Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը մոտ 5 օր է` բժիշկների վերահսկողության ներքո է, նրա մոտ հայտնաբերվել է ուղեղի բորբոքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արձակագիր, նրա ընկեր Էդգար Կոստանդյանը` հավելելով, որ նրա ինքնազգացողությունը վատացել է: Նրա խոսքով` Վահրամ Սահակյանը գտնվում է տանը` պառկած վիճակում, բայց պարբերաբար տանում են հիվանդանոց, բերում, բուժման կուրսեր է անցնում: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
«Բժիշկները դեռ կոնկրետ ոչ մի բան չեն ասում: Եթե այնքան լրջանա, որ ոչ մի բան այստեղ չկարողանան անել, իհարկե կտանենք արտասահման»,- ասաց Էդգար Կոստանդյանը: Նրա խոսքով` Սահակյանը նախկինում նման հիվանդություն չի ունեցել եւ առհասարակ գանգատներ էլ չեն եղել:
Նշենք, որ Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում գրել է, որ Վահրամ Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքները՝ հեղինակի ծանր հիվանդության պատճառով: Կասեցվել են նաեւ նրա էջերը բոլոր սոցիալական ցանցերում:

















