումս: Ես պետք է այնպես խաղամ, որ բոլորը ծիծաղից թուլանան»:
1983 թ. հունվարին Լուին երկար նստեց պարտեզի իր նստարանին` վարդերի մեջ, իսկ հետո ասաց այգեպանին. «Չգիտեմ ինչու՝ ոտքերս ծանրացել են: Որքան շատ եմ մոտենում տանը՝ այնքան տունն ինձնից հեռանում է...»: Այդ երեկո Լուիի սիրտը շատ էր ցավում, բայց նա չէր բողոքում, միայն ասաց, որ հավանաբար ինչ-որ տեղ հարբուխով է ընկել: Առավոտյան նա եկավ կնոջ մոտ ու ասաց. «Ես իմ սենյակում մենակ ձանձրանում եմ...»:
Դրանք նրա վերջին բառերն էին: 1983 թ. հունվարի 27-ին մեծ կատակերգուն մահացավ:
Փարիզի Արվեստի պալատում տեղի ուենցավ նրա քաղաքացիական հոգեհանգիստը, որտեղ ելույթ ունեցավ նախագահ Միտերանը: Հետո հազարավոր երկրպագուներ, այդ թվում՝ բազմաթիվ հանրահայտ մարդիկ եկան սիրելի դերասանին հրաժեշտ տալու: Դագաղից ոչ հեռու դրված էին կատակերգուի մոմե երեք քանդակները` Սեն Տրոպեզի ժանդարմի, «Ֆանտոմասի» կոմիսար Ժյուվի և «Մարդ-նվագախմբի» մաեստրոյի բաճկոններով: Դրանց նայելիս ներկաների լուրջ ու տխուր դեմքերին ակամայից ժպիտ էր հայտնվում:
Այո, Լուի դը ֆյունեսը կարողանում էր ծիծաղեցնել մարդկանց: Եվ դա միշտ անում էր հանճարեղորեն:














