Ինչպես հաղորդում է թուրքական Ntvmsnbc.com կայքը` աշխարհահռչակ ռեժիսոր, ԱՄՆ-ում գործող «Շոա» (եբրայերենից թարգմանաբար նշանակում է ողջակիզում, հոլոքոսթ) հիմնադրամի հիմնադիր Սթիվեն Սփիլբերգը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, որը կնվիրվի 1915թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Կայքն ընդգծում է, որ Սփիլբերգն ու սցենարիստ Սթիվեն Զայլյանը ֆիլմի առնչությամբ նախատեսում են հանդիպումներ անցկացնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների հետ: Հաղորդվում է, որ ֆիլմում նկարահանվելու են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի հայտնի դերասաններ:
Նշենք, որ Սփիլբերգն ու Զայլյանը1993թ. ֆիլմ են նկարահանել հրեաների ցեղասպանության մասին (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին). «Շինդլերի ցուցակը» ֆիլմը պատմում է գերմանացի գործարար Օսկար Շինդլերի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հազարից ավելի հրեաների է փրկել համակենտրոնացման ճամբարից:

















