Ամուսնական կյանքի սարսափելի մանրամասները
Մանկուց մեզ սովորեցնում են, որ մարդու գլխավոր հենարանն ընտանիքն է: Դա այն տեղն է, որտեղ մենք օգնություն ու սեր ենք ստանում, որտեղ մեզ շրջապատում են հարազատ մարդիկ: Վայր, որտեղ մեզ պաշտպանված ենք զգում: Բայց ինչ անես, երբ այն շրջվում է քո դեմ, երբ կյանքիդ սպառնում են... ընտանիքում, այն էլ` նորաստեղծ:
Շուրջ մեկ տարի մամուլի քննարկման առարկան Սանկտ Պետերբուրգում բնակվող Զիրոյանների ընտանիքում կատարվածն է` երկու հարսների նկատմամբ կիրառված ընտանեկան բռնության սահմռկեցուցիչ պատմությունը:
Խաբեցին-տարան
Մարիամը դպրոցն ավարտելուց հետո վարսավիրություն էր սովորում: Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանն այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ` Գևորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը Գևորգյանների ընտանիքի միջնեկ դստեր սկեսրոջ հարազատ քույրն էր: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծված է, իսկ հարսի ձախ աչքը կուրացել է, և նա, Դավիթին չդժբախտացնելու պատճառաբանությամբ, նրան լքել է:
Վստահելով բարեկամական կապին` Մարիամի ծնողները համաձայնում են իրենց աղջկան կնության տալ Դավիթին: Ամեն ինչ շատ արագ է դասավորվում: 2009 թ. նոյեմբերի 19-ին երիտասարդները նշանվում են: Մի քանի օր անց Դավիթը, իսկ դեկտեմբերի 22-ին Մարիամն ու սկեսուրը մեկնում են Սանկտ Պետերբուրգ: Ինչպես հետագայում լրագրողներին խոստովանել էր Մարիամի հայրը` «աղջիկն ուրիշ ուզողներ է ունեցել, բայց նրանք խաբեցին-տարան, մենք էլ չիմացանք` ում տվինք»:
Ամուսնությունից երկու շաբաթ չանցած` դաժան պատմությունը «մեկնարկում» է: Մարիամին սկսում են խոշտանգել: Դաժան ծեծերը, նվաստացումները, հոգեբանական ճնշումներն իրար են հաջորդում: Մարիամի փաստաբան Նոնա Գալստյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց երիտասարդ կնոջ ամուսնական կյանքի սարսափելի մանրամասները: Նրա խոսքով` ամենատարբեր պատճառներով սկեսուրն իր հերթին, ամուսինն իր` Մարիամին դաժանորեն ծեծել են: Սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի դաժանությունն արտահայտվել է առանձնակի ձևով: «Նա պատառաքաղով և եղունգներով ծակծկել է հարսի մարմնի տարբեր մասերը: Մկրատով, դանակով, շերեփով հարվածել է մարմնի տարբեր մասերին` քթին, դեմքին, գլխին: Քիթը կոտրվել է, ականջների տարբեր հատվածներ աքցանով պոկել է: Այժմ Մարիամի մի ականջը սալջարդ ունի, իսկ մյուս ականջի վերևի մասն ընդհանրապես բացակայում է: Դեմքին սպիներ կան: Արդուկով այրվել են մարմնի տարբեր հատվածները` մեջքը և ձեռքը: Կրակայրիչով այրել են կրծքի ներքևի հատվածներն ու սեռական ներքին օրգանները»: Փաստաբանի խոսքով` եղել են նաև գործողություններ, որոնք հետք չեն թողել: Օրինակ` Հայկանուշը Մարիամին մերկ վիճակում մեկ ոտքի վրա ժամերով կանգնեցրել է սառը սենյակում, խմեցրել իր իսկ արյունը և դաժան այլ գործողություններ:
Եվ այսպես` 10 ամիս... Մարիամի ամուսնական կյանքը վերածվում է ծեծի և կտտանքների:
Հայրը` Համազասպ Գևորգյանը, «Հետք» էլեկտրոնային կայքին պատմել է, որ այդ ամիսների ընթացքում իրենք պարբերաբար զանգահարել են դստերը, հարցրել` ինչպես է, բայց միայն ստացել են «լավ եմ, չանհանգստանաք» պատասխանը: Աղջիկը նույնիսկ մի անգամ ծնողներին չի հարցրել` նրանք ինչպե՞ս են: Ծնողներն սկսել են կասկածել: Հարցուփորձով նրանց հաջողվել է գտնել Դավիթի նախկին կնոջը: Մելինեի մայրը Մարիամի ծնողներին ասել է, որ աղջկան հետ բերեն, փրկեն` քանի ուշ չէ:
Մարիամի ծնողները Հայկանուշին խնդրել են իրենց աղջկան հետ ուղարկել Հայաստան` ասելով, որ այլևս չեն դիմանում կարոտին: Հայկանուշը պատասխանել է, որ դա որդու` Դավիթի որոշելիք հարցն է: Իսկ Դավիթը մերժել է կնոջ ծնողների խնդրանքը:
Մ արիամին հաջողվում է փախչել ամուսնության միայն 10-րդ ամսվա ընթացքում: Սակայն փախուստն անհաջող էր: Որպես պատիժ` նա կրկին ենթարկվում է դաժան ծեծի: Եվ միայն դրանից երկու շաբաթ անց Զիրոյանների ընտանիքը որոշում է Մարիամին հետ ուղարկել Հայաստան:
Օդանավակայանում աղջկան դիմավորելու եկած հայրը` Համազասպ Գևորգյանը, Մարիամին նույնիսկ չի ճանաչել:
Մարիամին այցելել է Դավիթի նախկին կինը` Մելինեն, ու պատմել Դավիթ Զիրոյանի հետ իր ամուսնական կյանքի ահավոր պատմությունը:
Առաջին զոհը
(Նյութը ներկայացվում է` ըստ «Հետք» կայքի)
Մելինեն Դավիթի հետ ամուսնացել է 18 տարեկանում` 2005 թ.:
Ամուսնու ընտանիքի հետ Սանկտ Պետերբուրգում ապրել է շուրջ 3 տարի, որից հետո հայրական տուն է վերադարձել հաշմանդամ դարձած. նրա մարմնի տարբեր հատվածներում առկա են վնասվածքների հետքերը, իսկ ձախ աչքն այլևս չի տեսնում: Մելինեի խոսքով` Դավիթը տարբեր տարողությամբ «զակատ արած բանկաներ» է կոտրել գլխին, իսկ սկեսուրը մազերն այնպես է քաշել, որ փունջ-փունջ պոկվել են:
Մի անգամ Դավիթն աթոռով խփել է գլխին, Մելինեն ցանկացել է ձեռքով պաշտպանվել, մատը կոտրվել է: Այդ վիճակում շարունակել է գործ անել, մինչև ցավը բթացել է: Երբ եկել է Հայաստան` մատը վիրահատել են:
Համեմատելով իր 3 տարվա «ամուսնական» կյանքը Մարիամի` 10-ամսյա սանկտպետերբուրգյան տանջանքների հետ` Մելինեն քմծիծաղով ասել է, թե ինքն անհամեմատ ավելի լավ վիճակում է եղել` իրեն չեն վառել, ամիսը մեկ սկեսուրը թույլատրել է 2 րոպեով տաք ջրով լոգանք ընդունել, մեկ էլ հիմնականում պառկած է քնել` խոհանոցի կամ միջանցքի հատակին պառկած:
Մելինեի խոսքերով` Ռուսաստանում իրեն ընդամենը երկու անգամ են տարել բժշկի. առաջին դեպքում` աչքի համար, երկրորդում` աբորտի. «Երբ հղի էի, սկեսուրս իմացավ, կատաղեց: Սկսեց խփել մեջքիս ու փորիս: Ասում էր. «Դու ինադու ես մնացել, որ մեր փողերին տիրանաս, ուզում ես ոտքդ պնդացնես»: Երեխան երեք ամսական էր, տարան հանելու», պատմել է Մելինեն: 2-րդ անգամ Մելինեին բժշկի տարել են, երբ նրա ձախ աչքից անընդհատ սկսել է արցունք հոսել: Բժիշկներից մեկը նույնիսկ թուղթ է տվել, որ դա գլխին, աչքին բութ առարկայով հարվածելու հետևանք է:
2008 թ. ամռանը Մելինեն Հայաստան է վերադարձել սկեսրոջ հետ: Ընդ որում նա Սանկտ Պետերբուրգում ասել է, թե արդեն «հերիք ա ծառայես», էս 3 տարում քո կերածի ու տոմսի փողը աշխատեցիր, հիմա քեզ տանում եմ տուն ու եթե ինչ-որ բան պատմեցիր, քրոջդ ամուսնուց բաժանել, ձերոնց էլ` գյուլլել կտամ»:
Իր հետ կատարված այս դաժանությունների մասին Մելինեն չի բարձրաձայնել մինչև Մարիամի` Հայաստան վերադառնալը: 
Երկու կանայք միավորվում են
Դավիթ Զիրոյանի նախկին կանայք ոստիկանությունում հաղորդում են տվել 2010 թ. հոկտեմբերի 25-ին: Մի քանի օր անց հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 28-ին Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել առանձնակի դաժանությամբ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության և ծանր վնաս պատճառելու» հոդվածներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Դավիթին «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» (բայց առանց «առանձնակի դաժանության») և «Ծեծ» հոդվածներով մեղադրանք է առաջադրվել դրանից 4 ամիս անց` 2011 թ. ապրիլի 1-ին:
Համաձայն այդ հոդվածների` Դավիթին կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Սակայն նախաքննության ընթացքում Զիրոյանն ազատ է արձակվել Անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի առաջարկով խորհրդարանի կողմից հայտարարված համաներմամբ: «Կա մի կարևոր հանգամանք. Դավիթը համաձայնել է, որ իր նկատմամբ կիրառվի համաներում: Իսկ դա հաստատում է այն, նա ընդունում է իր կողմից որոշակի գործողությունների կատարումը», մեզ հետ զրույցում նշեց Մարիամի փաստաբան Նոնա Գալստյանը:
«Հետքի» հոդվածներում հրապարակված հանգամանքների շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Մելինե Բայաթյանն իր նախկին ցուցմունքների և պատմածների որոշ մասից հրաժարվել է: Օրինակ նա նշել է, որ աչքը կուրացել է սխալ բուժման պատճառով (Մինչդեռ «Հետքին» նա պատմել էր, որ Դավիթն ու մայրն են աչքին հարվածել): Արդյունքում Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքն ավելի մեղմ պատիժ է սահմանում, քան կարող էր լինել նախկին ցուցմունքների առկայության պայմաններում:
Ահա այս պատկերով գործը մտնում է դատական քննության փուլ:
Կողմնակալ վերաբերմունք` հենց սկզբից
Փաստաբան Նոնա Գալստյանի խոսքով` գործի դատական քննության ընթացքում հենց սկզբից դատարանի կողմից անհասկանալի պատճառներով առանց որևէ միջնորդության առկայության ԶԼՄ-ներին արգելվել է կատարել լուսանկարահանում` պատճառաբանելով, որ հաշվի են առնվել կողմերի կարծիքները: Մինչդեռ ի տարբերություն առաջին տուժողի և ամբաստանյալի` երկրորդ տուժողը` Մարիամ Գևորգյանը, չի առարկել, որ լուսանկարահանում կատարվի:
Այնուհետև ամբաստանյալի պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է դատավարությունն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ գործը վերաբերում է անձնական և ընտանեկան կյանքին: Տուժողներից Մելինե Բայաթյանը միջնորդությանը միացել է, ընդ որում՝ պաշտպանը դատարանում բացեիբաց հայտարարել է, որ նիստից առաջ խոսել է Մելինեի հետ և ճշտել, որ նա նույնպես դռնփակ դատավարությանը կողմ է: «Այսինքն՝ ամբաստանյալի ներկայացուցիչն ու տուժողը արտադատական կապերի մեջ են», արձանագրում է Մարիամի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը: Նա դատաքննությունը փակ անցկացնելու դեմ առարկել է` պնդելով, որ գործը մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություն է: «Այդ որոշումը կայացվեց օրենքի այն պահանջների խախտմամբ, որոնք սահմանում են, թե որ դեպքերում կարող է իրականացվել դռնփակ քննություն, մեզ հետ զրույցում նշում է փաստաբանն ու շարունակում: Ըստ օրենքի` դռնփակ դատավարություն իրականացվում է բացառիկ դեպքերում, եթե անձնական, ընտանեկան կյանքին է առնչվում հանցագործությունը, պատվին ու արժանապատվությանը ու եթե չի խախտում արդարադատության շահերը ու չի հանգեցնում հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը»:
Փաստաբանի այս բոլոր կետերի վերաբերյալ դատարանի պատճառաբանությունն ընդամենը մեկ նախադասությամբ է լինում` դատարանը գտավ, որ անհրաժեշտ էր իրականացնել դռնփակ դատական քննություն, քանի որ արդարադատության շահերը որևէ կերպ չեն խախտվում:
«Սա արդեն մեզ համար հիմք էր` փաստելու այն, որ դատարանն ունի կողմնակալ և ոչ անաչառ վերաբերմունք հօգուտ ամբաստանյալ կողմի», ասում է փաստաբան Նոնա Գալստյանը:
Այս հիմքով դատավարությունը դռնփակ անցկացնելու մասին դատավորի որոշումը փաստաբանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, դատարանն այն վարույթ չի ընդունել: Նոնա Գալստյանը որոշումը պատրաստվում է բողոքարկել նաև Վճռաբեկ դատարանում: Փաստաբանի խոսքով` եթե Վճռաբեկ դատարանը ևս բողոքը վարույթ չընդունի, իրենք կբողոքարկեն Եվրոպական դատարանում:
«Իսկ ինչո՞ւ է Դավիթի նախկին կինն այժմ տարօրինակ կերպով լռում և չի ցանկանում որևէ բան պատմել» հարցին Նոնա Գալստյանը պատասխանեց. «Այժմ գործի դատական քննության փուլում ենք, նախաքննության ընթացքում նա որոշակի բովանդակության ցուցմունքներ տվել է: Թե դատական քննության ընթացքում ինչ կասի` չեմ կարող կռահել և ընդհանրապես` չեմ ուզում անդրադառնալ առաջին կնոջը, ասաց Նոնա Գալստյանը: Մեզ համար անհասկանալի էր Մելինեի` իր տված ցուցմունքներից հրաժարվելը, բայց որևէ գնահատական տալ չեմ ուզում, քանի որ երբ մարդը տալիս է որոշակի ցուցմունք, օրենքի համաձայն նախազգուշացվում է, նա ստորագրում է կեղծ կամ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար: Այս դեպքում յուրաքանչյուր մարդ ինքը պետք է գնահատի իր գործողությունները և իրավական հետևանքները», իր խոսքը եզրափակեց փաստաբանը:
Նոնա Գալստյանի խոսքով` Մարիամի հետ կատարվածն ընտանեկան բռնության վառ օրինակ է. «Սա այն բացառիկ դեպքերից է, երբ զոհը բարձրաձայնում է իր հետ կատարվածի մասին: Շատ հաճախ նման դեպքերի մասին նույնիսկ բարձր չեն էլ խոսում: Որոշ անհամաձայնությունների, թերությունների հետ մեկտեղ նախաքննություն իրականացվեց, և գործը հասավ դատարան:
Փաստաբանն ակնկալում է, որ գործի դատական փուլում ևս կկատարվի օբյեկտիվ դատաքննություն` հրապարակային, թափանցիկ, արդարադատության բոլոր պահանջների պահպանմամբ:
Արդյո՞ք կլինի այնպիսի դատավճիռ, որը հետագայում կկարողանանք վկայակոչել ընտանեկան այլ բռնությունների պարագայում: Արդյո՞ք մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ... Փաստաբանը, համենայնդեպս, հույսը դեռ չի կորցրել:













