Նախընտրական այս շրջանում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն այցելում են մարզեր, հանդիպում ժողովրդի հետ, իրականացնում իրենց պատկերացումներին ու հնարավորություններին համապատասխանող քարոզչություն: Ինչպեսև սպասվում էր՝ 5 տոկոսի շեմը հաղթելու փոքր հավանականություն ունեցող Կոմկուսը, «Միավորված հայերն» ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մարզային այցելությունների հարցում կրավորական են:
Լրատվամիջոցներում և հասարակական շրջանակներում այժմ քննարկվում է մի հետաքրքիր երևույթ. ՀՀ նախագահը ՀՀԿ-ի քարոզարշավում հանդես է գալիս միայնակ՝ հանրապետական վարչապետը, նախարարները, պատգամավորները, ովքեր մեծ դերակատարություն և պատասխանատվություն ունեն երկրի լավ կամ վատ վիճակի համար, նրա կողքին չեն երևում, փաստորեն նախընտրական քարոզչությամբ չեն զբաղվում: Նախագահն է իր գլխավորած կուսակցության միակ քարոզիչ-ներկայացուցիչը, խոստում տվողն ու դրանց իրականացման պատասխանատուն: Ի դեպ անձ-կուսակցություն ներկա համակարգում գրեթե բոլոր ուժերն են քարոզարշավին մասնակցում ղեկավար անձանցով, և հիմնական շեշտը դրվում է հենց նրանց խոսքի վրա, ղեկավարի կշիռն է դառնում հաղթանակի հույսը: Խոսքը վերաբերում է ընտրություններին մասնակցող 9 ուժերից առնվազն 7-ին: Բայց ՀՀԿ-ի պարագայում դա տարօրինակ է. այն անձինք, ովքեր հետևողականորեն պաշտպանում էին իշխանության քայլերը, այսօր ասպարեզում ներկա չեն: Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե այժմ երկրում նախագահական ընտրություների քարոզարշավ է ծավալվում: Նախագահն ինքն է երկխոսում ժողովրդի հետ, հայտարարում, որ իրեն է պատասխանատու համարում ամեն ինչի համար:
Նախընտրական այս եռուզեռին ուշադիր հետևողը կարող է վստահորեն ասել, թե որ ուժն ինչ հնարավորություններ ունի: Օրինակ հանրահավաքներում երևում է ՀՀԿ-ի՝ վարչական բոլոր լծակների օտագործումը. նախագահը որ քաղաք գնում է քարոզարշավ իրականացնելու՝ այդ օրը դպրոցներում դասերը դադարեցվում են: ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հանրահավաքներին կանանց թիվը շատ է: ՕԵԿ-ի պարագայում դա բացատրություն ունի՝ նրա 165 հազար անդամից 120 հազարը, ըստ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի, կին է, իսկ ՀՀԿ-ի պարագայում կանանց շատ լինելը բացատրվում է դպրոցներում ու մանկապարտեզներում աշխատող կանանց մեծ քանակով:
Բարեկամիս երեխան հաճախում է Երևանի Էրեբունի համայնքի մանկապարտեզ: Օրեր առաջ երեխաներին հրավիրել էին Սասունցի Դավթի արձանի մոտ` համերգի, միաժամանակ պատվիրել էին անպայման գալ ծնողների հետ: Ինքս էլ գնացի` վստահ լինելով, որ քարոզարշավի եմ մասնակցելու: Այդպես էլ եղավ՝ կանայք էին, երեխաները, իսկ համերգի գլխավոր ելույթ ունեցողը... նախագահն էր:
Փաստ է, որ ՀՀԿ-ի հանրահավաքին մեծ թվով մարդկանց մասնակցություն է գրանցվում, եթե քարոզարշավը կազմակերպվում է Երևանում: Այդուհանդերձ ամենաբազմամարդ հանրահավաքներն անցկացնում է ԲՀԿ-ն: Սրա պատճառն էլ ոչ թե վարչական լծակներն են կամ նախընտրական հրաշագործ ծրագիրը, այլ... դրամական միջոցները: Բանն այն է, որ ժողովուրդը Գագիկ Ծառուկյանի մեծահոգությանն ու ֆինանսական հնարավորություններին ապավինելով` եռանդով մասնակցում է նրա հետ հանդիպումներին: Այդ մարդիկ դժգոհ են իշխանություններից, ԲՀԿ-ն իշխանության մաս է, այսինքն դժգոհ են նաև ԲՀԿ-ից, բայց նրա կանչով գալիս են, որովհետև այս իշխանությունների իրականացրած քաղաքականության հետևանքով այսօր անգամ 5 հազար դրամի կարիք ունեն:
ԲՀԿ-ում ևս գիտեն, որ մարդիկ իրենց հանրահավաքներին մասնակցում են հենց նյութական ակնկալիքներով: Ավելին, նրանք կարծում են, թե բոլորն են այդպիսին: Օրերս մտա ԲՀԿ գրասենյակ` նախընտրական ծրագիր վերցնելու, ուզում էի համեմատել բոլոր կուսակցությունների ծրագրերը: Հարցրին, թե որ շենքում եմ ապրում ու պատասխանիցս զարմացան. «Ո՞նց, Վանիկը ձեր տուն չի՞ եկել»: Ասում եմ` ինչո՞ւ: Ասում է` «Համ ծրագրի համար, համ էլ` նենց»: Հագնված եմ կոկիկ, ինձ չեն ճանաչում, բայց մտածում են, որ ես էլ կարող եմ իրենց ընտրել, եթե Վանիկը «նենց» այցելի մեր տուն:
ՕԵԿ հանրահավաքներին ևս մասնակցում են ոչ փոքրաթիվ մարդիկ, սակայն ասում են, որ նրանց բերում են ավտոբուսներով, և նույն մարդիկ ստիպված են լինում Արթուր Բաղդասարյանի և մյուսների ելույթները լսել ամբողջ քարոզարշավի ընթացքում: Թեև այս կուսակցությունը ներկայանում է որպես ամենաշատ անդամ ունեցող երկրորդ ուժը` ԲՀԿ-ից հետո, և միայն մարտի 3-17-ի ընթացքում 150 հազարից անդամների թիվը հասել է 165 հազարի, այնուամենայնիվ կուսակցության առաջին` ապրիլի 8-ի հանրահավաքը շատ սակավամարդ է եղել, ինչից հետո Արթուր Բաղդասարյանը զայրացել է ՕԵԿ ներկայացուցիչների վրա... Այդուհետ սկսեց գործել ավտոբուսներով մարդ տեղափոխելու մեխանիզմը:
Ներկա նախընտրական քարոզարշավում ամենաուշագրավը խոստումներն են, որոնք շռայլում են բոլոր ուժերը: Եթե ընդդիմադիր ուժը կարող է ոսկու սարեր խոստանալ ու չհավատացողին էլ ասել` կանեմ` կտեսնեք, ապա իշխանության մաս կազմող ուժերի պարագայում դա մի քիչ անհասկանալի է, քանի որ տարիներ շարունակ նրանց ծրագրերը մնացել են չիրականացված: Երևի դա է պատճառը, որ կոալիցիոն երկու ուժերն սկսել են քննադատել երկրի սոցիալական վիճակը, մինչդեռ ՀՀԿ-ն կոչ է անում, որ դարձյալ իրեն հավատան՝ ձայն տան:
Թեև իշխանությունից դժգոհողների բանակն օրըստօրե մեծանում է, փաստ է, որ ընդդիմության հանրահավաքներին ևս մարդիկ խանդավառությամբ չեն մասնակցում:
«Ժառանգությունը» շարունակում է հին ոճով, որը նրան խորհրդարան էր բերել` ոչ միայն բովանդակալի ծրագիր, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի ջերմ ձեռքսեղմումներ: ՀՅԴ-ի պարագայում, ասում են, նշանակություն չունի, թե ինչքան մարդ է մասնակցում հանրահավաքներին, միևնույն է` այս կուսակցությունն ունի իր հավատավոր ընտրողը, որը ցանկացած պարագայում կապահովի խորհրդարանում կուսակցության ներկայությունը:
ՀԱԿ-ի քարոզարշավը ևս առաջ է տարվում հիմնականում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներով: Սակայն 2008-ից ի վեր ՀԱԿ-ի տված և չիրականացրած խոստումների հատկապես իշխանափոխություն կատարելու պատճառով մեծ հիասթափություն առաջացավ այդ ուժի հանդեպ, և մարդիկ սկսեցին չմասնակցել հանրահավաքներին: Սա ՀԱԿ-ում բացատրում են ճանապարհների փակ լինելով, մարդկանց ահաբեկելով: Առաջին պատճառն անիմաստ արդարացում է, որովհետև ոչ ոք չի կարող ճանապարհն այնպես փակել, որ մարդիկ ասենք Գյումրու մի ծայրից չկարողանան հասնել քաղաքի կենտրոն: Նման բան անհնար է: Ինչ վերաբերում է ահաբեկումներին, այդ թեման նկատելի է ընդդիմության բոլոր թևերի քարոզչության պարագայում:














