Իսկապես ամոթ է, երբ քաղաքական կարևոր իրադարձությունների շեմին երկրում առկա բազմաթիվ խնդիրների փոխարեն այսօր քննարկվում է ուրիշի փոխարեն պատգամվորի քվեարկել-չքվեարկելու հարցը: Սա էլ գուցե մեր խորհրդարանի առանձնահատկությունն է:
Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին դիմել էր հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Քվեարկությունը տեղի էր ունեցել փետրվարի 9-ին: Ուշագրավ է, որ երբ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը դրվեց քվեարկության՝ «Ժառանգության» պատգամավոր
Լարիսա Ալավերդյանի պնդմանը, թե քվորում չկա, ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը պատասխանեց, որ քվորում կա: Հավանաբար նկատի ուներ մարդկանց, ովքեր քվորում են ապահովում հենց կրկնակի քվեարկություններով: Ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մի հաղորդում էլ Ռուբեն Թորոսյանն ուղարկել էր ՀՔԾ՝ փետրվարի 17-ին: Տեսանյութում ԱԺ կանոնակարգը խախտում են պատգամավորներ Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը և Միշա Ստեփանյանը: Ի դեպ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ բջջային հեռախոսով նկարում էր գործընկերների արարքը ֆիքսող լրագրողներին:
ՀՔԾ-ն Ռ. Թորոսյանի հաղորդումն ուղարկեց ԱԺ նախագահին, նա էլ փետրվարի 21-ին ժողով արեց ու որոշեց. «Պատգամավորը կարող է նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա և կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին: Հիշատակված նիստում` քվեարկության ժամանակ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վարման կարգով ելույթ ունենալով, նշել է մեկ պատգամավորի անուն, ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա»: Ստացվում է` ԱԺ ղեկավարությունը տեսել է, որ կա խախտում և ձայն չի հանել, քանի որ չեն պահանջել խախտողին պատժել: Այնինչ թե ԱԺ նախագահը, թե փոխնախագահը, ով մասնակցում էր նիստին, պարտավոր էին գոնե հորդորել այլևս նման բան չանել:
Ուրիշի մոնիտորների վրա դաշնամուր նվագելը մեր խորհրդարանի բաղկացուցիչներից մեկն է, եղել է մշտապես. կան պատգամավորներ, և նրանց թիվը քիչ չէ, որոնք պարզապես պատվերով կոճակ սեղմողներ են: Իրենք օրինագծեր չեն ներկայացնում, չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին և ուրիշի փոխարեն էլ որոշում են, թե որ օրենքն իրավունք ունի ընդունվելու, որը` ոչ: Եվ բացարձակապես կարևոր չէ, որ իրենք այդ օրենքներից գլուխ չեն հանում, որ իրենք մատը մատին չեն խփել: Շարժվում են հետևյալ սկզբունքով՝ միևնույն է` բոլոր օրենքներն էլ շրջանցվում են, ուրեմն ինչ կարևոր է, թե ինչպես է ընդունվել: Սա առաջին հերթին անհարգալի վերաբերմունք է պառլամենտարիզմի ինստիտուտի հանդեպ:
Ուրիշի փոխարեն քվեարկելը քրեորեն հետապնդելի արարք չէ, պարզապես էթիկայի հարց է, մանավանդ որ քվեարկության վերջնական արդյունքների վրա չի ազդում: Ահա ԱԺ պաշտոնական մեկնաբանությունը, սակայն կան դեպքեր, երբ իսկապես ազդում է վերջնական արդյունքի վրա: Օրինակ 2011 թ. դեկտեմբերի 8-ին, երբ քվեարկվում էր 2012-ի պետբյուջեի օրինագիծը, պահանջվող 66 կողմ ձայնից ընդամենը 64-ն էր առկա:
Երկու պատգամավորներ, որոնցից մեկը Արմեն Պուրտոյանն էր, քվեարկեցին ուրիշի փոխարեն և բյուջեն հաստատվեց: Բյուջեին դեմ էին թե ընդդիմությունը, թե կոալիցիոն շատ պատգամավորներ, ինչի ապացույցն էլ չմասնակցելն էր քվեարկությանը: Այդ թերություններով լի փաստաթուղթն ընդունվեց մեծամասնական կարգով ընտրված և ԱԺ-ում կոճակ սեղմելուց բացի այլ գործ չանող պատգամավորի ջանքերով:
Ցավն էլ այն է, որ պատգամավորների կողմից հերքվում է իրենց` ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը:
«Բայց ես այլոց փոխարեն չեմ քվեարկել»,- ուրիշի փոխարեն քվեարկելուց անմիջապես հետո ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Տեսագրության մեջ ուրիշի փոխարեն քվեարկելիս դուք պարզ երևում եք»,- ասում է լրագրողն ու ստանում հետևյալ պատասխանը. «Չկա նման բան»: Գագիկ Մելիքյանն այնքան հիմնավոր էր հերքել, որ մենք մեկ անգամ ևս դիտեցինք տեսանյութը: Պարզվում է` պատգամավորը ստում է:
Երբ գործընկերներս դիմում են երեք հոգու փոխարեն քվեարկած Արա Բաբլոյանին` նա զարմանում է. «Իսկապե՞ս»: Ապա իմանալով, որ նկարահանումը կա, պատասխանում է, որ լինում են դեպքեր, երբ... Բնականաբար` արդարացում:
Հերմինե Նաղդալյանը ևս, Գագիկ Մելիքյանի պես, հերքում է անհերքելին: Ավելին, հայտարարում է. «Ես գտնում եմ, որ սխալ է ուրիշի փոխարեն քվեարկելը»:
Ռազմիկ Զոհրաբյանն իր պահվածքը մեկնաբանում է այսպես. «Հնարավոր է, որովհետև, ասենք, մեկը զանգում է, ասում է, ուշանում եմ` մինչև հասնեմ` գրանցի, կգամ կշարունակեմ, ես այդտեղ վտանգավոր բան չեմ տեսնում: Այսինքն տվյալ անձն իր տեղն է քվեարկել»,- ասում է ու հավելում, թե օրենք չկա, որն արգելում է պատգամավորին՝ քվեարկել ուրիշի փոխարեն: Եթե Ռազմիկ Զոհրաբյանը չալարեր ու բացեր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ կետը, այնտեղ կգտներ հետևյալ նախադասությունը. «Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ»:
Ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները մեկ խնդիր ևս անուշադրության են մատնում. կարող է իրենց գործընկերը սեղմելու էր ոչ այն կոճակը, ինչն իրենք: Մարդ ես, բացառություններ լինում են:
Խորհրդարանի նոր տեխնիկան տեղադրելուց հետո, որը մոտ 500 միլիոն դրամ արժեցավ պետբյուջեի համար, ԱԺ աշխատակազմի այն ժամանակվա
ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մեզ վստահեցնում էր, թե նոր համակարգով պատգամավորները զրկվում են մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հնարավորությունից: Խոսքը բերանում էր, երբ 2011 թ. հունիսի 8-ին ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը և ԲՀԿ-ական Ռոբերտ Զաքարյանը քվեարկեցին իրենց կողքի պատգամավորների փոխարեն:
Ապա նույն Ղարիբջանյանը հայտարարեց, թե ԱԺ աշխատակազմն ամեն ինչ անելու է արատավոր ավանդույթը կանխելու համար: Չարվեց, ուրեմն նույն պատգամավորները հետո ևս քվեարկեցին:
«Պատահում է, որ դու էլ մեկ-երկու րոպեով դուրս ես գալիս և քվեարկության ժամանակ խնդրում ես կողքինիդ, որ քո փոխարեն քվեարկի: Բայց ամեն դեպքում` հաճելի բան չէ: Ես իմ գործընկերներին հասկանում եմ, այդուհանդերձ չի կարելի քվեարկել ուրիշի փոխարեն: Չկա մի պատգամավոր, որ ասի՝ դա լավ բան է, եթե անգամ ինքը քվեարկում է կողքինի փոխարեն»,- օրերս նշել էր հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը, ում փոխարեն, ասում են, քվեարկել էր Հերմինե Նաղդալյանը:
Վերոհիշյալ նիստում Սամվել Նիկոյանը որոշել է դիմել ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին` կոչ անելով հետայսու համանման երևույթները բացառել: Այսինքն, նա պետք է դիմի հենց իր խմբակցությանը, քանի որ հիմնականում իրենք են օրենքը խախտում:
Իսկ ի՞նչ կարծիք ունեն մեր քաղաքացիները՝ իրենց ընտրած խորհրդարանականների նման վարքագծի մասին և առհասարակ ինչպես են գնահատում խորհրդարանի գործունեությունը: Փոքրիկ հարցախույզ՝ Երևանի փողոցներում:
Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
42 տարեկան, մանկավարժ
Շատ էլ ճիշտ են անում, այդ կոճակը գնել են 5 հազար դրամով, ուրեմն ոնց ուզեն` կսեղմեն, ում փոխարեն ուզեն` կսեղմեն: Հաջորդ ընտրությունների ժամանակ բոլորս կմոռանանք այդ մասին ու նորից հին սկզբունքով կընտրենք նման մակարդակի պառլամենտ:
Ոսկեհատ ԱՆՏՈՆՅԱՆ,
58 տարեկան, ֆիզիկոս
Միայն ԱԺ-ում քվեարկելը չէ ուրիշի փոխարեն, ուրիշի փոխարեն է նաև ամբողջ ընտրական գործընթացը՝ լցոնում են ուրիշի փոխարն, մահացածների ու բացակաների փոխարեն ու սովորության համաձայն, դա շարունակում են նաև խորհրդարանում: Մեղավոր է Ազգային ժողովի ղեկավարությունը, որ մի հատ ասում է` չի կարելի ու քաշվում է մի կողմ:
Գորիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, 37 տարեկան, ատամնատեխնիկ
Ես մի անգամ չեմ տեսել, որ ընդդիմությունը քվեարկի ուրիշի փոխարեն, իրենցից էլ շատ պատգամավորներ կան, որ բացակայում են: Որակի ու մակարդակի հարց է: Չնայած վստահ եմ, որ հենց նրանք մեկ հոգու փոխարեն քվեարկեն՝ իշխանությունը դա սարքելու է մատի փաթաթան:
Կիմա ՄԱՆՈՒԿՅԱՆ,
48 տարեկան, բանասեր
Մեկ է` քվեարկեն, չքվեարկեն՝ էսօր էդ օրենքները բանի տեղ դնող չկա, իրենք օրենքը հենց այնպես են գրում: Դա պետական հանցագործություն է, մեր խորհրդարանում քիչ չեն նման հանցագործները:
Ինչո՞ւ եք միայն քվեարկությունները ասում, կա՞ մի օր, որ նրանց, նրանց հարազատների, բարեկամների, զավակների անունը չշոշափվի ինչ-որ անթույլատրելի արարք կատարելիս: Դա էլ է հանցագործություն: Մեր խորհրդարանը պետք է փակեն ու սարքեն էլիտար բերդ:
Սոնա ԳԱԼՍՏՅԱՆ,
31 տարեկան, թարգմանչուհի
Ես հիշում եմ, որ մի անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, թե քվեարկում է նախագծին կողմ, որովհետև կոալիցիայի մեջ են: Սա ևս նման մի իրավիճակ է: Այսինքն մեր երկրում ամեն ամիս ընդունվում են բազմաթիվ օրենքներ, որոնց մի մասը բանի պետք չէ` մեղմ ասած, բայց պետք է ընդունվեն, որովհետև կոալիցիան այդպես է ուզում: Մեր կյանքն իբր թե կարգավորող օրենքներն իմ կարծիքով մեր կյանքը թունավորող ամենաառաջին պայմանն են:
Թորգոմ ԲԱՐՍԵՂՅԱՆ,
42 տարեկան, երաժիշտ
Մեր երկրում աղքատության մակարդակը հասնում է 70 տոկոսի, գործազրկությունը բարձր է, մարդիկ էլ ստիպված գողություն են անում, ու մյուսների արածներն էլ բարդվում են նրանց գլուխներին: Աջ ու ձախ անկանոն շինարարություն է, մարդիկ գիշեր-ցերեկ բողոքում են, ու էդ բոլորի միակ մեղավորը պատգամավորներն են, որոնք միշտ ընդունում են այնպիսի օրենքներ, որոնք միայն իրենց են պետք, իրենց բիզնեսի համար են:
Նաիրա ՀԱԿՈԲՅԱՆ,
31 տարեկան, հոգեբան
Պարապ նստած են, իրենց աշխատանքի իմաստն էլ քվեարկությունն է, դրա համար են աշխատավարձ ստանում: Մեր ազգային ժողովը վաղուց արդեն մտավորականների հավաքատեղի չէ: Բիզնեսմեններ են, որոնք այսքան տարի խորհրդարանում լինելով` վարժվել են էդ մի կոճակին:
Էռնեստ ՄԽԻԹԱՐՅԱՆ,
43 տարեկան, հնագետ
Երբ մարդը բիզնեսը փրկելու և զարգացնելու համար մտնում է խորհրդարան՝ ամեն ինչի պատրաստ է: Ես չեմ մեղադրում, մեղավորն ընտրողներն են, նրանց ցուցակները կազմողներն են: Մենք ամենից շատ ենք մեղավոր, որ չենք կարողանում պայքարել: Մի կողմում պայքարն է, մյուս կողմում` փողն ու խոստումները, ու վազում ենք հենց դրանց կողմը:
Սևակ ՍԱՀԱԿՅԱՆ,
21 տարեկան, ապագա տնտեսագետ
Ես չեմ կարծում, թե հիմա դա ամենակարևոր թեման է, որ պետք է բոլորիս մտահոգի: Պարզից էլ պարզ է, որ ԱԺ-ի հանրապետական նախագահը չի կարող պատժել հանրապետական մյուս պատգամավորներին, ովքեր վերևից հրահանգ են ստացել` ինչ գնով էլ լինի` անցկացնել օրինագծերը: Ինչի՞ մասին է խոսքը: Մի՞թե նրանք այնքան դուխ ունեն, որ իրենց կամքով ուրիշի փոխարեն քվեարկեն:













