Հարցազրույց գինեկոլոգ-վիրաբույժ Արշակ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ
- Պարոն Սիմոնյան, ինչո՞ւ ընտրեցիք գինեկոլոգիան, ձեր ընտանիքում եղե՞լ են գինեկոլոգներ:
- Փոքրուց զբաղվել եմ մարմնամարզությամբ, հաճախել եմ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Երբ հասունացավ մասնագիտություն ընտրելու պահը` ես հայտարարեցի, որ ուզում եմ մարզիչ դառնալ, որովհետև կյանքս առանց սպորտի չէի պատկերացնում: Ի դեպ ծնողներս երբեք չեն փորձել ինձ «կողմնորոշել» մասնագիտության ընտրության հարցում, որի համար շատ շնորհակալ եմ: Ավարտելով ֆիզկուլտուրայի ինստիտուտը` ընդունվեցի աշխատանքի, բայց շուտով համոզվեցի, որ մարզչի, ասել է թե` մանկավարժի մասնագիտությունն ինձ համար չէ: Գուցե՞ բժիշկ, մտածեցի, մանավանդ լինելով սպորտի վարպետ և գերազանց ավարտելով ինստիտուտը, բոլոր հնարավորություններն ունեի Տարտուի պետական համալսարան ընդունվելու, որն այն ժամանակ Միությունում միակ` սպորտային բժիշկներ պատրաստողն էր: Կրկին չսխալվելու համար հորս հետ մտա վիրահատարան: Ինձ համար այնպիսի զգացողություն էր` կարծես եկեղեցի մտած լինեի. այնտեղ էլ, ինչպես եկեղեցում, ամեն ինչ արարողակարգային է, ես սիրահարվեցի վիրաբույժի ֆանտաստիկ մասնագիտությանը:
- Բայց դուք կատարել եք մեկ շրջադարձ ևս:
- Իսկ դրա «մեղավորն» արդեն առաջնեկիս ծնունդն էր: Եվ մեկընդմիշտ որոշեցի դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ: Դրանում մեծ էր Տարտուի համալսարանի գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս-բժիշկների ազդեցությունը, ովքեր փրկեցին կնոջս և երեխայիս կյանքը: Ասեմ, որ այդ համալսարանում հայերի նկատմամբ ավանդական լավ վերաբերմունք է ձևավորված` սկսած Աբովյանի ժամանակներից, որը մեզ հպարտության հետ մեծ պատասխանատվություն էր ներշնչում:
- Ասում են` վիրաբույժներն ամենասնահավատ մարդիկ են...
- Իհարկե բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել, սակայն որտեղ շատ են զգացմունքները, ռիսկը, գործունեության էքստրեմալ ձևը, փնտրում ես քեզ հանգստացնելու միջոցներ: Քանի որ ստացել եմ խորհրդային աթեիստական դաստիարակություն, միգուցե վիրահատարա ն մտնելուց առաջ չխաչակնքեմ, բայց զգացողությունները նույնն են` մտածում ես քեզ օգնող ուժի մասին:
- Շատ հաճախ գինեկոլոգիական վիրահատական միջամտությունից հետո կանայք ոչ լիարժեք են զգում, դա հոգեբանական խնդի՞ր է, թե իսկապես բացասաբար է ազդում կնոջ կենսակերպի վրա:
- Իսկապես կան հիվանդություններ, որոնց դեպքում ցավոք սրտի ստիպված ենք հեռացնել գրեթե բոլոր ներքին սեռական օրգանները: Որքան մեծ է վիրահատության ծավալը, այնքան շատ են հետվիրահատական խնդիրները: Իհարկե առկա է նաև հոգեբանական խնդիրը, ուղղակի հիվանդը պետք է գիտակցի, որ դա արվում է իր առողջության համար: Կան հորմոնային դեղամիջոցներ, որոնք հեռացված օրգանի փոխարեն հավասարակշռությունը կպահպանեն: Այդ մասին հիվանդին պետք է իրազեկել մինչև վիրահատությունը: Մեծ է նաև մտերիմների ու հարազատների դերը: Գիտակցությունը, որ ինքը պետք է երեխաներին, ամուսնուն, շրջապատին, աշխատավայրում, օգնում է այդ փուլն ավելի հեշտ հաղթահարելուն:
- Արտասահմանյան երկրներում շատ ընդունված հորմոնային դեղամիջոցներով բուժմանը մեր երկրում կանայք վախով են վերաբերվում, դա անիրազեկությունի՞ց է, թե իսկապես ծայրահեղ միջոց է և ոչ միշտ խրախուսելի:
- Հորմոն բառից հասարակությունը մի քիչ վախենում է, դա նախ անտեղյակությունից է, երբեմն էլ հորմոնային թերապիան հնարավոր է` ցուցումով չնշանակվի և ունենա հակառակ ազդեցություն: Իհարկե շատ կարևոր է բժշկի պրոֆեսիոնալիզմը, նաև հիվանդի պատրաստ լինելը: Այսինքն հիվանդը պետք է գիտակցի, որ այդ բուժումն անհրաժեշտ է: Չէ՞ որ յուրաքանչյուր դեղամիջոց, սկսած անվնաս թվացող ցավազրկող միջոցներից, անպայման հակացուցում ունի, մինչդեռ առանց մտածելու կուլ ենք տալիս հաբերը: Նույնը և հորմոնային դեղամիջոցների դեպքում` հիվանդը պետք է գիտակցի, որ դրանց օգուտն ավելի մեծ է:
- Որքան բժշկությունը զարգանում է` այնքան հիվանդությունները կարծես շատանում ու երիտասարդանում են, այդ թվում նաև գինեկոլոգիական հիվանդությունները: Համենայնդեպս հայուհիների շրջանում սեռական օրգանների ուռուցքային հիվանդությունները բավականին տարածված են, ընդ որում ոչ միայն հասուն տարիքի կանանց, այլև դեռահասների շրջանում, դա ունի՞ իր բացատրությունը:
- Հայաստանի վիճակագրությունը չգիտեմ որքանով է հավաստի, բայց ամբողջ աշխարհում միտումն այսպիսին է. իսկապես, շատ-շատ հիվանդություններ, այդ թվում չարորակ ուռուցքները, ավելի են երիտասարդանում: Անշուշտ մեծ է շրջակա միջավայրի ազդեցությունը, որը ներառում է սնունդը, օդը, ճառագայթումը: Չմոռանանք նաև, որ սեռական օրգանների հիվանդությունները հիմնականում վիրուսային ծագում ունեն: Նույնիսկ միոմաները, արգանդի վզիկի ուռուցքը, սկսվում են անմեղ թվացող բորբոքումներից:
- Վերջերս ռուսական հեռուստատեսության «Ապրեք առողջ» հաղորդման ժամանակ հայտարարեցին, որ բժշկությունը հայտնաբերել է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարելու բավականին պարզ միջոց. ընդամենը 3 ներարկում` 10-26 տարեկան աղջիկներին, և նրանք ամբողջ կյանքում պաշտպանված կլինեն այդ հիվանդությունից: Այդ փորձը մեր երկրում կա՞:
- Հաստատված է` HPV վիրուսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող վիրուսներից մեկն է: Եվ այդ վիրուսի դեմ հայտնաբերվել է պատվաստանյութ: Պատվաստումը կատարվում է սկսած 10 տարեկանից, ընդ որում կինը որքան երիտասարդ է, այնքան այն արդյունավետ է: Երեք ներարկում է արվում` որոշակի ընդմիջումներով: Հայաստանում արդեն մի քանի տարի է` բժիշկները պատվաստանյութն օգտագործում են, բայց քանի որ շատերն այդ մասին դեռևս չգիտեն, հիմնականում մենք ենք առաջարկում: Մինչդեռ այս մասին պետք է բոլորն իմանան: Չգիտես ինչու` մարդիկ թերահավատորեն են վերաբերվում պատվաստում հասկացությանը: Ի դեպ որքան կնոջ մտապաշարը հարուստ է, այնքան ճիշտ է կողմնորոշվում: Հետևաբար մենք նախևառաջ խնդիր ունենք մարդկանց բացատրելու, ոչ թե համոզելու, որպեսզի իրենք գիտակցեն պատվաստման անհրաժեշտությունը:
- Իսկ հնարավո՞ր է, որ պատվաստումը համընդհանուր լինի` ինչպես մանկական շատ հիվանդությունների դեպքում:
- Եթե անվճար լինի` ինչպես արտասահմանյան երկրներում: Իսկ մեր մոտ յուրաքանչյուր ներարկում արժի 35-40 հազար դրամ:
- Փաստորեն դա պետական մակարդակով լուծելիք հարց է:
- Այո, դա կարևորագույն, առաջնահերթ խնդիր է, չէ՞ որ կնոջ առողջությամբ է պայմանավորված ժողովրդագրական կարևորագույն` վերարտադրողության խնդիրը: Էլ չեմ ասում, որ շատ հաճախ այդ հիվանդությունը ոչ միայն չբերության, այլև մահացության պատճառ է դառնում:
- Երիտասարդ աղջիկները հիմնականում ի՞նչ հարցերով են դիմում:
- Որպես կանոն` դրանք բորբոքումներն են, որոնք ցավոք հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով: Երկրորդը` անցանկալի հղիությունները: Իսկ այդպիսի խնդիրներ ծագում են միայն անտեղյակությունից, քանի որ այն ինֆորմացիան, որ պիտի երիտասարդը (աղջիկ կամ տղա) ստանա մինչև սեռական կյանք սկսելը, չի ստանում: Ինֆորմացիան պետք է լինի լիարժեք և հասանելի: Ես դա համեմատում եմ բնության աղետի` երկրաշարժի հետ: Մեր երկիրը գտնվում է սեյսմիկ գոտում, և յուրաքանչյուր ոք պետք է իմանա, թե ինչպես իրեն պահի երկրաշարժի ժամանակ: Նույնն այս դեպքում. որքան իրազեկված է երիտասարդը` այնքան «փրկվելու» հնարավորությունը մեծ է, այսինքն պաշտպանված է հնարավոր հիվանդություններից և հետևանքներից:
- Մի ժամանակ դեռահասների սեռական դաստիարակության մասին հաճախ էին խոսում, բայց այդպես էլ որպես դասավանդվող առարկա դպրոց չմտավ:
- Ցավոք, ճիշտ եք: Դպրոցների ղեկավարների հրավերով աշակերտների հետ հաճախ եմ հանդիպում: Երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որ ոչ մի մեծի գլխում չի ծագի: Իրազեկվածությունը նրանց անհրաժեշտ է, քանի որ միայն այդ դեպքում կպակասեն սեռավարակները, անցանկալի հղիությունները, չէ՞որ յուրաքանչյուր հղիության ընդհատում կնոջ օրգանիզմի համար մեծ փորձություն է, մինչդեռ մեր երիտասարդները դա չեն գիտակցում, գալիս են աբորտի` կարծես ատամ հեռացնելու: Դա շատ անլուրջ վերաբերմունք է: Սեռական հարաբերությունը բնազդ է` ինչպես սովը, վախը և այլն: Դու չես կարող երիտասարդին արգելել, բայց կարող ես և պարտավոր ես ճիշտ ուղղորդել նրան, որպեսզի հնարավորինս հեռու մնա սխալներից: Մինչև հղիության ընդհատումը շատ երկար զրուցում ենք, բացատրում և համոզում չընդհատել, և այդպիսով շատ երեխաների հնարավորություն ենք տվել լույս աշխարհ գալու: Ստացվում է, որ ֆիզիոլոգիան և ավանդապաշտությունը հաճախ հակասում են: Պրոֆեսիոնալ բժշկի համար հիվանդի առողջությունն առաջնային է:













