Ըստ Ֆրանս Փրես գործակալության` Ֆրանսիայի կառավարությունը ֆեմինիստական շարժման ներկայացուցիչների ազդեցությամբ որոշում է ընդունել պաշտոնական փաստաթղթերում հրաժարվել «մադմուազել» բառի օգտագործումից:
«Մադմուազել» բառով դիմում են չամուսնացած կանանց, անգլերենում այդ բառին համապատասխանում է «միսս» բառը, իսկ գերմաներենում՝ «ֆրոյլին»- ը: Սակայն ֆեմինիստները պնդում են, թե նման դիմելաձևը վիրավորական է և խտրական, քանի որ տղամարդկանց, անկախ նրանց տարիքից կամ ընտանեկան կարգավիճակից, դիմում են՝ օգտագործելով միայն «մսյո» բառը:
Կառավարության որոշման համաձայն՝ նախարարներին և շրջանների ղեկավարներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում չօգտագործել «մադմուազել» բառը վարչական որոշումներում և փաստաթղթերում՝ այն փոխարինելով «մադամ» բառով:
«Մադմուազել» դիմելաձևի դեմ ֆեմինիստների արշավը սկսվել է նախորդ տարվա աշնանը: Մի քանի քաղաք արդեն որոշում ընդունել էր փաստաթղթերում հրաժարվել այդ բառի օգտագործումից:

















