«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ առաջիկայում իշխանության ներկայացուցիչները որոշակի առումով պայմանավորվածություններ ձեռք կբերեն, որպեսզի ընտրությունների ժամանակ միմյանց չխանգարեն:
Եթե մեծամասնական ընտրակարգը պահպանվի, ապա բոլոր 41 ընտրատարածքներում էլ կանցնեն ամենահարուստները և խորհրդարանում կգործեն ոչ թե ժողովրդի, այլ իրենց շահերից,- ասել է ԱԺ պատգամավորը: Նրա խոսքով, եթե իսկապես իշխանությունները ցանկանում են, որ ինչպես վարչապետն է ասում, գործարարները չհայտնվեն խորհրդարանում, ապա լավ կլիներ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի և իրենց գործն ու խոսքն իրար համընկնեին:
Նա նաև նշել է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները լավ փորձադաշտ էին թե’ իշխանության, թե’ ընդդիմության համար: Մարտիրոսյանի ներկայացմամբ, ընդդիմությունը Հրազդանում իրականում շատ լուրջ վերահսկողություն էր իրականացնում և եթե կարողանա նման վերահսկողություն կատարել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ամբողջ հանրապետությունով մեկ, ապա հնարավորություն ունի հաղթելու: «Իհարկե, եթե իշխանությունը չդիմի բիրտ ուժի և լցոնումների»,-հավելեց նա:
Ըստ «Ժառանգության» պատգամավորի, եթե Հրազդանում ընտրակաշառք վերցնողներից 801 մարդ իր ձայնն, այնուամենայնիվ, տար Սասուն Միքայելյանին, ապա ընտրությունների ելքն այլ կլիներ: Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները չանցան այն ձևով, ինչպես նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահն են ներկայացնում, իսկ պատճառը, ոչ միայն ընտրակաշառքն է, այլև այն, որ իրավապահ մարմինների գործառույթը «պարալիզացվել» է:
«Եթե մարդիկ նման մեծ քանակությամբ ընտրակաշառք են բաժանում և դրան չի արձագանքում ոստիկանությունը, նշանակում է վերևից զգուշացված է եղել: Իրավապահ մարմինները ոչ թե պետական կառույց են, այլ իշխանությունների կամակատարն են: Բայց անկախ նրանից, թե ով է իշխանությունը, հանցագործությունը պետք է կանխվեր: Մեր ոստիկանությունը կատարում է բացառապես իշխանությունների հրամանները»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

















