Նկատենք, որ լրատվամիջոցներում երկարակեցության բաղադրատոմսերի պակաս չկա: Եվ յուրաքանչյուրն ամրապնդված է փորձով: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Մեկ րոպե ծիծաղելը 5 րոպեով կյանքը երկարացնում է
Բնականաբար, ոչ ոք վայրկենաչափով չի հաշվել, թե ով որքան է ծիծաղում ու որքան ապրում: Նման հետազոտություն անցկացնելն անհնար է. կյանքի տևողության վրա ազդում են մի շարք գործոններ, և հնարավոր չէ հաշվարկել այս կամ այն գործոնի առանձին ազդեցությունը:
Սակայն լավ տրամադրությունն ու դրական տրամադրվածությունը երկարակեցության կարևոր բաղկացուցիչներն են: Փաստ է, որ ծիծաղը հաստատ երկարացնում է մեր կյանքը՝ ի տարբերություն սթրեսների ու նյարդային լարվածության, որոնք անկասկած ավելացնում են մի շարք հիվանդությունների հավանականությունը:
40 տոկոսով կրճատիր ուտելիքի քանակը և կյանքդ 1,5 անգամ կերկարացնես
Համարենք, որ կյանքի միջին տևողությունը 70 տարի է: Ավելացնենք 35 տարի՝ կիսաքաղց կյանքի բոնուսը, և պատրաստվեք ձեր հարազատների հետ տոնելու ձեր 100-ամյակը: Բայց ինչո՞ւ այն երկրներում, որտեղ մարդիկ միշտ կիսաքաղցած են, երկարակյացներ գրեթե չկան: Այն, որ սննդակարգի կալորիականության իջեցումը երկարացնում է կյանքը՝ Վիրջինիայի համալսարանի գիտնականներն ապացուցել էին դեռ 20-րդ դարի 30-ականներին: Բայց՝ մկների, ձկների ու գորտերի վրա արված փորձերով: Իսկ երբ ցածրկալորիական սննդակարգին սկսեցին հետևել կաթնասունները՝ արդյունքներն այդքան տպավորիչ չէին: Ամերիկացի ու իտալացի մասնագետները հաշվարկեցին, որ շոշափելի արդյունքի հասնելու համար պետք է բավարարվել օրական 1000-1100 կկալով: Բայց նման սննդակարգը մեծացնում է առողջական խնդիրների առաջացման վտանգը, որոնք էլ կասեցնում են երկարակեցությունը: «Կենդանիների վրա կատարված փորձերի արդյունքները պետք է զգուշորեն մեկնաբանել: Չկա վստահություն, որ նույն օրինաչափությունները կգործեն մարդու օրգանիզմում, որն ավելի ենթակա է արտաքին միջավայրի ազդեցությանը: Այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանքների կարիք կա»,- նախազգուշացնում է Թոմաս Քիրքվուդը` անգլիական Նյուքասլ քաղաքի ծերացման խնդիրներով զբաղվող ինստիտուտի տնօրենը: Այդուհանդերձ` այս հետազոտություններից հաջողվել է դրական փորձ քաղել՝ ամերիկացի գերոնտոլոգ ու իմունոլոգ դոկտոր Ռեյ Ուոլֆորդը մշակել է ընդհանուր կանոններ, որոնց կարելի է հետևել, նա դրանք փորձարկել իր վրա:
Ցածրկալորիական երկարակեցության 5 կանոն:
Երեխաների սննդակարգը սահմանափակելը թույլատրելի է միայն ծայրահեղ դեպքերում: Սննդակարգի բաղադրությունն ու կալորիականությունը պետք է փոխել աստիճանաբար: Կոշտ սննդակարգերը և երկարատև սովը ավելի շատ կարճացնում, քան երկարացնում են կյանքը:
Տղամարդկանց սննդակարգը չպետք է լինի օրական 2000 կկալ-ից, իսկ կանանցը՝ 800 կկալ-ից քիչ:
Ընտրեք մթերքներ, որոնք շատ սննդարար նյութեր են պարունակում, բայց՝ քիչ կալորիաներ, անպայման կերեք մրգեր և բանջարեղեն:
Հրաժարվեք դատարկ կալորիաներից, առաջին հերթին՝ ռաֆինացված շաքարից:
Շաբաթական 5 անգամ 30-ական րոպե քայլեք` ձեր կյանքը 2 տարով կերկարացնեք
Իսկ եթե 40 րոպե քայլեք և ամեն օր՝ ավելի երկա՞ր կապրեք: Եվ ով գիտի, թե ինչքան ես կապրեի, եթե առհասարակ ոչ մի բուժական զբոսանք չանեի: Թերահավատության հիմքերն իրականում շատ են: Ձեզ ներկայացված բանաձևը Հարվարդի համալսարանի գիտնականների փորձի արդյունքն է: Նրանք ընդամենը որոշել են պարզել ֆիզիկական ծանրաբեռնվածության պարտադիր նվազագույնը, որով կարելի է խուսափել սակավաշարժությունից և դրանով պայմանավորված հիվանդություններից: Փորձի համար 72 հազար բուժքույր էին ընտրել: Պարզվել էր, որ նրանք, ովքեր օրական կես ժամից ավելին են քայլում, մեկ երրորդով կրճատում են կաթվածի վտանգը: Այսպիսով՝ բժիշկները ձևակերպեցին իրենց հիմնական խորհուրդը` առողջությունը պահապանելու համար պետք է քայլել օրական կես ժամից ոչ պակաս: Դրա հիման վրա երկարակեցության բանաձև մշակելու փորձն արդեն լրագրողների խղճի վրա է:
Համբուրվեք, և ձեր կյանքի տարիները կբազմապատկվեն 5-ով
Այդ թվաբանության հեղինակները բրիտանացի գիտնականներն են: Պարզվում է, որ համբուրվելիս մեր օրգանիզմում աշխուժանում են նեյրոպեպտիդները, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, լավացնում հիշողությունը և նույնիսկ կարգավորում քունը: Համբուրվելիս զարկերակը հաճախանում է՝ մինչև րոպեում 120 հարված (սրտի լավ մարզանք), ճնշումն ակնթարթորեն բարձրանում է, արյան հոսքը բջիջներն ապահովում է թթվածնի զգալի չափաբաժնով, արտադրվում են էնդորֆիններ` երջանկության հորմոններ, որոնց շնորհիվ աշխարհին ավելի բարյացակամորեն ենք նայում ու առանց նյարդայնանալու: Նույն երևույթներն են կատարվում նաև սեքսի ժամանակ, եթե իհարկե այն ձեզ բավականություն է պատճառում: Սեքսի ժամանակ օրգանիզմը մի փոքր սթրես է ապրում, բայց դա օգտակար է, այն թարմացնում և աշխուժացնում է օրգանիզմի բոլոր համակարգերը:
Աշխատանքին վերաբերվեք ստեղծագործաբար և 6,5 տարով երկար կապրեք
Նման եզրակացության են հանգել 2 600 մասնակիցներով իրականացված հետազոտության հիման վրա. «Երբ աշխատում ենք հաճույքով՝ խուսափում ենք հիմնական բացասական գործոնից` մշտական սթրեսից»,- վստահ են Տեխաս նահանգի համալսարանի գիտնականները: Բացի դրանից՝ ստեղծագործող մարդիկ որպես կանոն ավելի լավ են քնում և ճիշտ սնվում:
Հետազոտությունը ոչ թե բժշկական էր, այլ սոցիոլոգիական` հեռախոսային հարցման ձևով: Գիտնականները հետաքրքրվել էին, թե որտեղ են աշխատում կամավորները, որքան են վարձատրվում, արդյոք գո՞հ են աշխատանքից, ինչպե՞ս են իրենց զգում: Նրանք, ովքեր գործունեության բնույթով մտավոր բարդ խնդիրներ էին լուծում (ամենևին էլ պարտադիր չէ՝ ստեղծագործական) ունեն համեմատաբար երիտասարդ, ֆիզիկական կամ ոչ բարդ մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց բնորոշ առողջական ցուցանիշներ: Տարիքային միջին տարբերությունը կազմել է 6,5 տարի:
Սիրեք, և ձեր կյանքը կերկարի 5 տարով
Սա՝ ըստ ամերիկացի գերոնտոլոգների հաշվարկների: Իսկ ահա իսրայելական հետազոտությունները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, ովքեր սիրված են իրենց կանանց կողմից, կիսով չափ ավելի քիչ են հիվանդանում անգինայով և սրտի նոպաներ ունենում, քան նրանց այն հասակակիցները, ովքեր կանանց հետ հարաբերություններում խնդիրներ ունեն:
Իսկ պրոֆեսոր Մարկ Քոուենը (Մելբուռն) ծերացման ու երկարակեցության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ միայն կնոջ հանդեպ սերը չէ, որ երակարացնում և ուրախ է դարձնում մեր կյանքը: Սիրել կարելի է ինչ ասես` որևէ զբաղմունք կամ նույնիսկ ինքներդ ձեզ... Այո, այո՝ ինքնագոհ մարդիկ գրեթե ենթակա չեն սթրեսների ու սրտի հիվանդությունների: Գիտնականը սերը բնորոշում է որպես մի բան, որը ժամանակին ստիպում է կանգ առնել:
Ցանկացած զբաղմունք, որի ընթացքում դուք կորցնում եք ժամանակի զգացողությունը` սիրելի զբաղմունք է, ասում է պրոֆեսոր Քոուենը: Եվ կան գիտական ապացույցներ, որ զբաղմունքից ստացած բավականությունը երկարացնում է կյանքը:
Ամփոփենք
Թողնենք թվաբանությունը: Կյանքը մաթեմատիկական գործողություն չէ՝ դրանում չկան կյանքի տարիների պարզ գումարում և հանում: Հակառակ դեպքում երկարակեցությունը ոչ մի դժվարություն չէր լինի: Եթե ուզում եք ավելի երկար ապրել՝ մի վազեք նորաձև բաղադրատոմսերի հետևից, այլ պարզապես փորձեք չկրճատել բնության կողմից ձեզ հատկացված կյանքի տևողությունը:
Հավասարակշռված սնունդ, ֆիզիկական աշխուժություն, կանոնավոր այցեր բժշկին՝ ահա երկարակեցության ամենահուսալի բանաձևը:
Ու մի մոռացեք, որ կյանքը չափվում է ոչ միայն շնչելու և արտաշնչելու քանակով, այլև այն ակնթարթներով, երբ շունչդ կտրվում է երջանկությունից կամ բավականությունից:
Հուշաթերթիկ՝ երկարակեցության թեկնածուների համար
Մի կողմ դրեք անէական թվերը՝ տարիքը, քաշը (եթե այն, իհարկե, չափազանց շատ չէ), հասակը… Այդ հաշվարկները թողեք բժիշկներին:
Ձգտեք ձեզ շրջապատել միայն ուրախ ընկերներով: Նվնվացողները ձեզ էլ են իրենց հետ դեպի ճահիճ քաշում:
Շարունակ սովորեք՝ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեք համակարգիչների, արհեստների, այգեպանության, ինչի մասին ասես: Երբեք մի թողեք, որ ուղեղը ծուլանա: Ծույլ ուղեղն ուղիղ ճանապարհ է դեպի Ալցհեյմերի հիվանդություն:
Հաճույք ստացեք հասարակ բաներից:
Ավելի հաճախ ծիծաղեք և որքան կարող եք՝ բարձր ու երկար:
Ծանր օրեր կան բոլորիս կյանքում՝ դիմացեք, վշտանալուց հետո շարունակեք առաջ շարժվել:
Հիշեք, որ միակ մարդը, ով ամբողջ կյանքում ձեզ հետ է լինելու՝ ինքներդ եք:
Ձեզ շրջապատեք այն մարդկանցով ու իրերով, որոնց սիրում եք: Ձեր տունը ձեր ամրոցն է և ապաստարանը:
Պահեք ու փայփայեք ձեր առողջությունը:
Մոռացեք մեղքի զգացման մասին, երբեք և ոչ մի բանում մի արդարացեք՝ դուք մեղավոր չեք:
Ամեն հնարավորության դեպքում ձեր սիրելիներին ասեք, որ սիրում եք նրանց:

















