Որքան մոտենում են ընտրությունները` այնքան ընտրակեղծիքների տեխնոլոգիաների շուրջ խոսակցությունները լրջանում են: Դրանցից ամենաառաջնայինն ընտրակաշառքն է:
Ի՞նչ դեր ունի ընտրակաշառքը և ի՞նչ սկզբունքով են ընտրության գնալու մեր համաքաղաքացիները:
Գեդեոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, շինարար
Գումարը մարդիկ վերցնում են նեղ օրից: Ինձ հիմա ինչքան էլ տան` չեմ վերցնի, կարիքը չունեմ, բայց ինչքան մարդ գիտեմ, ում համար 10 հազար դրամը մեծ փող է: Նրանց մի մեղադրեք: Ինչո՞ւ 90 թվին փողով չէին ընտրում, որովհետև ժողովրդի վիճակը լավ էր, ու ոչ մեկը չէր մտածում, թե կարելի է այդ տարբերակով ընտրել:
Մարգարիտա ՍԵՅՐԱՆՅԱՆ, տնային տնտեսուհի
Ինչքան էլ տան` ես կվերցնեմ, շնից մազ պոկելն էլ է օգուտ: Մեկ է` նրանցից ուրիշ օգուտ չկա: Իմ ձայնից էլ քիչ բան է կախված, եթե չընտրեմ, մեկ է` ընտրվելու են: Ուրեմն կվերցնեմ, կքվեարկեմ: Ով էլ կառավարի` իմ վիճակը չի թեթևանալու: Լույսը բացվում է` մինչև քնելը խնդիրների մեջ ենք: Ամբողջ 5 տարվա մեջ էդ մի օրն են մեզ հիշում, ի՞նչ անենք:
Արմենակ ՀԱՄԻԿՅԱՆ, ապագա քաղաքագետ
Մենք այնպիսի առաջնորդներ չունենք, որոնց լսենք, հավատանք, հավանենք ու համախմբվենք նրա շուրջ: Դրա համար մանր ժուլիկներ են մեջտեղ գալիս, ձայները հավաքում ու փախչում: Այո, ընտրողները ձայնը վաճառում են, բայց դա ի՞նչ կարևոր է: Եթե հաշվի առնենք ժողովրդի տրամադրությունը` իշխանության ձայները պետք է 5 տոկոսից ցածր լինեին, բայց նրանք միշտ հաղթում են: Եթե կաշառք էլ չտան` կհաղթեն, մեր ժողովուրդը միշտ «կայունության» կողմնակից է, վախենում է հեղափոխությունից ու նման բաներից: Փող վերցնողը տվողից լավը չէ, բայց դրանք մեր փողերն են` ինչ-որ պահի մեզնից գողացված:
Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ, սպա
Գաղափարի շուրջ մրցակցություն չկա, չի էլ լինի, եթե լինի էլ, մեկ է` բոլորի ծրագրերն էլ էս պահին լավ են, ընտրություն կատարելը դժվար է: Եթե մեկն ասում է` ժողովուրդ ջան, ինձ ընտրեք, ու վաղը լավ կլինի, ես չեմ հավատում, որովհետև այսօր առաջադրված գրեթե բոլոր կուսակցություններն էլ, բացի Դեմոկրատականից, «Միավորված հայերից» և «Ժառանգությունից»` հնարավորություն ունեցել են լինել իշխանության մեջ. ասեք տեսնեմ` ի՞նչ է փոխվել: Ոչ մի բան: Քանի որ մարդիկ գաղափարների շուրջ չեն պայքարում, պիտի փողի շուրջ պայքարեն:
Նունուֆար ԱՊՐԵՍՅԱՆ, թոշակառու
Ինձ մարդատեղ դնողն ո՞վ է: Թող մի ամսվա կոմունալները վճարեն` իրենց հաստատ կընտրեմ: Ով ուզում է` լինի: Նրանցից ես ուրիշ օգուտ չեմ ունենա:
Արտակ ՀԱԿՈԲՅԱՆ, տնտեսագետ
Ամեն իշխանավոր կուզենա, որ ժողովուրդը 5 000 դրամի կախվածություն ունենա, որ իրեն ձայն տա: Դա հեշտ է, էլ չեն չարչարվում, որպեսզի պաշտոնի եղած ժամանակ աշխատեն. վերարտադրվելու մեխանիզմը կա: Երբ մարդ փողոցում աղբամանն է քրքրում` ո՞նց կարող ես նրան ասել` փող մի վերցրու: Անհնար է: Ծրագրային մրցակցություն չի եղել ու չի լինելու: Որովհետև այդ ծրագրերը սովորաբար մնում են թղթի վրա, ու ժողովուրդն արդեն նայում է ոչ թե գրվածներին, այլ` թե կոնկրետ այդ պահին իրեն ինչ կառաջարկեն: Մենք միշտ ստիպված ենք եղել ընտրություն կատարել չարյաց փոքրագույնի միջև ու այդպես էլ շարունակվելու է: Որովհետև ամեն իշխանություն և ժողովուրդ իրար արժանի են: Ինչո՞ւ կաշառք տվող կա, որովհետև վերցնողները ևս շատ են:
Ալբերտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, թոշակառու
Հանրապետականի ծրագրերն էլ եմ կարդացել, ՀՅԴ-ինն էլ, «Բարգավաճինն» էլ... Մի կուսակցություն չկա, որ վատ բաներ ասի, սաղ գովում են իրենց, լավ բաներ են խոստանում: Ու չես հասկանում, թե ուր էին մինչև էսօր, ինչու չկային: Ո՞վ է պատասխան տալու չարած բաների համար: Ես ձայն չեմ տալու, միլիոն էլ տան` էսօրվա որևէ կուսակցության ձայնս չեմ տալու: Նրանք արժանի չեն:
Գարեգին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ուսանող
Գիտե՞ք ինչ, եթե «Օրինաց երկիրը» կամ ասենք Հանրապետականն ինձ բնակարան էլ նվիրեն, իրենց ձայն տվողը չեմ, ես իրենց եմ համարում էս երկրի չարիքների արմատը:
Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ, ուսանող
Ասում են, թե անգամ Ամերիկայում են մեկ շիշ օղիով Բուշին ընտրել: Կաշառքն այնպիսի բան է, որ բոլոր երկրներում էլ կա: Չպետք է վերցնեն, պետք է առաջարկողին դուրս շպրտեն: Ես ծրագրերը կկարդամ, կծանոթանամ, նոր կընտրեմ:
Նարեկ ՀԱԿՈԲՅԱՆ, նկարիչ
Եթե թեկնածուն փող է տալիս ու ձայն գնում` նշանակում է` նա այդ մարդկանց հաճախորդներ է համարում, որոնք կարող են փողով ամեն ինչի գնալ: Ուրեմն նա այդպես է վերաբերվում նաև իր հայրենիքին. նրա համար ամեն բան դառնում է գնելու առարկա: Մարդիկ էլ, երբ շատ են վերցնում` կամաց-կամաց ուզվորի հոգեբանություն են ձեռք բերում, սկսում են ուզել, հա° ուզել: Փողով ընտրելուց վատ բան չկա, վստահեցնում եմ, դա խայտառակություն է: Ինքս իմ աչքում կընկնեմ, եթե ինչ-որ պահի ընտրություն կատարեմ փողի ու մարդու միջև:
Մարիամ ԲԱՂՈՅԱՆ, անցորդ
Այս օրերին այնքան են խոսում` չես հասկանում, թե որն է ճիշտը, որը` սխալը, լավն ու վատը. արած-չարածն իրար են խառնվում: Ամբողջ տարին մի ելույթ չեն ունենում, այս երկու օրերին այնքան են քարոզում, սրբի շորերով հանդես գալիս` չես կարողանում կողմնորոշվել: Փողն է մի քիչ կողմնորոշում: Դժվարանում եմ ասել` կվերցնեի՞, թե չէ, ամեն դեպքում դեռ չեն առաջարկել:
Սերժիկ ՄԱԿԱՐՅԱՆ, գործազուրկ մանկավարժ
Ընդդիմության ձեռքին բան չկա, որ կաշառք տա: Տալիս է իշխանությունը: Եթե մի իշխանություն ոչ թե ժողովրդի վրա է հույս դնում, այլ փողի, ես այդ իշխանության հետ հույսեր չեմ կապում: Ուրեմն դու այնքան արժանիք չունես, որ ընտրեն, ուրեմն արժանի չես ժողովրդիդ: Ես նման իշխանությանը ձայն չէի տա, թեկուզ` միլիոն բաժաներ:
Սաշիկ ԱՀԱՐՈՆՅԱՆ, ապագա տնտեսագետ
Մի տեղ անտենա են նվիրում, մի տեղ` գիշերային հաշվիչ, մի տեղ ասֆալտ են անում, այլ տեղ` առու են փորում: Մալադեց, լավ էլ ընտրություն է, էլ ինչի՞ց ենք բողոքում: Լավ օրից չէ, որ գործարարները փող են բաժանում, որ մեծամասնականով ընտրվեն: Այ եթե մեր երկիրն էլ երկիր լիներ, եթե գործարարների շահերն օրենքով պաշտպանվեին, հարկ-տուրքը էսքան բարձր չլինեին, եթե բոլորն օրենքի առջև հավասար լինեին` մարդ փող չէր ծախսի հանուն էդ 250 հազար դրամ աշխատավարձի խորհրդարան մտնելու համար: Դրա համար էլ ով քնից զարթնում է` իրեն տեսնում է պատգամավոր, որ գնա ու իր բիզնեսը փրկի:
Կարինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, մենեջեր
Մարդը գնում է խորհրդարան ու ոչինչ չի անում: Բա կարելի՞ է նրան ձայն տալ: Իմ ձայնը չի վաճառվում: Արժանի մարդ էլ չեմ տեսնում, որ գնամ` ընտրեմ: Քարոզարշավը վերջանում է, բայց ես բանավեճ չտեսա: Ծրագրերի մրցակցություն չկար: Ո՞ւմ ձայն տամ:
Արտավազդ ԲԱՐՍԵՂՅԱՆ, լրագրող
Կարելի է մտածել, թե մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքն ինչ է անում: Բոլորը բողոքում են կաշառքից ու կաշառք բաժանում, բոլորը բողոքում են կաշառքից ու կաշառք վերցնում: 5 հազար դրամով երեխայի ապագան վաճառած մարդը ինչպե՞ս կարող է տուն մտնել ու նայել այդ երեխայի աչքերին: Ու էնպես չէ, թե միայն աղքատներն են կաշառք վերցնում: Ճանաչում եմ մի մարդու, որ ամեն ինչ ունի, բայց ասում է, որ իրենց տանից 4 հոգու անձնագիր տվել է, որպեսզի մարդ ա` 7 հազար դրամ տան: Ինչքան էլ մարդու վիճակը վատ լինի, չպետք է փող վերցնի:
Ծաղիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, տնային տնտեսուհի
Էդքան ասում են` փող են տալիս, էս են անում, էն են անում, բայց կյանքումս դեռ մեկն իմ դուռը չի բացել, որ ասի` էս երկու կոպեկը վերցրու: Չեմ հավատում, թե կաշառք են տալիս:
Այծեմնիկ ՂՈՒԿԱՍՅԱՆ, գանձապահ
Պետք է հասկանանք, որ մեր պատգամավորը ասֆալտապատելու կամ բարեգործություն անելու համար չէ: Նա պետք է լավ օրենքներ ընդունի, պայքարի վատ օրենքների դեմ, որպեսզի բոլորիս խնդիրներն էլ լուծվեն, բոլորս մեզ նորմալ մարդ զգանք: Դա է իսկական բարեգործությունը:
Գալուստ ԳՐԻԳՈՐՅԱՆ, իրավաբան
Երբ երկիրը թաղված է կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, այդ ընտրակաշառքը, հավատացեք, ամենաչնչին մեղքն է: Ճիշտ է` կոռուպցիայի պատճառը կաշառքով ընտրված ղեկավարությունն է: Մարդիկ դա պետք է գիտակցեն ու կաշառք չվերցնեն: Մեզանում ամեն իշխանություն այնքան է թալանում, որ վախենում է պաշտոնը կորցնելուց ու ձգտում է կառավարել` ինչքան կարող է: Ցավալի է, բայց մեր պետությունը դեռ չի բուժվում:














