Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների դասիչը ինդեքս, որի համաձայն 2012 թ. ապրիլին 2011 թ. ապրիլի նկատմամբ Հայաստանում գնաճը կազմել է 1,9%: Ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 0,6% գնանկում: Պարենային ապրանքների գները 12-ամսյա կտրվածքով աճել են 1,1%-ով, ոչ պարենայինը` 4,3%-ով, ծառայություններինը` 1,5%-ով: 2012 թ. առաջին եռամսյակում սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5%, ինչը 0,7 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: 2012 թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1,4% գնանկում` իջել է բանջարեղենի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի գինը: Չի իջել ծխախոտի և ոգելից խմիչքի գինը:
2012 թ. ապրիլին մարտի համեմատությամբ 7,6%-ով իջել է բանջարեղենի և կարտոֆիլի գինը` պայմանավորված խառը կանաչու, վարունգի, սխտորի, սմբուկի, ճակնդեղի և լոլիկի գնանկումով: Կարագի գնանկում տեղի է ունեցել 2,8% տոկոսով, բուսական յուղի գնանկում` 1,7%-ով: Շաքարավազի գինը 18,4 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սակայն նախորդ ամսվա համեմատությամբ իջել է 1,5%-ով: Կաթնամթերքի` տարեսկզբին գրանցված գների կտրուկ աճն այս ամիս ևս զիջել է 1%-ով:
Մշտական գնաճի պարագայում այս գնանկումը զարմանալի է: Այլ բացատրություն, քան նախընտրական շրջանը, չկա:
Վերջին մեկ տարում և հատկապես վերջին երկու ամսում մեր երկրում ընթացող ցանկացած դրական քայլ ստիպված ենք սպառողի աչքին թոզփչոցի համարել, քանի որ նման անակնկալներ սովորաբար չեն գրանցվում: Երբ շշուկ է լինում միջազգային շուկայում այս կամ այն ապրանքատեսակի գների անգամ չնչին բարձրացման մասին, Հայաստանում դրանք բարձրանում են երկնիշ տոկոսով, նույնիսկ հսկայական պահուստների առկայությամբ:
Այս երևույթը նախընտրական իրադարձություններով պայմանավորելու պատճառներն ավելի շատ են, քան սովորական, տնտեսագիտական հաշվարկները:
Ինչպես ցույց է տալիս հայաստանյան իրականությունը` ընտրություններից շատ չանցած մեր երկրում ամեն ինչ թանկանում է, հատկապես լայն սպառման ապրանքները: Պատճառը մեկն է` քարոզարշավի համար այդքան փող են ծախսում և պետք է այն վերականգնեն: Նախընտրական շրջանում բոլորն սպասման մեջ են, տնտեսական աճն անգամ դադարում է, քանի որ ներդրողներն սպասում են ընտրությունների արդյունքներին: Իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է նրանց ծրագրերում ևս փոփոխություն մտցնել: Իսկ ներդրողների համար կարևոր է քաղաքական կայունությունը:
Գաղտնիք չէ, որ բացի պաշտոնապես թույլատրելի շեմից (100 միլիոն դրամ)` ընտրություններին մասնակցող որոշ կուսակցություններ և անհատներ ավելին են ծախսում: Շատ ծախսողները հիմնականում նրանք են, ովքեր ներկրումների մենաշնորհ ունեն: Ասենք` ՀՀԿ-ն 78 միլիոն դրամ է նախընտրական հիմնադրամ մուտք արել, ԲՀԿ-ն` շատ ավելի քիչ, բայց հայտնի է, որ այս կուսակցությունների, հատկապես` առաջինի հենց միայն շքեղ համերգների համար դրանից շատ ավելի մեծ գումարներ են պահանջվել: Այն աստղիկները, որ փայլատակում են ՀՀԿ-ական բեմերում, դա անում են միայն հանուն հոնորարների: 9 կուսակցություններից 5-ը ևս համերգներ են տալիս, դրանք ևս մեծ գումար արժեն: Ամեն օր խոսում ենք ընտրակաշառքների մասին` 5-15 հազար դրամ, իրային առումով` բջջային հեռախոսից մինչև տրակտոր, որոնք նույնպես ընտրակաշառք են և զգալի գումարներ են կազմում:
Այսօր բաժանում են բջջային էժանագին հեռախոսներ` վստահ լինելով, որ վաղը ժողովրդից Iphone են քամելու: Կաշառք վերցնողն էլ, համոզված ենք, վայրկյան անգամ չի մտածում, որ իր ստացած 10 հազար դրամը (որը վերցնում է` «սա ինձնից է թալանված» հիմնավորումով) վաղը թե շաքարավազի, թե կաթնամթերքի, թե բանջարեղենի ու մյուս ապրանքների համար է վճարելու, բայց` տասնապատիկ: Ու դժգոհելու իրավունք չի ունենա: Ո՞ւմ բողոքի և ումի՞ց:
Ապրանքների գների նվազումն ինչո՞ւ է նախընտրական տրամաբանությամբ պայմանավորվում. որովհետև իջել են այն ապրանքների գները, որոնց ներկրողները կամ արտադրողները այս կամ այն կերպ մասնակցում են նախընտրական քարոզարշավներին: Նրանք ևս գումար են ներդրել` ընտրվելու կամ «ընտրվել տալու» համար: Իսկ հետագայում իրենց խանութներում գների բարձրացումը կբացատրեն միջազգային շուկայի թանկացումներով, ինչպես արվում է մշտապես: Հայտնի փաստ է, որ այսօր քաղաքական դաշտում ծախսվող գումարները տալիս են հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:
Հայաստանի քաղաքական և տնտեսական վերնախավերն այլևս ձուլվել են, սերտաճել: Քաղաքական դաշտում որոշումներ կայացնողները հաճախ հենց տնտեսական դաշտը ձևավորողներն են: Ահա թե ինչու ենք վստահ, որ ընտրություններից հետո կլինի գնաճ, առնվազն մինչև հաջորդ տարի` նախագահական քարոզարշավը: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որն օլիգարխների «դաբրոյով» չձևավորվի, նրանց շահերը չսպասարկի: Այլապես գնանկումները կլինեն միմիայն ընտրությունից ընտրություն` ընդամենը մեկ ամսով: Գուցե` մի քիչ ավելի:













