Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու ուղղությամբ: Դրա համար հիմք են հանդիսացել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով և սոցիալական ցանցով ստացված ահազանգերը:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: Խնդրին նախարարն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսեւորում:

















