ՌԴ Պետդումայի ընտրություններից մի քանի օր առաջ հայ փորձագետները և վերլուծաբանները խոսում էին Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կյանքում այդ կարևոր քաղաքական իրադարձության հանդեպ մեր հասարակության գրեթե զրոյական հետաքրքրության մասին: Նրանք միակարծիք էին, որ Երևանին ձեռնտու է ընտրությունների միանգամայն կանխատեսելի արդյունքը: Հիմա, երբ այդ ընտրությունները կայացել են, Հայաստանի փորձագետներն արձանագրում են, որ սենսացիաներ չեղան, կանխատեսվող արդյունքն արդեն իրականություն է` չնայած իշխանական կուսակցության հաղթանակը կարող էր ավելի համոզիչ լինել: Իսկապես, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական ամենամոտ դաշնակիցն է և ամենախոշոր ներդրողը մեր տնտեսության մեջ, մեր երկրները կապված են բարեկամական դարավոր հարաբերություններով, հաջող համագործակցում են միջազգային շատ կազմակերպությունների` մասնավորապես ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ Հայաստանում տեղակայված է ռուսական խոշոր ռազմակայան, որն ըստ էության ապահովում է մեր երկրի անվտանգությունը, հայերն ամենևին էլ մտահոգված չէին Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններով. սեփական խնդիրներն էլ բավական են. առջևում Ամանոր է, մեր երկրի նախընտրական քարոզարշավն էլ կարելի է ասել՝ սկսված է:
Թերևս հիմնականը, որ Հայաստանի քաղաքացիներն ակնկալում էին Ռուսաստանի ընտրությունների արդյունքներից, կայունությունն էր, իսկ այն հնարավոր է միայն Մոսկվայում իշխանության շարունակականության դեպքում: Հիմա այդ կայունությունն արդեն իրողություն է:
«Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում շատ ավելի քիչ հետաքրքրություն են առաջացնում, քան նախագահականը, թեև վերջինս նույնքան կանխատեսելի է»: Նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը՝ մեզ հետ զրույցում: Նա համարում է, որ «հայկական հասարակությունն այս կամ այն փոփոխության փաստն արձանագրում է կամ դա ակնկալում բացառապես պետության առաջին դեմքի փոփոխության համատեքստում»: Նռանյանը վստահ է, որ «այս ամենը սահմանափակ ժողովրդավարությամբ հասարակությանը բնորոշ գծեր են` երբ հասարակությունը բացարձակապես տեղյակ չէ, որ ինքն ի վիճակի է իսկապես ինչ-որ բան փոխել` քաղաքական համակարգում ունենալով ընտրովի օրենսդիր մարմին»: Ընդ որում խոսքը միայն ռուսաստանյան ընտրությունների մասին չէ:
Իսկ այսպես` կատարվեց այն, ինչը պետք է կատարվեր` իշխանության կուսակցությունը շարունակում է մնալ ռուսական քաղաքական ամենախոշոր դերակատարը: Ակնհայտ է, որ Արևմուտքն ստիպված է լինելու համակերպվել այն մտքին, որ Ռուսաստանի նոր նախագահը բոլորին քաջ ծանոթ մարդ է դառնալու և այդ կանխատեսելի իրադարձության հաշվարկով էլ Եվրոպան և ԱՄՆ-ը Մոսկվայի հետ պետք է կառուցեն իրենց հետագա հարաբերությունները:
«Բոլորի համար ակնհայտ էր, որ Ռուսաստանում իրական մրցակցային պայքարի բացակայության պայմաններում ընտրությունները ոչ մի վճռորոշ նշանակություն չեն ունենալու այդ երկրի հետագա զարգացման համար»,- կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նա ենթադրում է, որ հենց այդ պատճառով էլ ընտրությունների արդյունքները որևէ զգալի ազդեցություն չեն ունենալու Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի վարած քաղաքականության վրա:
Քաղաքագետը նաև ասաց, որ «Ռուսաստանի արտաքին քաղաքականության կանխատեսելիությունն ավելի ակնհայտ կդառնա նախագահական ընտրությունների ակնկալվող արդյունքներից հետո»:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի կարծիքով մարդիկ ավելի մեծ ակնկալիքներ ունեին «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից` այո, այն հաղթել է, բայց ոչ այնքան համոզիչ, որքան ենթադրում էին մեր համաքաղաքացիներից շատերը:
«Իմ կարծիքով սա ընդհանուր միտում է, որն սկսվել է Աֆրիկայի և արաբական աշխարհի իրադարձություններից, ասաց նա մեզ հետ զրույցում:- Կարծում եմ, որ Ռուսաստանում իշխանական կուսակցության ոչ այնքան համոզիչ հաղթանակը պետք է բոլոր երկրների իշխանավորներին հիշեցնի, որ հասարակությունը նրանց հանդեպ ակնհայտ քննադատական վերաբերմունք ունի: Իշխանությունները պարզապես պարտավոր են հաշվի առնել ժողովրդի կարծիքը, հակառակ դեպքում վարկանիշի կտրուկ անկումը երկար չի սպասեցնի»:
Գևորգ Պողոսյանը համարում է, որ ՌԴ Պետդումայի ընտրություններից պետք է դասեր քաղեն բոլորը և առաջին հերթին այն երկրները, որտեղ նույնպես մոտ ժամանակներս ընտրություններ են անցկացվելու:
Քաղաքագետներից մեկը, ով չուզեց նշել իր անունը, բայց նաև չքողարկեց իր համակրանքը Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության հանդեպ, նշեց, որ այս անգամ դեմ էր նրա կուսակցությանը: Քաղաքական նախապատվությունների փոփոխության պատճառը կուսակցության և նրա առաջնորդի ազգայնամոլական կոչերն են. «Եթե Ժիրինովսկին իրեն այդպես չպահեր, այլ որոշեր ապավինել բոլոր ռուսաստանցիներին՝ հաստատ մանդատների քանակով Պետդումայում երրորդ տեղը կզբաղեցներ»:

















