Օղի
Օղու պատրաստման եղանակը բավականին պարզ է` պտուղները կամ սերմերը սովորական թթխմորի մեջ խմորում են: Այնուհետև թթվեցված մթերքները բազմիցս մաքրվում և զտվում են, հեղուկը լցվում է ապակե տարայի մեջ:
Կալիորիականությունը. քանի որ օղին շաքար և ածխաջրերի այլ աղբյուրներ չի պարունակում, խմիչքի կալիորիականությունն ապահովում է միայն սպիրտը (մոտավորապես 7 կկալ` 1 գրամում): Վատ համբավով հանդերձ` օղին «ամենադիետիկ» խմիչքն է համարվում:
Դրական կողմերը. որպես կանոն` օղին որևէ հավելում` ներկանյութեր, հոտավետ նյութեր և այլն, չի պարունակում և բացի այդ, ի տարբերություն մյուս թունդ ոգելից խմիչքների, զտման երկար ճանապարհ է անցնում: Ահա թե ինչու օղին չարաշահելուց հետո խումհարն ավելի թեթև է անցնում, քան վիսկիի, ռոմի, անգամ գինու դեպքում:
Բացասական կողմերը. «մաքրությամբ» հանդերձ` օղին ոգելից խմիչքներից առաջացած թունավորումների հիմնական մեղավորն է: Այն համեմատաբար էժան է, արտահայտված համ չունի, նրան հարկավոր չէ հյութ կամ ոգելից այլ խմիչք ավելացնել, ուստի ավելի հեշտ է ձեռք բերելն ու խմելը: Այդ պատճառով էլ օղին չարաշահելու հավանականությունը մեծ է:
Խումհարի ծանրությունը. 10 միավորից` 3:
Գարեջուր
Պատրաստում են գարուց` գայլուկի (համի համար) և թթխմորի (խմորումն արագացնելու համար) հավելումով:
Կալորիականությունը. գարեջուրն ամենակալորիական խմիչքը չէ, ավելի հեշտ է խմելը, քան, օրինակ, վիսկին: Մեկ սովորական չափաբաժին գարեջուրը բավականին շատ կալորիաներ է պարունակում:
Դրական կողմերը. այս խմիչքում ալկոհոլի պարունակությունը բավականին ցածր է (3-8 տոկոս), ուստի գարեջուր վայելելուց հետո մարդը բավականին ուշ է հարբում: Բացի այդ` կես լիտր գարեջուրը պարունակում է B վիտամինի և սրտի համար օգտակար ֆոլեթթվի աղերի` օրվա ընթացքում խորհուրդ տրվող չափաբաժնի գրեթե մեկ քառորդ մասը:
Բացասական կողմերը. ինչպես ցույց են տվել Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի մասնագետների հետազոտությունները` գարեջրում առկա ազոտական միացությունները` պուրինները, արյան մեջ բարձրացնում են միզաթթվի մակարդակը, ինչը հոդերում աղերի կուտակման և հոդատապի առաջացման պատճառ է դառնում: Գարեջրի օգտագործումը նաև մեծացնում է ճարպակալման, սրտանոթային համակարգի խնդիրների և աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը, կարող է հորմոնային խանգարումներ առաջացնել թե տղամարդկանց, թե կանանց օրգանիզմում:
Խումհարի ծանրությունը` 10 միավորից` 4:
Սպիտակ գինի
Պատրաստվում է թթվեցված խաղողից, որը նախապես կեղևահան են անում, հեռացնում սերմերը:
Կալորիականությունը. մեկ գավաթը (175 մլ) պարունակում է 130 կկալ: Գինին որքան քաղցր է` այնքան շատ կալորիաներ է պարունակում:
Դրական կողմերը. ինչպես պնդում են ամերիկացի գիտնականները` սպիտակ գինու մեջ քիմիական հատուկ միացություններ կան, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը:
Բացասական կողմերը. ժամանակի ընթացքում սպիտակ գինու մեջ սուլֆիդներ են առաջանում: Դրանք գինու մեջ կարող են ավելացնել նաև արտադրողները` խմիչքի գույնը պահպանելու համար: Իսկ այդ նյութերը ծանր խումհարների պատճառ են դառնում: Սուլֆիդները նաև կարող են ալերգիաների, գլխացավերի ու ասթմաների պատճառ լինել: Այդ նյութերը քայքայում են ատամի արծնը` բարձրացնելով ատամնափուտի առաջացման հավանականությունը:
Խումհարի ծանրությունը` 10 միավորից` 6:
Կարմիր գինի
Պատրաստվում է ճզմած խաղողից, որի սերմերն ու կեղևը չեն հեռացվում: Հեղուկի նախնական գույնը սովորաբար սպիտակ է լինում, սակայն 2-3 տարի տևող հասունացման ժամկետից հետո բնական ճանապարհով դառնում է մոխրագույն կամ կարմիր:
Կալորիականությունը. մեկ գավաթը պարունակում է մոտ 120 կկալ: Կարմիր գինու մեջ սովորաբար շաքարն ավելի քիչ է լինում, քան սպիտակ գինու մեջ:
Դրական կողմերը. այս խմիչքի մեջ շատ են բնական հակաօքսիդիչները, որոնք գրեթե բացակայում են սպիտակ գինու մեջ: Չափավոր քանակությամբ կարմիր գինին պայքարոմ է արնախիթերի, բորբոքումների առաջացման դեմ, նվազեցնում է խոլեստերինի քանակը և նպաստում սրտանոթային համակարգի առողջացմանը:
Բացասական կողմերը. արտադրության յուրահատկությունների շնորհիվ կարմիր գինին երկու տեսակի սպիրտ է պարունակում` էթանոլ և մեթանոլ, որոնք լյարդը մարսում է հերթականությամբ: Բրիտանացի հետազոտողների խոսքերով` մեթանոլը վերջինն է յուրացվում, ուստի այն երկար մնում է մեր օրգանիզմում և խումհարային տհաճությունների պատճառ դառնում:
Խումհարի ծանրությունը` 10 միավորից` 7:
Շամպայն
Այս փրփրագինին պատրաստվում է գինու կրկնակի թթվեցմամբ: Կալորիականությունը. մեկ գավաթի մեջ պարունակվում է 130 կկալ: Սովորաբար արտադրողները շամպայնի մեջ քիչ քանակությամբ քաղցրաջուր են ավելացնում` համը լավացնելու համար: Այդ պատճառով շամպայնը գինուց ավելի կալորիական է:
Դրական հատկանիշները. փրփրագինիների մեջ առկա հակաօքսիդիչները խոչընդոտում են նյարդային բջիջների քայքայումը և դրանով մարդուն պաշտպանում Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդություններից: Այդ հետևությանն են եկել Ռիդինգի համալսարանի գիտնականները, ովքեր շամպայնի մեջ բարձր քանակությամբ և օրգանիզմի համար օգտակար տիրոզոլ ու սրճաթթու են հայտնաբերել:
Բացասական հատկանիշները. պղպջակների առկայությամբ ոգելից խմիչքն ավելի արագ է ներծծվում արյան մեջ: Այդ պատճառով էլ շամպայնի քիչ քանակությունից կարելի է արագ հարբել: Տարածված կարծիքին հակառակ` այն ամենևին էլ չի նպաստում տրամադրության բարձրացմանը, ոգելիցը միանման է ազդում մեր ուղեղի վրա. ինչպես ասում են բրիտանացի թմրաբանները` այն միմիայն ճնշող ազդեցություն է ունենում: Սպիրտային խմիչքների կիրառումը նվազեցնում է մեր ուղեղի ակտիվությունը` ազատություն տալով զգացմունքներին և բթացնելով առողջ դատողությունը: Դրա ազդեցությամբ մենք դառնում ենք ավելի շատախոս, զգացմունքային և ավելի գրգռված, բայց` ոչ ավելի երջանիկ:
Խումհարի ծանրությունը. 10 միավորից` 7:
Վիսկի
Թունդ, անուշահամ ոգելից խմիչք է, որը պատրաստվում է ցորենի տարբեր տեսակներից` ծլեցման, թորման և կաղնե տակառներում երկարատև պահպանման միջոցով:
Կալորիականությունը. 35 մլ խմիչքը պարունակում է մոտ 80 կկալ:
Դրական հատկանիշները. ինչպես պնդում են բրիտանացի քիմիկոսները` վիսկիի բաղադրության մեջ բավականին մեծ քանակությամբ օգտակար էլագաթթու կա, որը դանդաղեցնում է որոշակի տեսակի քաղցկեղային ուռուցքների աճը և անգամ սպանում է քաղցկեղով ախտահարված բջիջները` չվնասելով առողջ բջիջներին:
Բացասական հատկանիշները. այս խմիչքի հանդեպ չափից դուրս մեծ սերը սպառնում է եթե ոչ սպիտակ տենդով, ապա` հաստատ զայրույթի անսպասելի և բուռն նոպաներով: Թունդ և անխառն վիսկին, մանավանդ առանց նախուտեստի խմելու սովորության պատճառով, շատ արագ է հարբեցնում և խմողին ստիպում անկանխատեսելի վարք ցուցաբերել: Ինչպես ցույց են տվել Մեծ Բրիտանիայի քիմիկոսների փորձարկումները` էթիլ սպիրտը (որն առկա է նաև վիսկիի մեջ) շատ արագ է յուրացվում օրգանիզմում, և առաջին բաժակից մեկ ժամ հետո խմողի արյան մեջ ոգելիցի մակարդակը հասնում է առավելագույնին: Հենց դրանով էլ բացատրվում է խմիչքի ազդեցությունը: Վիսկիի թերություններից է նաև այն, որ այդ խմիչքի պահպանման ընթացքում տարբեր խառնուրդներ են առաջանում, որոնք նպաստում են, որ խումհարն օղուց կրկնակի ծանր լինի:
Խումհարի ծանրությունը` 10 միավորից` 8:
Բրենդի
Բրենդին (նիդեռլանդերեն brandewijn` կրակե գինի, branden` այրել, wijn` գինի բառերից) ոգելից խմիչք է, խաղողի գինուց, մրգային կամ հատապտղային խմորված հյութից թորված խմիչքների ընդհանուր եզրույթը: Ավելի հաճախ բրենդին պատրաստվում է խաղողի գինուց:
Կալորիականությունը. 35 մլ-ն պարունակում է մոտ 80 կկալ:
Դրական հատկանիշները. քանի որ պատրաստվում է կարմիր գինուց` բրենդին հարուստ է հակաօքսիդիչներով: Ավստրալացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ (35 մլ) բրենդին հավասարազոր է վիտամին C-ի` օրվա ընթացքում խորհուրդ տրվող չափաբաժնին:
Բացասական հատկանիշները. բրենդիի հանդեպ սերը կարող է ամենածանր խումհարային համախտանիշի պատճառ դառնալ: Լոնդոնի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ազգային կենտրոնում կատարած հետազոտությունների համաձայն որքան մեծ է խմիչքի հնեցման ժամկետը` այնքան այն վնասակար նյութեր է պարունակում, որոնք առաջանում են պահպանման ընթացքում: Դրանք ապահովում են խմիչքի համն ու բույրը, միաժամանակ թունավորման ծանր ախտանիշների պատճառ դառնում: Նույնը վերաբերում է ռոմին, ջինին և արդեն հիշատակված կարմիր գինուն ու վիսկիին:
Խումհարի ծանրությունը` 10 միավորից` 9:















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post