Եվ այսպես՝ ավարտին են մոտնում խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնել-չանցկացնելու շուրջ բանավեճերն ու քննարկումները: Թեև ՀՀ կառավարությունը մերժել էր ընդդիմության՝ բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը, ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների առաջարկով փետրվարի 15-ին խորհրդարանում տեղի ունեցան լսումներ` ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ:
Ընդդիմությունը պնդում էր, որ մեծամասնական ընտրակարգը չարիք է, իշխանությունը հակառակում էր համոզում, իսկ նեղն ընկած ժամանակ էլ պնդում, որ դեռ դրա ժամանակը չէ: Համամասնական ընտրակարգին դեմ արտահայտվողները մշտապես բերում են չարչրկված փաստարկները և ստանում նույնպիսի չարչրկված պատասխաններ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ քաղաքական մեծամասնությունը հավանություն չի տալիս ընդդիմության նախագծին նաև այն պատճառով, որ ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնները չեն փոխում: Հենց նույն պատճառով շատերը ընդդիմության առաջարկը համարում են ամբոխավարական: Խորհրդարանի ամբիոնից, սակայն, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանն ու «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հիշեցրին, որ դեռ մեկ տարի առաջ, երբ Ընտրական օրենսգիրքը բարեփոխվում էր, ինչի կապակցությամբ նաև Վենետիկի հանձնաժողովից էին ներկայացուցիչներ եկել, ընդդիմության հիմնական առաջարկների թվում` քվեարկածների ցուցակները հրապարակելու և քվեարկության գործընթացը տեսանկարահանելու հետ միասին կար և այս առաջարկը, որը, բնականաբար, մերժվեց:
Հատկապես վերջին երկու ամիսներին մամուլի ակումբները հրավիրում են գործիչների, որոնք փորձում են ապացուցել մեծամասնականի նպատակահարմարությունը, սակայն այդ գործիչների թվում գրեթե չկան նույն ընտրակարգով ընտրվածներ: Իսկ արտահայտվողներն էլ հիմնականում քննադատության չդիմացող փաստարկներ են բերում: Ամենաուշագրավը Երևանի Նոր Նորք համայնքից ընտրված Ռաֆիկ Պետրոսյանի հիմնավորումն է. եթե 100% համամասնական լինի, ընդդիմության տեղերը շատ կլինեն, նրանք շատ կքննադատեն իշխանությանը, ուստի նպատակահարմար չէ:
Լսումների ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ, Գյումրիից ընտրված Սամվել Բալասանյանը նշեց, թե 100% համամասնականը ժամանակավրեպ է, քանզի «Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը քաջատեղյակ է իր ընտրողների խնդիրներին»: Այս տեսակետի դեմ ևս բերվեցին բազմաթիվ հակափաստարկներ: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը խորհրդարան չի գալիս, եթե գալիս է` ելույթ չի ունենում, հարցեր չի ուղղում, հիմնականում քվեարկում է այնպես, ինչպես ՀՀԿ-ն, եթե անգամ անկուսակցական են, և ամենակարևորը` օրենքներ գրեթե չեն հեղինակում:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ 41 պատգամավորից 29-ը երբևէ ամբիոնին չի մոտեցել: Իսկ ժողովուրդը, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեծամասամբ չգիտի, թե ով է իր պատգամավորը:
Արծվիկ Մինասյանի տվյալներով` մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներից ակտիվ են եղել ընդամենը 7-ը` 17 տոկոսը, «մեկ-երկու ծպտունի ռեժիմով» աշխատել է 5 պատգամավոր` 12 տոկոսը, և պասիվ է եղել, ընդհանրապես որևէ ծպտուն չի հանել մեծամասնականով ընտրված պատգամավորների 71 տոկոսը: Համամասնական ընտրակարգով ընտրված 90 պատգամավորներից ակտիվ են եղել 51-ը կամ 57 տոկոսը, պասիվ` 25 հոգին կամ 28 տոկոսը, և «մեկ-երկու ծպտունի ռեժիմով» աշխատել է 14 պատգամավոր կամ 15 տոկոսը: Այնպես որ մեծամասնական ընտրակարգը բնավ էլ չի ապահովել, որ ընտրողը կարողանա իր պատգամավորի հետ շփման հնարավորություն ունենալ: Ավելին, 2007 թ. ընտրություններից հետո մեր հայրենակիցները Հայաստանի բոլոր մարզերից բազմաթիվ անգամներ բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի, նախագահի նստավայրի մոտ, խոսել իրենց խնդիրների մասին` առանց պատգամավորի մասնակցության և գիտության:
Սամվել Բալասանյանի մեկ այլ փաստարկ, թե համամասնականի դեպքում ԱԺ-ն միայն երևանաբնակների խորհրդարան կդառնա, մարզերն ընդգրկված չեն լինի, պատասխան-հիմնավորման արժանացավ: «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանվում է, որ ցանկացած կուսակցություն օրենքով պետք է մարզերում ներկայացվածություն ունենա, և ըստ այդմ` կարելի է ապահովել կապը մարզերի հետ»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Վահան Հովհաննիսյանն էլ վկայակոչեց իր ուսումնասիրությունների արդյունքը. «Բացի մի քանի հոգուց՝ իրենց մարզերում ու ընտրատարածքներում, որտեղից իբր ընտրվել են, ոչ ոք չի ապրում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեծամասնականով ընտրված մարդը միշտ այնքան փող ունի, որ Երևանում մեկ կամ երկու բնակարան կամ առանձնատուն կունենա, բայց մարդիկ կան, որ ընդհանրապես իրենց ընտրատարածքներում չեն երևացել: Այդ տեղամասերում չգիտեն՝ իրենց պատգամավորն ով է, որովհետև նա ոչ միայն այնտեղի բնակիչ չէ, այնտեղ չի էլ երևացել»:
Մեծամասնական ընտրակարգը, ըստ ելույթ ունեցողների, նմանվում է աճուրդի, որտեղ ընտրվում է նա, ով շատ գումար է վճարում: «Մեծամասնական ընտրակարգը դարձել է լուրջ գործիք՝ ընդդիմությանը դուրս մղելու և իշխանության վերարտադրության համար… Սա ապացուցելու կարիք չկա»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ համամասնական ընտրակարգին անցնելու հարցում քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» է ձևավորվել, և այդ մեկը ՀՀԿ-ն է:
Փաստորեն իշխանությունը հայտարարում է, թե բացառելու է գործարարների մուտքը խորհրդարան՝ համամասնական ցուցակով, մյուս դեպքում նույն գործարարներին մղում է դեպի մեծամասնական համակարգ… Ի սկզբանե, ըստ Ռուստամյանի, իշխանությունը գնում է ընտրության` գրպանում ունենալով 41 մանդատ, այսինքն քաղաքական մեծամասնությունը մեծամասնական ընտրակարգն օգտագործում է միայն վերարտադրվելու համար:
Լսումներում ընդդիմությունը կարողացավ «համոզել» ընդամենը մեկ մեծամասնականով ընտրված պատգամավորի: Ապարանից ընտրված Լյովա Խաչատրյանը հայտարարեց. «Մեզանում մեծամասնական ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի, և բոլոր այն բացասական երևույթները, որոնցով ուղեկցվում են ընտրությունները, անմիջականորեն կապված են մեծամասնական ընտրակարգի հետ… Դա բերում է հարևանների, բարեկամների և գերդաստանների միջև թշնամանքի»: Լյովա Խաչատրյանը դժգոհեց, որ ինքը չի կարողանում ԱԺ-ում իր նախագծերն անցկացնել, քանի որ թիկունքում քաղաքական ուժ չկա:
Թեև ԲՀԿ-ն ևս համամասնականի շուրջ խորհրդարանական լսումների նախաձեռնողների թվում էր, ԲՀԿ-ական պատգամավորների տեսակետները միասնական չէին: Սամվել Բալասանյանը դեմ էր, Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը` կողմ: Վերջինիս խոսքերով՝ ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի մեծ արդյունավետությամբ են գործում հատկապես մեծամասնական ընտարակարգի պայմաններում: Սակայն, ըստ նրա, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը ևս ազատ ու արդար ընտրությունների երաշխիք չէ:
«Պոլիտէկոնոմիա» վերլուծական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը կողմ լինելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուն, որպես փոխզիջում առաջարկում է 120 համամասնական և 11 մեծամասնական` յուրաքանչյուր մարզից և Երևանից՝ մեկական պատգամավոր… Վերլուծաբանի խոսքերով՝ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով խոստացել է, ուրեմն պետք է հակառակում «հիմնավորումներ չմոգոնի»… Ի դեպ ԲՀԿ ներկայացուցիչները համամասնականին կողմ հանդես գալով՝ դա ևս հիմնավորում էին նրանով, որ իրենց ծրագրում այն եղել է:
«Եթե Հայաստանի այսօրվա կառավարիչներն անկեղծ են իրենց հայտարարություններում և ուզում են ԱԺ-ն զերծ պահել անարդյունավետ պատգամավորներից ու տեղական նշանակության բդեշխներից, ապա պետք է վերացնեն մեծամասնական ընտրակարգը կամ առնվազն խոշորացնեն մեծամասնական տեղամասերը»,- հայտարարեց Թևանյանը…
Նաիրա Զոհրաբյանը մեկ այլ լուծում առաջարկեց մեծամասնական ընտրակարգը պահպանելու կողմնակիցներին` դիմել ժողովրդին` պարզելու, թե որ ընտրակարգով են ցանկանում, որ անցկացվեն ընտրությունները:
Քննարկման մասնակից, իրավագետ Պուշկին Սերոբյանը նկատեց, որ գործող ընտրակարգը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, ուստի այս պահին հնարավոր չէ օրենքի փոփոխությամբ անցնել այլ ընտրակարգի: Այս հիմնավորումը պատգամավորները շատ են բերել, բայց երբ բերում է նաև իրավագետը, կարծում ենք` անընդունելի է: Նշանակում է, որ նրանք չեն ընթերցել ՀՀ Սահմանադրությունը, որտեղ համամասնականի ու մեծամասնականի մասին որևէ հիշատակում չկա:
Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ երևույթին, կօգտվի ԱԺ կանոնակարգի հնարավորությունից և այդ հարցը կներառի խորհրդարանական նիստերի օրակարգում: Գլխավոր ինտրիգը կլինի նրանում, թե իրեն ինչպես կդրսևորի ԲՀԿ խմբակցությունը քվեարկության ժամանակ:

















