Չորս բուլղարացի կոմպոզիտորներ դատի են տվել ռուսական փոփ-երաժշտության աստղ 44-ամյա Ֆիլիպ Կիրկորովին՝ հայտարարելով, թե նա խախտել է իրենց հեղինակային իրավունքները, գրում է «Դնևնիկ» բուլղարական թերթը՝ հղում անելով «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական միության» բուլղարական բաժանմունքի ներկայացուցիչ Չավդար Գագովին:
Ինչպես նշում է թերթը, բուլղարացի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելիևը, Դիմիտար Պենևը, Իվան Պեևն ու Նայդեն Անդրեևը հայց են ներկայացրել՝ հայտարարելով, թե Կիրկորովը Ռուսաստանում, Բուլղարիայում և ԵՄ-ում իր անունից կատարում, ձայնագրում, վերարտադրում, տարածում և համացանցում տեղադրում է երաժշտական ստեղծագործություններ, որոնց իրավունքներն իրենց են պատկանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դնևնիկի» տեղեկատվության համաձայն, ըստ Բուլղարիայի ՔՕ 172а հոդվածի՝ Կիրկորովը կատարած արարքի համար կարող է դատապարտվել 2-8 տարի ազատազրկման՝ վճարելով 10-50 հազար լև տուգանք (5,1-25,5 հազար եվրո):
Կոմպոզիտորների խոսքերով՝ Կիրկորովը յուրացրել է Սավելիևի «Պլյուս և մինուս», Պենևի «Իսկական ժամանակ» և «Հիշողություններ մանկությունից», Իվան Պեևի «Խոստովանություն» ու Նայդեն Անդրեևի «Աստղային ֆանտազիա» երգերի երաժշտության իրավունքները: Կիրկորովը փոխել է այդ երգերի խոսքերը, սակայն անփոփոխ է թողել երաժշտությունը և այժմ դրանք կատարում ու տարածում է որպես սեփական երգեր, կարծում են հայցորդները:
Բուլղարական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ կոմպոզիտորների հայցը ներկայացվել է Սոֆիայի շրջանային դատախազություն:

















