Հայաստանում եղանակը կտաքանա փետրվարի 25-ից հետո, այսօր լրագրողներին է ասել Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Մինչև փետրվարի ավարտը եղանակը փոփոխական կլինի, սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն էականորեն կբարձրանա միայն փետրվարի վերջին»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա` գարունը Հայաստանում կգա աստիճանաբար, այսինքն` լուրջ ցրտահարություններ չեն լինի, և եթե Արարատյան դաշտավայրում փետրվարի վերջը գարուն կարելի է համարել, ապա Շիրակում դեռ խորը ձմեռ կլինի:
«Այս տարվա փետրվարը թեև չի ավարտվել, բայց կարող ենք արձանագրել, որ այս ամիս ջերմաստիճանը նորմայից ցածր էր, իսկ տեղումների մասով կարող ենք ասել, որ այս ամիս տեղումների քանակը նորմայից բարձր է եղել, բացառությամբ Տավուշի և Սյունիքի մարզերի,- ասել է Զարուհի Պետրոսյանը` ավելացնելով, որ այսօր երեկոյան ձյունը կդադարի, և մինչև ամսի 20 տեղումները կշարունակվեն, որից հետո կդադարեն կամ կթուլանան:

















