
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը 127 կողմ, 86 դեմ ձայներով ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Մինչ այդ և հատկապես դրանից հետո թուրքական կողմից հնչում են պատժամիջոցների և հակահարվածի սպառնալիքներ: Ներկայացնում ենք հայ թուրքագետների տեսակետները՝ ընդունված օրինագծի վերաբերյալ:
Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ,
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Քանի որ Թուրքիան այժմ գտնվում է եվրաինտեգրման շրջանում, Ֆրանսիային` որպես Եվրամիության անդամի, չի կարող պաշտոնապես որևիցե պատժամիջոցի ենթարկել: Կարող է, իհարկե, որոշակի միջոցներ ձեռնարկել, բայց սկզբունքորեն ոչինչ չի կարող անել, որովհետև տնտեսական առումով Ֆրանսիան ավելի հզոր է: Հայտարարություններ կլինեն, դեսպաններ հետ կկանչեն, բայց վերջիվերջո ամեն ինչ կվերադառնա նույն մակարդակին: 2001 թվականին, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին օրենք, Թուրքիայում նմանատիպ երևույթներ եղան, որոնք մի քանի ամիս տևեցին, իսկ հետո ամեն ինչ վերականգնվեց, անգամ առևտուրն ավելի շատացավ, քան կար մինչև այդ իրադարձությունը: Այնպես որ պատմական փորձը հուշում է` առանձնապես բան չի փոխվի: Ի դեպ համաշխարհային առաջատար ԶԼՄ-ները մեծ ուշադրություն դարձրին այս իրադարձությանը: Հետաքրքրությունը շատ մեծ էր: Ես էլ եմ շատ հարցազրույցներ տվել արտասահմանյան մամուլին: