Մայիսի 1-ին նախագահի նստավայրից տարածված մի փոքրիկ հաղորդագրություն թե ուրախ, թե տխուր մտքերի առիթ տվեց: Սերժ Սարգսյանը հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում, զբոսնել, դիտել նոր տեղադրված տաղավարները, ապա քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասել. «Փաստորեն 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո°ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այնքան էլ գեղեցիկ չէ... Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ` օրինական ճանապարհով»: Եվ ի՞նչ է պատասխանում քաղաքապետը, ասում է` «եղավ» ու հետո հայտարարում.
«Հանրապետության ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին` այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները»: Ստացվում է` նույն այգու բարեկարգման նպատակով քաղաքապետարանը կառուցում է, նախագահը` առաջարկում քանդել: «Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»,— ժամեր անց տարածած հաղորդագրությամբ վստահեցնում է քաղաքապետը:
Փաստորեն քաղաքացիների բողոքն արդյունք ունեցավ, ինչը միանգամայն ուրախալի է: Երեք ամիս շարունակ նրանք անզիջում պայքարեցին, քնեցին-զարթնեցին այգում, ոստիկաններից ծեծ կերան, զանազան այլ բռնությունների ու մեղադրանքների ենթարկվեցին: Եվ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ պայքարն արդյունք ունեցավ` ընդդեմ ամեն ինչ բռնագրավել ցանկացող օլիգարխիայի: Բնապահպանական բողոքին էին միացել բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք ևս դեմ էին այգում «բուտիկներ» տեղադրելուն: Մասնակցում էին նաև հարակից շենքերի բնակիչները, անգամ` Մոր և մանկան առողջության կենտրոնի Մարգարյան հիվանդանոց հիվանդները: Բայց քաղաքապետարանն անդրդվելի էր` մարդկանց դեմ էր հանել ոստիկաններին, որոնք բարեբախտաբար հիմնականում կիրթ էին:
Նախագահի այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երկրում գրեթե ամեն ինչ կատարվում է մեկ մարդու ցուցումով, ոչ թե օրենքով: 80 օր շարունակ մարդիկ կռիվ են տալիս ոստիկանների ու քաղաքապետարանի դեմ, իսկ նախագահականից ոչ մի արձագանq չկար` քար լռություն էր, թվում էր, թե նախագահը տեղյակ չէ:
Ու հանկարծ հայտնվում է պետության առաջին դեմքն ու ասում` «Տարո°ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ...»:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բազմիցս հայտարարել էր. «Խնդրո առարկա կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը չի համապատասխանում «սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին», խախտում է ՀՀ հողային, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված նորմերը և հասարակության կենսագործունեության միջավայրի փոփոխության վերաբերյալ իրազեկվելու և որոշումների մասնակցելու իրավունքը` արդյունքում ոտնահարելով Երևանի քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը»:
Փետրվարի 20-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քաղաքապետին նամակ էր ուղարկել` առաջարկելով կազմակերպել հանրային քննարկում` հաշվի առնելով, որ հասարակական մի մեծ շերտ դեմ է կատարվող աշխատանքներին: Փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով. «Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան` ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ` Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում դրանք տրամադրվելու են
ժամանակավոր` մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտը... Այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված»:
Եթե օրինական է` ինչո՞ւ եք հիմա էլ քանդում. նախագահի խոսքը վե՞ր է օրենքից:
Փետրվար 28-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ճարտարապետների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնել: «Ես մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր, և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն»,— ասել էր վարչապետը: Այսինքն` նախագահը տեղյակ էր, վարչապետը` դեմ, բայց կառուցում էին` առանց հաշվի առնելու նաև քաղաքապետի իսկ որոշումը` յուրաքանչյուր նման նախագծի իրականացումից առաջ հանրային քննարկում իրականացնելու վերաբերյալ:
Կառավարությունը քննարկեց և մարտի 15-ի նիստում հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ կսկսվի «Հին Երևան» նախագծի իրականացումը: Իսկ մարտի 13-ից Մաշտոցի այգում բնապահպան ակտիվիստները նստացույց էին սկսել` պահանջելով ապամոնտաժել կառուցված կրպակները:
Շինարարները ցերեկն աշխատանքները դադարեցնում էին, գիշերը` շարունակում:
Ու հանկարծ նախագահի մեկ «Տարոն ջանը» հողին է հավասարեցնում ամեն ինչ: Ո՞ւր մնացին հավաստիացումները, թե դրանք օրինական են, ո՞ւր մնացին կառավարության որոշումը, քաղաքապետի հրամանները, ոստիկանության հայտարարությունները, թե ապամոնտաժողների գործողությունները հակաօրինական են: Ո՞վ է պատասխանատու այդ խախտումների համար, ո՞վ է պատասխան տալու այդքան գումար փոշիացնելու համար, այն ակտիվիստների ու ոստիկանների առողջության համար, ովքեր զանազան քաշքշուկների հետևանքով հայտնվեցին հիվանդանոցում:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ երկրում օրենքները չեն գործում, ցանկացած օրենք ստորադասվում է սկզբում տեղական չինովնիկի, վերջում` նախագահի կամքին: Եթե այդպես չէ, ասացեք, պարոն քաղաքապետ, ինչո՞ւ նախագահին էլ չեք ասում, որ այդ տաղավարների տեղադրումը օրինական է, և չեք կարող խախտել օրենքը: Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը խոստանում է կրպակների ապամոնտաժումից անմիջապես հետո «մեծ սեղան» գցել: Ուրեմն իրենք էլ էին վստահ, որ պայքարող բնապահպանները ճիշտ են: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ այգում հերթական ապամոնտաժման ակցիայի ժամանակ ոստիկանների ու բնապահպանների միջև տեղի ունեցավ բախում, 7 ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժին: Ինչո՞ւ, որովհետև, ըստ ոստիկանության` ապօրինի պայքարում էին օրինական շինարարության դեմ:
Կարծում ենք` նախագահի նշյալ հայտարարության մեջ ամենակարևորը դա հնչեցնելու ժամանակն է: Հեռու ենք այն մտքից, թե Սերժ Սարգսյանին սխալ էին զեկուցել կամ նա տեղյակ չէր, թե այգում ինչ է կատարվում: Պարզապես նա սպասում էր հարմար պահի: Նախագահն օգտագործեց իր` նախընտրական ընտրակաշառքի վերջին հնարավորությունը: Սա իսկական քարոզարշավ էր, բայց ըստ արժանավույն չգնահատվեց, որովհետև բոլորն ամեն ինչ հասկացան: Սա ձայն բերող քայլ չէր:














