Եթե այդքան «լավ» է, ապա ինչո՞ւ է այսքան վատ: Խոսքը ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին է
Նոր ժամանակների «քաղաքակիրթ» վարվելակերպ
Մեր պաշտոնատար անձանց մեկնաբանությամբ, որոնք հրճվանքով ցիտում են իրենց վիճակագրական թվերը, ամեն ինչ հրաշալի է: Եվ տնտեսական աճն է տեղը տեղին, և գնաճն այնքան, ինչքան գուշակել էին... Բայց ո՞վ է հավատում:
Հարցը տեղին է: Օրինակ եթե Արևմուտքում մեկն ինչ-որ բան է խոստացել (խոսքը պաշտոնատար անձանց մասին է), բայց չի ստացվել, թեպետ տանջվել է, ապա իսկույն հրաժարական է տալիս: Սա է քաղաքական ընդունված վարվելակերպը: Դրա համար էլ այնտեղ իրենց չեն կոտորում բարձր պաշտոն ստանալու համար, գիտակցում են, որ դա նախևառաջ մեծ պատասխանատվություն է:
Մեզանում այդպես ընդունված չէ: Մերոնք մինչև վերջ պնդում են իրենցը: Որպես «ճշտության» ապացույց մեջբերում են պաշտոնական վիճակագրության տվյալները: Օրինակ պնդում են, որ անցած տարվա գնաճը կազմել է 4,7%, այսինքն նախատեսվածի սահմաններում: Ժողովրդի կարծիքն այլ է ու հիմնված է ոչ թե վիրտուալ թվերի, այլ սեփական ամենօրյա առուծախի վրա:
Բայց նույն պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում քողարկել այլ ցուցանիշները: Այսպես՝ 2011 թ. միջին տարեկան գնաճը 2010 թ. նկատմամբ կազմել է 7,7%: Իսկ միջին աշխատավարձն անցած տարի, համեմատած նախանցյալ տարվա հետ, աճել է 5,8%-ով: Այսինքն միջին տարեկան կտրվածքով` մեր բնակչությունն աղքատացել է ավելի քան 2%-ով: Այս դեպքում էականն արդեն ոչ թե «ընդհանրապես» գնաճն է, այլ որոշակի սննդամթերքի թանկացումը (հղումը` armtimes.com): Ի տարբերություն սառնարանի և հեռուստացույցի՝ հանապազօրյա հացն ամեն օր ես գնում... Իսկ սննդամթերքի մասով գնաճն անցած տարի, ըստ նույն պաշտոնական տվյալների, կազմել է (համեմատած նախորդ՝ 2010-ի հետ) 12,3%:
Փող, կյանք և մահ
Փորձագետները նշում են, որ Հայաստանում կտրուկ նվազել են մանկածնության ցուցանիշները, առկա են զգալի միգրացիա և բնակչության կենսամակարդակի անկում: Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարվա առաջին կիսամյակում մեզանում գրանցվել է 20102 ծնունդ, ինչը համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ, քիչ է 4,4%-ով: Մահերի թիվը, նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, աճել է 4,5%-ով: Այսպիսով՝ բնական աճի ցուցանիշը, համեմատած 2010-ի հետ, իջել է 20,5%-ով (հղումը` ԼԸ REGUM): Անշուշտ՝ մանկածնության նվազման պատճառը սոսկ կենսամակարդակի վատթարացումը չէ. շատ ավելի բարգավաճ երկրներում այդ ցուցանիշը հաճախ փոքր է լինում: Բայց ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա դա միանշանակ վատ կյանքի հետևանք է: Յուրաքանչյուր երկրում մահերի թիվը պայմանավորված է հետևյալ գործոններով` միջին աշխատավարձի չափ, կրթության մակարդակ, բժշկական արդի տեխնոլոգիաների ներդրում և առողջապահության մատչելիություն: Այլ կերպ ասած՝ պետությունը կարող է իրական ազդեցություն ունենալ երկրի մահացության մակարդակի վրա: Օրինակ Հարավային Կորեայում (1990-2010 թթ.) և Էստոնիայում (1995-2010 թթ.) պետության ճիշտ քաղաքականության արդյունքում մահացության ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 2 անգամ և 35%-ով (հղումը` ԺպսՏՉՈ֏ չՈջպՑՈ): Ճիշտ է՝ կյանքի միջին տևողությունը Հայաստանում դեռևս ԱՊՀ երկրներում ամենաբարձրն է (72,5 տարի, ընդ որում տղամարդկանցը՝ 68,79, իսկ կանացը` 76,55), բայց դա դժվար թե «պետական ճիշտ քաղաքականության» արդյունք լինի: Ավելի շուտ դա հայերի գենետիկական հատկանիշ է` մեր մարդիկ սովոր են դժվարություններին: Այդուհանդերձ ելնելով վերը նշված ցուցանիշներից՝ պատկերը կարող է փոխվել: Միակ «մխիթարանքն» այն է, որ հետխորհրդային տարածքում մենք միակը չենք:
Վաշինգտոն նահանգի (ԱՄՆ) Սիեթլի համալսարանի վիճակագրության բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություններ են կատարել 187 երկրներում և ասում են, որ ԱՊՀ երկրների մեծ մասում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կյանքի տևողության կտրուկ նվազում է նկատվում: Աշխատության մեջ ներկայացված են կյանքի տևողության տարբեր ժամանակահատվածներին վերաբերող ցուցանիշներ: Ըստ այդմ ամենաբարվոք շրջանը 50-ական թվականներն են, ինչը մեծ մասամբ պայմանավորված էր երկրների բնակչության գրագիտության ընդհանուր մակարդակի բարձրացմամբ և բժշկության հաջողություններով: Բացի դա՝ հետպատերազմյան տարիները դրական սպասումների փուլ էին...
Հոգեբաններն իրենց հերթին պնդում են, որ ԱՊՀ երկրների մահացության մակարդակի աճի վրա ազդում է նաև մոտիվացիայի կորստի գործոնը: Երբ անձը գիտակցում է, որ իր ջանքերից ոչինչ կախված չէ, կորցնում է կյանքի իմաստն ու դեպրեսիայի մեջ հայտնվում: Մեր երկրի բնակչության դեպրեսիան շատ նկատելի է կողմնակի աչքին` մեզ համար դա գրեթե սովորական է, սակայն ՀՀ ժամանած մարդկանց համար` ոչ...
Սիզիփյան աշխատանք
Այսօր տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի շատ անդրադառնում են ՀՀ բնակչության ամենաանպաշտպան շերտերի վրա` աղքատների թիվն օրեցօր աճում է: Նախաճգնաժամային 2008 թ. հետ համեմատած՝ անցած տարվա արդյունքներով աղքատների թիվն ըստ պաշտոնական տվյալների՝ 27,6-ից աճել է մինչև 35,8%: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (2008 թ.) գերազանցում էր 3,6 հազար ԱՄՆ դոլարը, իսկ անցած տարվա ցուցանիշների ամփոփմամբ կնվազի մինչև 3,1 հազար ԱՄՆ դոլարը: Դեռևս ցածր է կապիտալ ներդրումների մակարդակը, չի վերականգնվել տրանսֆերտների նախաճգնաժամային ծավալը: Թեպետ երկրորդ տարին է, ինչ տնտեսական աճ են արձանագրում, ճգնաժամն այնուամենայնիվ խորանում է` անշարժ գույքի գների և շինարարության անկումը (շինարարությունն այն ոլորտն է, որ ապահովում էր մեր տնտեսական աճն ու նպաստում գործազրկության ու աշխատուժի արտահոսքի կրճատմանը) շարունակվում է (հղումը` Кавказский узел):
Հայաստանի տնտեսության «դարդերի» թվում ընդունված է նշել օլիգոպոլիաները, որոնք խոչընդոտում են փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Սակայն ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի՝ «օլիգոպոլիկ համակարգի բաղադրիչ մասը հենց կառավարությունն ու ընդհանուր առմամբ իշխանություններն են: Հարցադրումը (կառավարությունն ունի՞ օլիգոպոլիաների դեմ պայքարելու ռեսուրս( խմբ.) սխալ է սկզբունքորեն: Այսօր իշխանական օլիգոպոլիկ հիերարխիայի ներքո կառավարությունն էական դեր չի խաղում` սկզբունքային որոշումներն ընդունվում են միանգամայն այլ, ոչ պաշտոնական օղակներում: Արտաքուստ կառավարությունը կամ առանձին նախարարություններն ընդունում են որոշումներ` իբր ելնելով այս կամ այն «նպատակահարմարությունից», սակայն իրականում դա արվում է ի շահ մարդկանց որոշ խմբերի, որոնք օրենքից վեր են: Խնդիրն ամենևին կոնկրետ մարդկանց մեջ չէ` համակարգը կլանում է բոլորին, նույնիսկ ամենաազնիվներին» (հղումը` Кавказский узел):
Պարոն Ասատրյանի եզրահանգումը հետևյալն է. «Տնտեսության քսան տարվա բարեփոխումներից հետո Հայաստանն այսօր կրկին կանգնած է տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտների արմատական վերակազմավորման անհրաժեշտության առջև, ինչը պայմանավորված է շուկայական սկզբունքների նահանջով: Իսկ տնտեսական բարեփոխումների հիմքում պետք է լինեն քաղաքական վերափոխումներն ու իշխանության լեգիտիմության վերականգնումը: Ինչ վերաբերում է անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներին, ապա դրանք պիտի համակարգային բնույթի լինեն` հարկային համակարգի վերափոխում, ստվերային տնտեսության վերացում, ազատ շուկայական հարաբերությունների վերականգնում, մենաշնորհների գործունեության կարգավորում»:
Այս ամենը կարելի է ուղղել նաև նախկին իշխանություններին, սակայն միակ կասկած չհարուցող միտքն այն է, որ պետք է «կռվել» ոչ թե հետևանքի, այլ պատճառի դեմ: Մնացածն ինչպես ասում են՝ մանր-մունր բաներ են:

















