Ավարտին է մոտենում 2011 թվականը: Եվս մեկ շաբաթ, և այն կանցնի պատմության գիրկը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրի անձնական ձեռքբերումների, հրճվանքի, նաև կորուստների դառնության ու ափսոսանքի հետ: Ինչպիսի՞ն էր մեր նորանկախ երկրի հոբելյանական տարին` երկրի և ժողովրդի համար: Այս հարցով դիմեցինք մեր կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի մարդկանց:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար
Շատ ծանր տարի էր` լի տնտեսական, հասարակական խնդիրներով: Այն զերծ չմնաց տնտեսական ճգնաժամի հետևանքներից, իսկ կառավարության անխոհեմ քայլերն ավելի անփարատելի դարձրին երկրի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Այսօր շատ են խոսում արտագաղթի մասին: Դա ֆիզիկական դժվարության հետևանք չէ, այլ անհուսության: Մարդիկ այլևս հայրենիքի հետ չեն կապում իրենց հույսը և բարեկեցություն են փնտրում օտար ափերում: Հայաստանից արդեն արտագաղթում է ոչ միայն անապահով խավը, այլև բարեկեցիկ կյանքով ապրողները: Դա հենց հույսի կորստից է, երբ իշխանությունների անհեռատես գործունեության ընթացքում հասկանում ես, որ ոչինչ դեպի լավը չի փոխվելու` որքան էլ կադրային լուրջ փոփոխություններ ձեռնարկվեն: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ միտում ունեն այդ նշանակումները: Պատճառը բնականաբար իշխանական թիմի ինքնամաքրումը չէ: Տարվա խայտառակ նշանավորումներից մեկն էլ այն էր, որ հաջորդ տարվա բյուջեն հաստատվեց պատգամավորների ձայների նվազագույն (ընդամենը 66 ձայն) քանակով: Ըստ որում ձայների մի մասն ակնհայտորեն կեղծված էր, քանի որ դահլիճում այդքան մարդ չկար:
Այս ամենն ամփոփելով` կասեմ, որ տնտեսական, հասարակական տեսանկյունից տարին հաջող չէր ժողովրդի ու երկրի համար:
Նույն վիճակն է նաև արտաքին քաղաքական դաշտում: Ակնկալիքներ կային, որ մեր կառավարությունը կշտկեր հայ-թուրքական արձանագրություններում իր մեծ բացթողումը և իր ստորագրությունը չեղյալ կհայտարարեր:
Այնուհանդերձ տարին դրական միտումներով ևս առանձնացավ: Ես չեմ կարող արժանին չհատուցել հասարակական այն ակտիվությանը, որը վճռորոշ եղավ Հայաստանի համար կարևոր մի քանի հարցեր լուծելու հարցում: Հասարակական նախաձեռնություններն սկսում են լուրջ ազդեցություն ունենալ երկրի համար կարևոր հարցերում, և դա ոգևորիչ է: Քաղաքական ասպարեզ են ներքաշվում բնակչության այնպիսի շերտեր, մասնավորապես երիտասարդությունն ու ուսանողությունը, որոնք մի քանի տարի առաջ բացարձակապես հետաքրքրված չէին երկրի հասարակական և քաղաքական կյանքով: Բայց արթնացման այս գործընթացում պետք է ճիշտ կողմնորոշել այդ շերտին` նրան ճիշտ տեղեկատվություն տալով: Ցավոք այսօր որոշ ուժեր փորձում են թունավորել երիտասարդ ուղեղները և նրանց եռանդն օգտագործել ի վնաս Հայաստանի:
Առիթից օգտվելով շնորհավորում եմ նաև «Հայաստանի զրուցակից» թերթի մշտական ընթերցողներին: Կարծում եմ, որ այս շաբաթաթերթի ընթերցողներն ինձ հոգեհարազատ մարդիկ են, Հայաստանում մտավորական խավի վերջին (ցավոք) մոհիկանները: Նրանք պետք է գիտակցեն, որ այս թերթի օգնությամբ պետք է նոր կյանք տան մտավորականություն հասկացությանը, որն աստիճանաբար վերանում է մեր իրականությունից:
Ինգա ԶԱՐԱՖՅԱՆ
Բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու
2011 թվականը շատ հակասական տարի էր: Ամփոփելով շրջակա միջավայրին վերաբերող բոլոր իրադարձությունները` հասկանում ենք, որ մենք աստիճանաբար զրկվում ենք անվտանգ ապրելու մեր իրավունքից: 2011-ին քիչ չէին կառավարական որոշումները, որոնց մի մասը ձևակերպված է իբրև «բացառիկ, գերակա հանրային շահերից բխող», սակայն ասես կոչված են մեզանից խլելու հասարակական սեփականություն համարվող հողերը: Ցանկացած որոշմամբ, որով հողատարածքը հանձնվում է այս կամ այն մասնավոր ընկերությանը` շինարարություն իրականացնելու կամ հանքարդյունաբերական նպատակներով շահագործելու համար, մենք կորցնում ենք բերրի հողը, որն ավելի նպատակահարմար է գյուղատնտեսական և բնապահպանական նպատակներով օգտագործել: Իսկ դա հղի է մեծ վտանգներով, որոնց մասին բարձրաձայնում են աշխարհի բնապահպանները: Կգա մի օր, երբ մենք խմելու ջուր չենք ունենա, կզրկվենք գյուղատնտեսական արտադրանքից, կմեծանա աղքատության գործակիցը, համաճարակների ու մահացու ելքով հիվանդությունների թիվը կաճի:
Այսօր Հայաստանում շահագործվող հանքերը վերածվել են խոցերի, որոնք գնալով ընդլայնվում են` ախտահարելով ավելի ու ավելի մեծ տարածքներ: Ինչ արվում է այդ ոլորտում` միայն մեկ նպատակ ունի` հնարավորինս արագ և միանգամից շահույթներ ստանալ: Բոլոր շահագործվող հանքավայրերի շրջակայքն այնքան է աղտոտված, որ կյանքի համար վտանգավոր է դարձել: Մենք արդեն թունավորված հսկայական տարածքներ ունենք: Օրինակ` Սյունիքի այն վայրերում, որտեղ հանքեր են շահագործվում, ջուրը ներծծված է թունավոր և ծանր մետաղներով, ինչը վտանգավոր է դարձնում նաև այդ վայրի գյուղատնտեսական արտադրությունը:
Թեղուտից սկսած մինչև սահմանամերձ տարածքները` հանքավայրերը վաճառվել են մասնավոր ընկերությունների, որոնք արդեն վերացրել են անտառը, անխնա շահագործում են հանքավայրերը` անդառնալիորեն քայքայելով շրջակա միջավայրը:
Այս տարի առավել սուր ի հայտ եկան Սևանա լճի խնդիրները: Սևանի հարակից տարածքում ևս շահագործվում են լեռնային հանքավայրեր` անդառնալի կորուստներ պատճառելով լճին, նրա եզակի պաշարներին: Նույն վտանգն են ներառում նաև այսօր շահագործվող Հանքավանի մոլիբդենային, Հրազդանի և Աբովյանի մետաղի, Մեղրաձորի ոսկու հանքավայրերը: Այժմ էլ քննարկվում է Ջերմուկի մոտակայքի հանքավայրի շահագործման նախագիծը: Այսինքն շարքից դուրս կգան մեր բոլոր առողջարանային գոտիները: Փաստորեն մասնավորի բիզնեսը, շահն ավելի վեր են դասվում երկրի «առողջությունից»: «Օրինականորեն» մենք կորցնում ենք նաև մեր անտառները, քանի որ կառավարությունն ըստ արժանվույն չի ֆինանսավորում անտառային գոտիները պահպանելու նախաձեռնությունը:
Այս տարի միակ լավագույնը հասարակական շարժումների մեկնարկն էր, ինչի շնորհիվ հնարավոր եղավ փրկել Թռչկանը, Գիլանը: Սրանք գուցե թե կաթիլ են ծովում, բայց այդ հաղթանակներում թերևս ամենահուսադրողն այն է, որ մարդիկ քաղաքացիական աշխուժություն դրսևորեցին:
Լևոն ԱՆԱՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության նախագահ
Տարվա գրական հոսքը ես բավականին առատ եմ համարում: Գրական երեք ժանրերում` արձակ, պոեզիա, դրամատուրգիա, հայ գրողներն արժեքներ ստեղծեցին, որոնք հրատարակվեցին և հայտնվեցին ընթերցասեր հասարակության սեղանին: Գրահրատարակչության գործում կարևորում եմ պետական աջակցությունը: Պետության սուղ բյուջեից մոտ 135 մլն դրամ է տրամադրվում գրահրատակչությանը, այդ թվում արդի հայ գրականության լույսընծայմանը: Կարևորում եմ այն հանգամանքը, որ գրական համայնքի բոլոր սերունդները աշխուժորեն մասնակցում են գրական գործընթացին, և այսօր մենք բոլոր ժանրերում ունենք ներկայանալի և միջազգային գրականության հետ մրցունակ գրականություն: Այս տարի առավել ամրապնդվեցին միջազգային կապերը Իրանի գրական կառույցների հետ, Վրաստանի գրողների միության հետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության գրողների միության հետ: Կապեր ենք հաստատել նաև եվրոպական երկրների հետ:
Կարելի է ասել` տարին արգասաբեր էր հայ գրականության համար, և գրական կյանքը աշխուժությամբ չզիջեց նախորդ տարիներին:
Ցավոք, այս տարի քննարկումների օրակարգում չդրվեց ստեղծագործական միությունների մասին օրենքի նախագիծը, որը շատ կարևոր ենք համարում: Հույս ունենք, որ եկող տարի տեղաշարժ կլինի այդ առումով, և ստեղծագործական միությունները դուրս կգան հասարակական կազմակերպությունների ցանկից, կդիտվեն իբրև մեր հանրության համար գերակա օղակ, որը կգործի օրենքի դաշտում:
Ես այն մարդկանցից եմ, ովքեր 20 տարի հավատում են, որ մի օր կարթնանան և կտեսնեն, որ կայացել է այն երկիրը, որի մասին երազել են անկախության առաջին օրվանից: Այդ բաղձալի լուսաբացն ուշանում է, բայց ես լավատես եմ և կարծում եմ, որ ընտրական այս հոսանքը բացի քաոսից` նաև հավելյալ լծակներ կստեղծի, որոնք ի վերջո դրական լուծում կտան ներքաղաքական վիճակին, ազգային ցավերին, մասնավորապես ղարաբաղյան խնդրին:
Շուշան ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երգչուհի
Բարդ, բայց նաև շատ հետաքրքիր տարի էր: Անձամբ ինձ համար 2011-ին եղան և ձեռքբերումներ, և կորուստ` կյանքից հեռացավ ինձ համար շատ սիրելի հայուհի` իմ մեծ տղայի տատիկը` իմաստուն ու բարի կին, ում բացակայությունն այժմ շատ է երևում իմ կյանքում: Տարին ինձ համար արգասաբեր էր այն առումով, որ շատ հյուրախաղերի եմ գնացել, որպես հանձնաժողովի նախագահ մասնակցել եմ Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպված փառատոնին և ջանք չեմ խնայել հայկական երգարվեստն իր հմայքով ու արժեքով ներկայացնելու համար:
Այսօր հայ երաժշտարվեստը, երգարվեստը մեր երկրում ուշադրության չեն արժանանում, և այս տարին այդ առումով որևէ դրական փոփոխություն չբերեց: Այդ արվեստը փրկելու համար նախևառաջ հարկավոր է ակունքը մաքրել: Տարվա ընթացքում հանրապետությունում գուցե հրաշալի համերգներ են կազմակերպվել, դասական անմոռանալի երեկոներ են եղել, փառատոներ են անցկացվել, բայց ազգային երաժշտարվեստի փրկության համար էական քայլեր չեն արվել:
Տարվա թերևս միակ դրական և բեկումնային որոշումն այն էր, որ արգելվեց ֆոնոգրամայով երգելը: Իսկ մնացածը նախկինի պես է` եթերները ողողված են անճաշակ երաժշտությամբ, ասպարեզում են ոչ մասնագետները:
Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանման ոլորտում դրական փոփոխությունները շատ էին: Կարելի է առանձնացնել անվճար թեժ գծի գործարկումը, 80-ից ավելի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, Պաշտպանին դիմած քաղաքացիների դիմումներում արծարծված հարցերի դրական լուծումները, որոնք անցնող տարում 131-ն էին: Իրադարձությունների շարքում հատկապես ուզում եմ նշել Մարդու իրավունքների EXPO 2011 միջոցառումը, որը ներկայացնում էր ոչ միայն անցնող տարվա ձեռքբերումները, այլև բացահայտում բնագավառում առկա սուր և արդիական խնդիրները…
Ընդհանուր առմամբ` տարին դրական կբնորոշեմ: Մի շարք տեղաշարժեր Մարդու իրավունքների ոլորտում հնարավորություն են ընձեռում ավելի պատրաստված ներկայանալ 2012 թվականի ընտրություններին:
Դրական փոփոխություններից հարկ եմ համարում նշել oրենսդրական դաշտում իրականացված մի շարք բարեփոխումներ:
Բացասական առումով պետք է նշեմ խաղաղ պայմաններում զինծառայողների մահացության, բանակում անպատժելիության մթնոլորտի, դատական համակարգում առկա անարդարությունների խնդիրները:
Կարծում եմ՝ միանշանակ բնորոշումներն անտեղի են: Իրավունքի ոլորտը շատ դինամիկ է, և դժվար է կարճաժամկետ հատվածում կատարված փոփոխություններին գնահատական տալ:
Արա ԴԵՂՏՐԻԿՅԱՆ
Դերասան
Այս տարվա դրական իրադարձություններից էին հայտնի երաժիշտների, երգիչների հյուրախաղերը Հայաստանում, թատերական փառատոների կազմակերպումը, ինչի շնորհիվ արվեստասեր հասարակությունը հաղորդակցվեց բարձր արվեստին: Բայց կարծում եմ` մեզ համար առաջնային է մեր ազգային արվեստը ոտքի կանգնեցնելու և աշխարհին ներկայացնելու մասին մտածելը: Այս առումով մենք բացթողումներ ունենք, և տարվա ընթացքում դրանք շտկելու քայլեր չձեռնարկվեցին: Թատրոնները նույն անհուսալի վիճակում են, հեռուստատեսությունը` ողողված անորակ հաղորդումերով, իսկ հայ կինոարվեստը մարած է, ավերված: Հուսանք, որ եկող տարիներին դրական տեղաշարժեր կլինեն, և հայ ժողովուրդը միայն լավ իրադարձությունների ականատեսն ու մասնակիցը կլինի:













