Հինգ ամիս հետո մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները: Եվ կրկին հառնելու է հետևյալ հարցը` ո՞ւմ ընտրել: Երևանի տարբեր թաղամասերում փորձեցինք փոքրիկ հարցախույզով պարզել` ընտրողները ճանաչո՞ւմ են մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած իրենց պատգամավորին և գո՞հ են նրա աշխատանքից:
Գրիշա ՊԱՊՅԱՆ, Կենտրոն
Նախ` ի՞նչ պետք է անի պատգամավորը. պետք է օրենք գրի, որով կշարժվի կառավարությունը: Թե մեր խորհրդարանն ինչ օրենքներ է գրում` գլուխ չեմ հանում: Էնտեղ օրենք գրելու ընդունակ շատ քիչ մարդիկ կան: Ամեն մեկն իր շահերին ու բիզնեսին համապատասխան օրենք է մշակում: Մեր պատգամավորը կարծեմ Խաչատուր Սուքիասյանն է: Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ, Կենտրոն
Ազգային ժողովը տզրուկի նման է` պատգամավորները աշխատավարձ են ստանում հարկատուների հաշվին, բայց մեր վզին ծանր բեռ են փաթաթում ու իրանցից գոհ ամփոփում տարին: Էդպիսի խորհրդարանը երկու օր էլ չարժե պահել: Չգիտեմ` ով է մեր պատգամավորը, չեմ էլ ուզում իմանալ:
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ, Կենտրոն
Մեծամասնականը հասկացանք` փողատեր բիզնեսմեններ են: Բայց համամասնականն էլ հո բոլորինս է, իրե՞նք ինչ են անում: Պատգամավորները չգիտեն իրենց լիազորությունները, պրիստիժ տեղ է, գնում են ու իրենց բիզնեսները ամբիոնից կառավարում: Խորհրդարանում չկա բանավեճ, չկա ընդդիմություն, շատ քիչ են ու չես հասկանում, թե ինչ օրենքներ են ընդունում: Խորհրդարանից գոհ չեմ, իմ պատգամավորից էլ գոհ չեմ, որովհետև չեմ ճանաչում: Ու հաստատ իմ մեղքը չէ, որ չեմ ճանաչում:
Մեր խորհրդարանն արժանի է մեր ժողովրդին:
Նաիրի ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Կենտրոն
Ոնց երկրի ղեկավարությունն է` նենց էլ պատգամավորներն են: Հիմա ասում են, թե ԱԺ-ում գործարարներ չպետք է լինեն, էդ լավ է, բայց խելքս բան չի կտրում: Մայիսին ընտրություններ են, էլի կգան, կխաբեն, ձայններս կառնեն ու էլի սոված կնստենք:
Մեր պատգամավորը... ո՞վ էր, հլա դու ասա... Սուքիասյանը չէ՞ր... Կենտրոնում ամեն ինչն էլ իրանն է, էդ էլ կլինի:
Տիրան ՄԱՆՈՒԿՅԱՆ, Կենտրոն
Իմ նախագահն էլ է Պուտինը, պատգամավորն էլ. իմ տղաներն էստեղ չեն, Ռուսաստանում աշխատում են, փող են ուղարկում` ես ապրում եմ: Ինձ Ռուսաստանն է պահում, Հայաստանում ինձ չեն պահում, նպաստից էլ զրկել են: Պիտի ընտրությունների ցուցակում բոլորի անունը ջնջեմ, գրեմ` Պուտին ու ձայնս իրեն տամ:
Սրբուհի ՊԵՏՐՈՍՅԱՆ, Կենտրոն
Մեր պատգամավորը Արա Սիմոնյանն է, ոչ ես եմ նրան ընտրել, ոչ իմ հարազատներից որևէ մեկը, ոչ էլ Կենտրոնում ապրող որևէ ծանոթ: Չէինք էլ ճանաչում, բայց` ընտրվել է: Պատգամավորներն ընտրվում են խնամիության սկզբունքով: Չնայած ավելի լավ է, որ էդ մարդիկ խորհրդարանում են. կարևոր չէ` աշխատո՞ւմ են, թե չէ, կարևոր է, որ մեզանից հեռու են ու չենք տեսնում, թե ինչ են անում:
Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ, Աջափնյակ
Մեր թաղամասի պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է: Ես նրան չեմ ընտրել: Մեզ համար չգիտեմ` ինչպես է աշխատում, բայց իր գործերը աջ են գնում: Էս չորս տարում լիքը սուպերմարկետներ բացեց:
Նորա ԱԲԳԱՐՅԱՆ, Աջափնյակ
Ընտրել եմ Հարություն Փամբուկյանին. նրան չեմ ճանաչել, բայց դե մեկին պետք է ընտրեի: Խորհրդարանում նա ոչինչ չի անում, ինչպես մյուս պատգամավորները: Տարին 12 ամիս էնտեղ չէ, մի օր չեմ տեսել, որ վեր կենա ու հարցուպատասխանի ժամանակ ասի, որ մարդիկ էս վիճակում են: Կարծում եք` մեր թաղամասում խնդիրներ չկա՞ն, լիքը, բայց մի օր մեր ձայնը չմտավ խորհրդարան: Իր գործունեությունը բացասական եմ գնահատում: Ավելի լավ է` չգնամ ընտրության, քան թե էլի նրան ձայն տամ:
Սուրեն ԱՀԱՐՈՆՅԱՆ, Աջափնյակ
Եթե էս երկրում ինչ-որ բան արվում է` արվում է ընտրությունների ժամանակ` ճանապարհներն են ասֆալտում, դպրոցներն են նորոգում:
Խորհրդարանի դատարկ դահլիճը որ տեսնում եմ` զարմանում եմ` ինչպես կարելի է էդ ձևի խորհրդարան պահել: Չնայած ասեմ, որ պատգամավորից էնքան էլ շատ բան կախված չէ, ինքն էլ է համակարգին հարմարվել: Է՜ն գլխից պիտի ամեն բան փոխեին:
Մարիաննա ԳԱՍՊԱՐՅԱՆ, Աջափնյակ
Չեմ հիշում, թե ով է իմ պատգամավորը, կարծեմ բիզնեսմեններից մեկն է: Ուրիշ էլ ո՞վ պիտի լինի, բոլորն էլ մականունավոր բիզնեսմեններ են: Իսկապես չեմ հիշում, թե ով էր, բայց թեկնածությունը մենակ էր դրված, ընտրություն չկար, որ գնայիր` ընտրեիր: Ես ընտրության չեմ գնացել, ուրեմն դեմ եմ: Բոլորին եմ դեմ` կառավարությանը, նախագահին:
Սարգիս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Արաբկիր
Զոհրաբ Զոհրաբյանն է մեր պատգամավորը: Եկան, քարոզեցին, ասացին` լավ տղա է, ձայն տվեք: Ընտրեցինք, բայց երեսն էլ չտեսանք: Ինքս չեմ ընտրել, մի անգամ հարց ունեի, գնացի մոտը` ներս չթողին, ասին` ում ընտրել ես, նրա մոտ էլ գնա: Կապ չունի, թե ես ում եմ ընտրել, բոլորն էլ իմ պատգամավորներն են, մեծամասնականն էլ, էն մյուսն էլ, ու պիտի լուծեն մեր հարցերը: Ասենք` ընտրել եմ Զոհրաբյանին. 4 տարվա մեջ չորս անգամ պառլամենտ չի մտել, խոսափողը բռնած չկա: Խորհրդարանում մի պատգամավոր կա, որ աշխատում է օրնիբուն. Մինասյան Արծվիկը:
Էդվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Արաբկիր
Կարծեմ Լևոն Սարգսյանն է մեր դեպուտատը: Չեմ տեսել նրա աշխատանքը, որ գովեմ կամ չգովեմ: Ես առավոտյան գնում եմ գործի, իրիկունը գալիս եմ տուն, ինձ պահողը ես եմ: Չգիտեմ, թե պատգամավորը ինչ պետք է անի: Ընտրություն է` պարտավոր ենք ընտրել: Ինձանով լինի` ընտրության էլ չեմ գնա: Գալիս խնդրում են` ավտոյով տանում-բերում են: Ես էլ իրենց եմ ընտրում: Մեկ է` էդ մի «պտիչկան» բան չի փոխում:
Վիգեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Նոր Նորք
Ընտրություններին ինչ-որ մարդիկ մեր տուն եկան, որպեսզի Ռաֆիկ Պետրոսյանին ձայն տանք, քարոզեցին, մենք էլ գնացինք ընտրինք: Բայց մինչև հիմա չեմ հասկանում` որ էդ մարդը բան չէր անելու, ինչո՞ւ էին խոստումներ տալիս: Իբր թե իրավաբան է, բայց ոչինչ չի անում` բացի հանրապետականներին պաշտպանելուց: Չեմ տեսել, որ իրենց կուսակցությանն արդարացնելուց բացի ուրիշ գործ անի: Երևի էլի կգան, բայց տանից հաստատ դուրս կհանեմ:
Նորայր ՄԵԼՔՈՆՅԱՆ,
Նոր Նորք
Է՜, բալամ, ինչի՞ հետևից ես ընկել: Ամեն մեկը մի տարածք սեփականաշնորհել է, ով ոնց ուզում, երբ ուզում` ընտրվում է:
Սոֆյա ՂՈՒԿԱՍՅԱՆ,
Նոր Նորք
Մեր պատգամավորը Ռուբեն Հայրապետյանն է, բայց ես չեմ հիշում, թե նա երբ է խորհրդարանում ինչ-որ հարցից խոսել, ուղղակի չեմ հիշում: Մի անգամ գոնե չի հանդիպել իր ընտրողներին, ասի` ինձանից գո՞հ եք, թե չէ, գա ու ասի` սիրելիներս, ինձ ընտրել եք, ես էլ էս-էս-էս բաներն արել եմ: Սա անտարբեր վերաբերմունք է: Բայց էլի կընտրվի, խորհրդարանը նրա նման մարդկանց տեղն է:
Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ,
Նոր Նորք
Ես երկու անգամ Ռաֆիկ Պետրոսյանին եմ ձայն տվել, բայց էլ չեմ տա: Խորհրդարանին նոր կադրեր են պետք, թարմ ուղեղներ: Սրանք արդեն տարիքն առել են ու օր ծերության վախենում են կորցնել պաշտոնը, վախենում են ելույթ ունենալ: Հասարակության համար հետաքրքիր լիքը բաներ եղան, բայց մի անգամ չտեսանք, որ խորհրդարանի ամբիոնից վեր կենան ու հայտարարություն անեն:
Ռուզաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,
Նորք-Մարաշ
Խորհրդարանը քնելու, շարիկ գլորելու վայր է դարձել, ինչ օյին ուզում են` մեր գլխին խաղում են: Ես ընտրության չեմ գնում, չեմ վստահում: Գիտեմ, որ իմ փոխարեն քվեարկում են ուրիշները, բայց չեմ գնում, որովհետև մեկ է` ես ում էլ քվեարկեմ, վերջում իրենց ուզածն է ընտրվելու: Ստացվում է` երկու դեպքում էլ ինձ էշի տեղ են դնում: Իմ պատգամավորին չեմ ճանաչում, նախկինը գիտեի` ով էր, նորին չգիտեմ:
Վահրամ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, Ավան
Ախր թող գոնե մեկ-մեկ գնա նիստերի, որ տեսնենք` ով է, ինչացու է: Չեմ ճանաչում, որ գոնե մի հարցով դիմեմ, ասեմ` ախպեր, լուծի: Ազգային ժողովը ոնց որ մի բերդ լինի, ոչ թողում են դու ներս մտնես, ոչ էլ իրենք են դուրս գալիս, որ քո սրտի ուզածն ասես:
Չե՞ք տեսնում` ինչ է կատարվում երկրում, ով ինչ ուզում` անում է, իր՛ար սատկացնում են, ոչ տղա են հարցնում, ոչ` աղջիկ:
Աշոտ ԳՈՒՐԳԵՆՅԱՆ, Ավան
Ես ընտրության չեմ գնում և չգիտեմ էլ, թե ով է մեր պատգամավորը, որևէ օլիգարխ կլինի: Չեմ վստահում պատգամավորներին, բոլորն էլ իրենց համար գնում-նստում են ու մեր օգտին որևէ բան չեն անում:
Արծրուն ԳԵՎՈՐԳՅԱՆ, Շենգավիթ
Կարծեմ Վերսանդ Հակոբյանն է, լավ տղա է, բայց` վատ պատգամավոր: Մյուսների նման չի աշխատում: Ում էլ ընտրում ենք` վերջը կոտրած տաշտակի առաջ ենք կանգնում: Դրա համար էլ ես ցուցակում առաջինին եմ քվեարկում. ոչ մեկին ոչ ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ ճանաչել:
Ինչպես պարզվեց` երևանցիների մի մասը անգամ չգիտի, թե ով է իրենց պատգամավորը: Ուստի հարկ ենք համարում նրանց հիշեցնել կամ տեղեկացնել, թե իրենք ում են «ընտրել»:
Աջափնյակ համայնքի պատգամավորներն են` Հարություն Փամբուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Սադոյանը: Ավան համայնքինը` Ռուբեն Հայրապետյանը, Արաբկիրինը` Զոհրաբ Զոհրաբյանը և Լևոն Սարգսյանը: Դավիթաշեն համայնքի պատգամավորը ևս Լևոն Սարգսյանն է: Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատգամավորը Աշոտ Տոնոյանն է, Էրեբունի համայնքինը` Գրիգորի Մարգարյանը, Վերսանդ Հակոբյանը, Արմեն Պուրտոյանը: Կենտրոն` համայնքի պատգամավորներն են Ռուբեն Սադոյանը և Արա Սիմոնյանը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի պատգամավորներն են` Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Նոր Նորքինը` Ռուբեն Հայրապետյանը, Ռաֆիկ Պետրոսյանն ու Աշոտ Տոնոյանը, Նորք-Մարաշինը` Արա Սիմոնյանը, Նուբարաշեն համայնքի պատգամավորը Արմեն Պուրտոյանն է, Շենգավիթինը` Կորյուն Նահապետյանը, Գրիգորի Մարգարյանը և Վերսանդ Հակոբյանը:

















