Սկիզբը` թիվ 44-ում
Գրեթե 20 տարի առաջ` 1991 թ. դեկտեմբերի 26-ին խորհրդային կայսրությունը պաշտոնապես դադարեցրեց իր գոյությունը: Սակայն կայսերամետ գաղափարներն այդպես էլ չվերացան: Մի փոքր «մոդեռնացված»` դրանք ներկայացված են Վրադիմիր Պուտինի «Ինտեգրման նոր նախաձեռնության» մեջ, որը տարբեր գնահատականների է արժանացել: Ոմանք դա համարում են նախընտրական քայլ, ոմանք Մոսկվայի` հարևան երկրների կլանման հերթական փորձ, ոմանք` ուտոպիա, կան նաև կարծիքներ, թե դա նախկին խորհրդային երկրների կապերի հաստատմանն ուղղված իրատեսական քայլ է:
Թեպետ Հայաստանին դեռևս պաշտոնապես չեն կանչել նոր միություն` դժվար թե դա ուշանա: Ինչևէ, հարցի վերաբերյալ մեր երկրի քաղաքական ուժերի կարծիքները տարբեր են: Պայմանականորեն դրանք կարելի է բնութագրել որպես միանշանակ` այո, զգուշավորություն և միանշանակ` ոչ:
Միանշանակ` այո
Դրա ջատագովն է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նկատի առնելով նրա աշխատանքային «դոսյեն»` դա զարմանալի չէ: Սկսած ՀՀ անկախության սկզբնական փուլից` պրն Կարապետյանն ակտիվորեն մասնակցել է «Ռուս-հայ գործընկերության հիմնադրամի» ստեղծմանը: Սկսած 1996-ից` աշխատել է ՌԴ Պետդումայում, այն էլ` այդ երկրի ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ: Նաև ռուսաստանյան մի շարք բանկերի խորհրդատու և դրանց խորհուրդների անդամ է եղել: «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանից քաղված այս տեղեկությունները որոշակիորեն բացատրում են Կարապետյանի ռուսամետ դիրքորոշումը, թեպետ բացառված չէ, որ այն ունի նաև այլ` հեռագնա նպատակներ (հղումը` armtown.com, «Эффективная провокация Арама Карапетяна»): Դա ցույց կտա ժամանակը, իսկ այժմ` Պուտինի նախաձեռնության վերաբերյալ Կարապետյանի հիմնավորումների մասին:
Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հենակետն է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը արագ դեպի ՆԱՏՕ են գնում, խնդիրներ կան Իրանի, Սիրիայի հետ, արաբական երկրներում բարդ իրավիճակ է: Մի խոսքով` Հայաստանն իր արտաքին քաղաքականության ուղեգծի ընտրության հարցում լուրջ խնդրի առաջ է կանգնած: Նա պետք է ընտրություն կատարի` Ռուսաստա՞ն, թե Արևմուտք:
Ինչ վերաբերում է Արևմուտք կոչվածին, ապա «Նոր ժամանակների» առաջնորդն այն մեկնաբանում է բացառապես հին ժամանակների ոգով` Ռուսաստանի ոխերիմ թշնամի ու վերջ: Ըստ նրա` Արևմուտքը ձգտում է և տնտեսական, և քաղաքական, և ռազմական առումներով ճնշել ու դուրս մղել Ռուսաստանին: Այս ամենը Հայաստանի համար շատ վտանգավոր է, ուստի նա պետք է ընտրի Ռուսաստանին (հղումները` Armenia Today և PanARMENIA.net): Այդ քայլով նաև կփրկվի օլիգարխներից, քանզի Եվրասիական միությունը, եթե հավատանք Կարապետյանին, կխփի նրանց (օլիգարխների) գրպաններին: Հետևելով նման տրամաբանությանը` կարելի է ենթադրել, որ Եվրասիական միության կարևորագույն նպատակներից է նաև անդամ երկրների, այդ թվում` նույն Ռուսաստանի օլիգոպոլիաների ոչնչացումը: Սակայն Արամ Կարապետյանը կապիտալի և իշխանության սերտաճման ապագայի մասին ոչինչ չի ասել: Գուցե նրա համար, որ այդ սերտաճման վերացման վերաբերյալ Եվրասիական միությունն ընդհանրապես չի մտածել:
Փոխարենը Կարապետյանը լրագրողներին ներկայացրել է ՌԴ կառավարության մոտակա կարևորագույն անելիքները: Դրանցից գլխավորը նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների ինտեգրումն է: Մեջբերելով Պուտինի ելույթների դրույթները` «Նոր ժամանակների» առաջնորդը հիմնավորել է ՌԴ իշխող կուսակցության որդեգրած ինտեգրման գործընթացի անհրաժեշտությունն ու կարևորությունը (հղումը` Armenia Today և PanARMENIA.net):
«Սովետի» ռեինկարնացիայի կողմնակիցներից են նաև այլ մարդիկ: Օրինակ` Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որի հիմնական փաստարկը Ղարաբաղի հարցն է: Ըստ նրա` դա կլուծվի նոր միությանն անդամակցելու դեպքում: Եվ իհարկե այն, որ «Ռուսաստանը Հայաստանի տնտեսական ամենագլխավոր գործընկերն է, իսկ Ղազախստանի և Բելառուսի հետ` արդեն 165-170 միլիոնանոց շուկա է, որը մեզ համար շատ կարևոր է» (հղումը` «Նովոստի-Արմենիա»):
Մյուս կողմնակիցը «Եվրասիական ինտեգրման» երիտասարդական կազմակերպությունն է, որի ղեկավար Բաբկեն Հարությունյանը պնդում է, որ իրենց կազմակերպությունը Պուտինից էլ առաջ հասկացել է, որ Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ինտեգրվելը: Երիտասարդը նույնիսկ քննադատում է ՀՀ իշխանություններին` այդ հարցում հապաղելու համար (հղումը` PanARMENIA.et):
ՀՀ քաղաքական կուսակցություններից դեռևս միայն «Նոր ժամանակները» և Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային Միաբանությունն» են միանշանակ կողմ Հայաստանի անդամակցմանը` Եվրասիական միությանը: Ընդ որում երկուսն էլ, մանավանդ Գեղամյանը, դա անում են «սառը պատերազմի» դարաշրջանի խորհրդային հրապարակախոսական պաթոսով (հղումը` regnum.ru, Евразийский союз - гарант сохранения суверенитета Армении): Բավականին ծավալուն շարադրանքով նա հիմնավորել է իր տեսակետն առ այն, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նախաձեռնության առումով Հայաստանը պարզապես այլընտրանք չունի: Ամենատպավորիչ մասը վերջաբանն է, որտեղ հեղինակն իր մտքերի լրացուցիչ հիմնավորման համար դիմել է Աստվածաշնչին (Հին կտակարանի «Ժողովող» գլուխ, Թ, 11): Այն է` «Դարձյալ տեսա արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ, և ոչ էլ պատերազմը` քաջերինը, և ոչ էլ հացը` իմաստուններինը, և ոչ էլ հարստությունը` հասկացողներինը, և ոչ էլ շնորհքը` գիտուններինը, որովհետև ժամանակ և դիպուած է պատահում ամենքին»:
Իրոք որ` ճշմարիտ է: Մանավանդ հենց Արտաշես Գեղամյանի շարադրմամբ...
Զգուշավորները
Իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն դեմ չէ Եվրասիական միության շրջանակներում Հայաստանի տնտեսական ինտեգրմանը: Սակայն այս պահին այդ միության ճակատագիրը մշուշոտ է` մանավանդ այն երկրների համար, որոնք հիմնադիրների թվում չեն: ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով միայն այդ կառույցի վերջնական ձևավորումից հետո կարելի է քննարկել, թե որքանով է այն ՀՀ-ի համար գրավիչ (հղումը` Armenia Today): Պատգամավորն ասել է, որ հետխորհրդային միություն մտնելը Հայաստանի` եվրամիությանն ինտեգրվելու ընթացքի վրա ոչ մի կերպ չի ազդի:
Կոալիցիոն ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ Հայաստանը տնտեսական ինտեգրման գործընթացների մշտական կողմնակիցն է եղել` լինեն ԱՊՀ երկրները, թե Եվրամիությունը: Քննարկվող հարցի վերաբերյալ նա ասել է, որ բարդ հարց է, և կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է Հայաստանի` նոր միություն մտնելու հնարավորությունները: Մենք պետք է օգտվենք այդ հնարավորություններից, ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Ընդդիմադիր ՀՅԴ-ն գաղափարը գրավիչ է համարում, սակայն դեռևս դժվար է գնահատել, թե որքան կենսունակ կլինեն ապագա կառույցի մեխանիզմները: Վերջին տարիներին նման փորձեր արվել են, բայց այնքան հաջող չեն եղել: Նոր նախաձեռնությունը կարծես լայնացնում է համագործակցությունը: «Դա ձեռնտու է մեզ, սակայն մեխանիզմի արդյունավետությունը ցույց կտա միայն ժամանակը»,- լրագրողներին ասել է ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Ընդ որում նա նշել էր նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը. Հայաստանը պետք է զարգացնի բազմաբևեռ փոխհարաբերություններ, որպեսզի «կշեռքն այս կամ այն կողմ չթեքվի»:
Մյուս դաշնակցականի` Կիրո Մանոյանի կարծիքը փոքր-ինչ արմատական է. «Մենք պետք է հստակորեն հետևենք այն պարտավորություններին, որոնք ստանձնել ենք Եվրամիության առաջ և առայժմ չմտածենք Եվրասիական միության մասին»:
«Օրինաց երկիրն» ի դեմս պատգամավոր Խաչիկ Հարությունյանի` նշեց նոր միավորմանը հավակնող երկրների հետ Հայաստանի սահման չունենալու փաստը (հղումները` azatutyu.am, Rambler-ծՏՉՏրՑՌ):
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որին ընդունված է անվանել «ռադիկալ ընդդիմություն», տվյալ հարցի շուրջ նրա դիրքորոշումը հեռու է «ռադիկալից»: Համենայնդեպս, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև իշխող և կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները, գրեթե նույնպես չափազանց զգուշավոր են: Նա ասել է, որ պետք է ուսումնասիրեն բոլոր փաստաթղթերը, հետո որոշեն` կո՞ղմ, թե դեմ են Հայաստանի անդամակցությանն այդ հետխորհրդային կառույցին: Իսկ նման փաստաթուղթ դեռևս չկա (հղումը` Новости-Армения):
Միանշանակ` ոչ
Միանշանակ դեմ է արտահայտվել «Ժառանգությունը»: «Չնայած միությունը չի ձևավորվել` Հայաստանն արդեն այսօր պարտավոր է ցուցադրել իր հստակ դիրքորոշումը, քանզի դժվար չէ կռահել, որ մի քանի տարի անց այդ միավորումն իրողություն է դառնալու»,- ասել է ընդդիմադիր կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա` մոտ ապագայում այդ գաղափարը կյանքի կկոչվի, քանզի նախագահական ընտրությունների գնացող Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը դիտում է որպես եվրասիական երկիր: Հայաստանը պետք է հրաժարվի Եվրասիական միությանն անդամակցելուց, քանզի դա կխոչընդոտի եվրաինտեգրման ընթացքը: Պատգամավորը նաև ավելացրել է, որ Եվրասիական միությանը միանալու դեպքում Հայաստանը կարող է մոռանալ Եվրամիության հետ նույնիսկ ասոցիատիվ համաձայնություն կնքելու մասին: «Ժառանգությունը» կտրականապես դեմ է դրան, որովհետև դա բարդ խնդիրներ կստեղծի մեր երկրի համար:
Կուսակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանն էլ նշել է, որ չունենալով ընդհանուր սահման` շատ դժվար է պատկերացնել միացման մասին համաձայնության ստորագրումը: Մարտիրոսյանը վստահ է, որ Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցելը երկրին ոչինչ չի տա: Մանավանդ հաշվի առնելով հենց ՌԴ-ում առկա լուրջ խնդիրները. «Չեմ կարծում, թե Հայաստանի ուղին տնտեսապես ոչ զարգացած, էլ չեմ ասում ժողովրդավարությունից հեռու գտնվող պետություններին միանալն է... Ես ավելի լավ կարծիքի եմ մեր երկրի և մեր ժողովրդի մասին» (հղումը` ИА REGUM):
Մնում է ավելացնել, որ վերոնշյալ կարծիքների մեծ մասը հնչել է Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (DI ԱՄՆ ժողովրդավարության ազգային ինստիտուտի աջակցությամբ) կազմակերպած քննարկումների ժամանակ:

















