Ահաև ամեն ինչ ավարտվեց: Ոչ միայն ընտրությունները: Պատրանքները ևս վերջ ունեցան: Գուցե լավն էլ հենց դա է: Ժամանակն է, որպեսզի դաժան դասերը վերլուծենք:
Իշխանություններն այնքան են կատարելագործել ընտրակեղծիքների մեխանիզմը, որ տեղի ունեցածն արդեն ոչ թե սովորական կեղծիք է, այլ լայնածավալ բեմադրություն` պետական ամբողջ ճնշապարատի, հեռուստատեսության, թերթերի, տեղական և արտասահմանյան սոցիոլոգիական (և ոչ միայն) ծառայությունների, միջազգային կազմակերպությունների կույր և խուլուհամր դիտորդների և զանգվածային տեսարանների համար վճարված առնվազն մեկ միլիոն կամակատար ստատիստների ներգրավմամբ:
Բուն իշխանության անատոմիան նույնպես լուրջ փոփոխություններ է կրել, որոնք անհրաժեշտ են սեփական դիրքերն ամրապնդելու փառահեղ խնդիրն իրականացնելու համար: Նախորդ ընտրություններից մեզ ծանոթ բոլոր մեքենայությունները ոչ միայն նոր ծավալներ են ստացել, այլև ոսկերչական կատարելագործման հասցվել: Չէ՞ որ նախընտրական կաշառքներ առաջ էլ էին բաժանվում, բայց դրանք ոչ միշտ ու ոչ ամբողջությամբ էին հասնում հասցեատիրոջը` ընտրողներին կաշառելու համար նախատեսված` վերևից հատկացված գումարների զգալի մասը մնում էր ագահ և անհեռատես թաղային «հեղինակությունների» գրպաններում, որոնց հանձնարարվում էր բնակչության հետ աշխատանքներ տանել: Բնակչությունը դժգոհում էր, ահաև ստիպված էին վայրի մեթոդներ գործածել` քվեաթերթիկների լցոնում, քվեատուփերի գողություն, արձանագրությունների կոպիտ կեղծում, ծեծուջարդ և այլն: Իսկ հիմա կառավարման սխեմայի կատարելագործման և կաշառքի համար ծախսված աննախադեպ մեծ գումարների շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել հասցեական վճարը` յուրաքանչյուր ընտրողի: Այդպիսով ստացվեց պահանջված արդյունքը` իշխող կոալիցիայի կուսակցությունները, որոնք իրենց վստահված երկիրը հասցրել են տնտեսական գրեթե լիակատար քայքայման, սոցիալական աղետի, քաղաքական փակուղու և բարոյական հետընթացի, կարողացան վերարտադրել իրենց իշխանությունը` վախեցնելով, շանտաժով, ուռճացված ընտրացուցակներով, կրկնակի կամ բազմակի քվեարկությամբ, փողեր բաժանելով, էժանագին բջջային հեռախոսներով, ակնոցներով, ջեմով, կրակայրիչներով և զանազան նմանօրինակ հիմարություններով` ձեռք բերեցին հարյուրհազարավոր մարդկանց քվեները:
Որ սա պարզապես ազգային խայտառակություն է` նույնիսկ ասել չեմ ուզում: Գուցե մի օր հիշողությունը բարեգութ գտնվի և թույլ տա ջնջել ամոթի զգացումը: Բայց անհնար է անտեսել այն փաստը, որի ականատեսը եղանք բոլորս` Հայաստանի գործադիր իշխանությունն ապացուցեց, որ ինքը հասարակությունն ու պետությունը կառավարելու լծակները միշտ օգտագործելու է իր իսկ վերարտադրման համար, որ ամբողջությամբ ու լիովին վերահսկում է ցանկացած ընտրական գործընթաց` այն վերածելով կեղծիքի և իմիտացիայի, և որ ինքը քաղաքական մրցակցող ուժերի կամ ծրագրերի միջև անկողմնակալ մրցավարի դերում չէ, այլ խաղում է հանուն իր շահերի և երբեք ու ոչ ոքի չի զիջի իր դիրքերը:
Իշխանությունը հասել է կոսմետիկ բարեփոխումների այն սահմանին, որը հատելը համընդգրկուն հսկողության լծակները կորցնելու վտանգ է պարունակում: Այլևս ոչ մի բարեփոխում նա չի անի և ի վիճակի էլ չէ, քանի որ դա կնշանակեր հասարակությանը իշխանափոխության իրական լծակներ տալ: Տարբեր անձնագրերից տարբեր արագությամբ անհետացող կնիքների այդ բոլոր թանաքները, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները, տեղամասերում տեղադրված տեսախցիկները, թափանցիկ քվեատուփերը, տարատեսակ դիտորդները, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները` յուրաքանչյուրն առանձին-առանձին և բոլորը միասին, կներեք արտահայտությանս համար, կատարյալ տխմարություն է: Ընտրական գործընթացի, ուրեմնև իշխանության ձևավորման վրա հասարակական իրական հսկողությունը վերականգնելու միակ միջոցն իրավացիորեն ախտորոշել էին դաշնակցականները` Հայաստանի դեպքում դա մեծամասնական ընտրությունների ինստիտուտի վերացումն է և քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հասանելիությունը: Սակայն հենց այդ հարցում է, որ իշխանությունները համառորեն ոչ մի զիջում չարեցին: Ճիշտ է` իշխանավորների անսկզբունքային կամակատարները դա պատճառաբանում էին ինչ-որ «ժողովրդավարական սկզբունքներով», միջազգային փորձագետների ինչ-որ եզրակացություններով, բայց միանգամայն հասկանալի էր` իշխանությունը հասել է իր համար անվտանգ զիջումների առավելագույն սահմանագծին և այլևս ոչ մի քայլ չի անի:
Ամենավատն այն է, որ հասարակությունը վեր է ածվել իշխանության հանցակցի: Այդ հանցագործությունը կոչվում է «իշխանության բռնատիրում», որի համար համապատասխան պատիժ է սահմանված: Բայց երբ այդ հանցագործության մեջ խորամանկորեն ներգրավված են բնակչության ամբողջական շերտեր, այն այլևս այնքան չարագույժ չի թվում, որպիսին Քրեական օրենսգիրքն է նկարագրում: Մեր հասարակությանը երկար ու նպատակամետ ուղղորդել են դեպի պետական իրավագիտակցությունից իսպառ հրաժարում, օրենքի, ազգային և քաղաքացիական միասնության զգացման փոխարինում գողական հասկացություններով, հովանավորչությամբ և քրեական կապերով: Հիմա արդեն իրենց նպատակին հասել են: Հիմա, թանկագին հայրենակիցներ, բոլորն ասես ավազակախմբում լինեն` առաջնորդի խոսքն օրենք է, և ձեր իրավունքների մասին ծպտուն հանելու համար ուշ է` ինքներդ եք կեղտոտված, իսկ Սահմանադրությամբ կարող եք վառարանները տաքացնել, երբ կկտրեք վերջին անտառները:
Ուզում էի արդեն անցնել հաջորդ կետին, բայց հանկարծ մտածեցի, որ այս ամենը կկարդա իրավաբանական կրթությամբ ինչ-որ կեղծ մտավորական (հիմա այդպիսիք շատ են ռեժիմին ծառայողների շարքերում) և կառարկի` ահա, տեսնո՞ւմ եք` մեր հետամնաց ժողովուրդն է մեղավոր, իրենք էին, չէ՞, կաշառքների համար կամավոր հերթ կանգնում: Դե ուրեմն` քվեարկել են կամավոր: Դե թող կաշառք չվերցնեին, թող քվեարկեին ըստ խղճի, գիտակցաբար, ազնվորեն: Մի խոսքով` մեր ժողովրդական մտածողությունն է վատը: Մենք դեռ չենք հասունացել ժողովրդավարության համար: Ու դեռ կսկսեն ընդդիմության ոսկորներն աղալ` իբր մեր ընդդիմությունն է վատը, ո՞ւր էր թե Ֆրանսիայի կամ Դանիայի նման ընդդիմություն ունենայինք: Հետաքրքիր է ստացվում` Ֆրանսիայի նման ընդդիմություն են պահանջում, ճապոնացիների նման ժողովուրդ, իսկ իշխանությունները թող մնան այնպիսին, ինչպիսին կան` անգրագետ, ագահ, գավառային և ավազակային սովորություններով: Այդպե՞ս է: Ոչ, բարեկամներ, այդպես չի լինում: Ոչ մի դարավոր, ձևավորված ազգային մտածողություն էլ չկա, ազգերն ի սկզբանե ծույլ կամ աշխատասեր, վախկոտ կամ քաջ, ազնիվ կամ գող չեն լինում: Նրանք պատմական տարբեր պահերի տարբեր են լինում: Ինչո՞վ է դա պայմանավորված: Միայն և միայն կառավարողներով: Նրանք են լինում իմաստուն կամ անհեռատես, անկաշառ կամ ագահ, անտարբեր պաշտոնամոլներ կամ անձնվեր հայրենասերներ: Իշխանության ազդեցությամբ ազգային վերափոխումների օրինակները պատմության մեջ շատ են` Նապոլեոն Բոնապարտի օրոք ֆրանսիացիները հպարտորեն քայլում էին Եվրոպայով, հեշտությամբ հաղթելով պրուսացիների, ավստրիացիների, ռուսների բանակներին, իսկ երկու սերունդ անց անտաղանդ կառավարիչների պատճառով Ֆրանսիան հայտնվում է կործանման եզրին: Ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում հրեաները մեկ հլուհնազանդ դեղին աստղեր էին ասեղնագործում իրենց հագուստի վրա և գլխիկոր գնում դեպի գազախցեր, մեկ էլ հանկարծ կենսունակ ամուր պետություն են ստեղծում, անվախ պայքարում հանուն նրա և իրենց կամքը թելադրում ոչ միայն հարևաններին, այլև ամբողջ աշխարհին: Ի՞նչ է` նրանց մտածողությո՞ւնն է փոխվել: Այո, իսկ ո՞վ է փոխել: Բեն Գուրիոնը, Գոլդա Մեիրը և Մոշե Դայանը: Թուրքական յաթաղանին հնազանդ և ռուս պաշտոնյաներին շողոքորթող հայերը, ստանալով արժանի ղեկավարություն, կյանքի ու մահու կռիվ տվեցին Սարդարապատում ու վերականգնեցին իրենց պետականությունը: Ո՞վ ոտքի կանգնեցրեց նրանց, արթնացրեց նրանց քաջությունը և սեփական արժանապատվության զգացումը: Արամ Մանուկյանը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և ուրիշներ: Թայվանում չինացիները Գոմինդանի իշխանության ներքո կառուցեցին ազատ և ծաղկուն հասարակություն, իսկ մայրցամաքային Չինաստանում կոմունիստների իշխանության ներքո դիմացան մշակութային հեղափոխության սարսափներին ու միլիոններով մահացան սովից: Մի՞թե Ֆրանսիայում, Արգենտինայում կամ ԱՄՆ-ում ընտրություններին մասնակցող հայերը վաճառում են իրենց ձայները, խրձով քվեաթերթիկներ լցոնում, գողանում արձանագրությունները կամ ուրիշի փաստաթղթերով քվեարկում: Ոչ, նրանք նման բաներ չեն անում, քանի որ իշխանությունը դա չի ստիպում: Ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին նրան դարձնում է իշխանությունը` իր նմանությամբ ու կերպարով: Եվ ոտնահարված հոգով այդ ժողովուրդն իր մասնակցությամբ փուլ առ փուլ նպաստում է իշխանության վերարտադրմանը: Մեր հասարակության հիմնական անելիքն այդ արատավոր շղթան կտրելն է` երկիրը չհասցնելով այնպիսի ցնցումների, որոնք կարող են որոշ հարևանների համար գայթակղությունների և երազանքների հիմք դառնալ: Ինչպե՞ս հասնել դրան և արդյո՞ք դա հնարավոր է. մենք այս խոսակցությունը դեռ կշարունակենք:














