Բնապահպանական խճանկար
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը հունվարի 30-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում շրջայց կատարելով նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներում, կայացրել է տուգանքի մի քանի որոշումներ: Վարչական տուգանքի 11 որոշում է կայացվել` 760 հազար դրամ ընդհանուր գումարով և 14,8 միլիոն դրամի` շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում և հողերի աղտոտում, փայտանյութի ապօրինի տեղափոխում, Սևանում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որս և այլն:
Սա` ընդամենը մի քանի օրում: Թերևս կարելի է նշել, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նույն բնապահպանության նախարարության քաղաքականության արդյունքում բնությանն առավել մեծ վնաս է հասցվում, քան հայտնաբերված 24 կիլոգրամ խեցգետնի ապօրինի որսով:
Հենց այս օրերին ՀՀ նախագահի, կառավարության ու տարբեր ատյանների դռների առջև շարունակվում են բողոքի գործողություները` բնապահպանների, ակտիվիստների և պարզապես քաղաքացիների կողմից` ընդդեմ հանքերի անխնա ու վնասաբեր շահագործման: Հիշեցնենք, որ 2011 թ. սեպտեմբերի 1-ի տվյալներով Հայաստանում գործում է 505 արտոնագիր` ընդերքի վերամշակման համար, իսկ մետաղների հանքավայրերի թիվը հասնում է 32-ի: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ 2012 թ. Հայաստանի` հանքավայրերում բնապահպանական միջոցառումների համար հատկացվելու է 277 միլիոն դրամ` նախորդ տարվա 160 միլիոնի փոխարեն:
«Չունենալով բավարար բնական ռեսուրսներ` մենք կարծում ենք, որ մեր հիմնական ռեսուրսը մարդն է»,- նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ՄՊՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը չէր նշել, որ այդ ոչ բավարար բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ «մեր հիմնական ռեսուրսը» բազմաթիվ բողոքներ անցկացրեց, որոնց մեծ մասն այդպես էլ արժանի չեղավ ուշադրության:
Անցած տարի բնապահպանական բազմաթիվ խնդիրներ արծարծվեցին: Դրանք գերազանցել են երեք տասնյակը, ու դեռ տարին նոր սկսված` բնապահպանական նոր դժգոհություններ են ի հայտ գալիս:
Անդրադառնանք 2011-ի բնապահպանական մի քանի իրադարձությունների: Այսպես. ամենաչարչրկված հարցերից մեկը Թեղուտում կատարվող իրադարձություններն էին: Տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ իրենց ձայնը բարձրացրին բնապահպաները, տեղական և միջազգային կազմակերպություները: Նրանք ՀՀ կառավարությանը բազմիցս հիշեցրին, որ խախտել է Օրհուսի կոնվենցիան: «Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը բնապահպանների հետ մի շարք քննարկումներով ու ասուլիսներով հանդես եկավ: Մինչդեռ հանքը շահագործող «Վալլեքս գրուպը» նշում է, որ Թեղուտում արտագաղթը կանխվել է հանքի շահագործման շնորհիվ: Ի դեպ ուշագրավն այն է, որ երբ Թեղուտով ու նրա բնակիչների խնդիրներով մտահոգված բնապահպանները արշավ էին կազմակերպել Լոռու մարզ` թույլ չտալու հանքի շահագործումը, բնակիչները նրանց դիմավորել էին դժգոհությամբ` «եկել եք հացներս կտրեք»: Սոցիալական խնդիրները մարդկանց ստիպում են աչք փակել բնապահպանական հնարավոր աղետների վրա: Նրանց համար միևնույն է, թե պղնձամոլիբդենային հանքի բաց եղանակով շահագործումն ինչերի կհանգեցնի, թե
Թեղուտը կզրկվի անտառներից: Կարևոր է այն, որ սոցիալական ծանր վիճակում հայտնված և ընտանիքը հազիվ պահող գյուղացին թեկուզ առողջության հաշվին` սոված չի մնա:
Նախորդ տարեսկզբին չինական Fortue Oil ընկերությունը 25 մլն դոլարով ձեռք բերեց ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին պատկանող Հրազդանի, Աբովյանի և Սվարանցի երկաթահանքերը:
Հրազդանցիները բնապահպանների, տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրենց բողոքը և վրդովմունքը բարձրաձայնեցին հանքավայրի շահագործման դեմ: Աշխատանք իրականացնող կազմակերպությունը հայտարարում էր, որ ընդամենը որոնողական աշխատանքներ են կատարվում, սակայն տարածքի բնակիչները, ովքեր զրկվելու են տներից, բազմիցս փորձեցին խոչընդոտել Հրազդանում որոնողական աշխատանքների կազմակերպմանը: Իհարկե, նրանց բնակարաններով փոխհատուցելու էին, սակայն հաշվի առնելով մեզանում եղած փոխհատուցման փորձը` մարդիկ թերահավատ էին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարեց, որ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ավարտվել են ուրանի որոնողական աշխատանքները: Ուրանի շահագործման դեմ ևս տեղի էին ունեցել ցույցեր, բողոքի գործողություններ, և նախարարի` ԱԺ-ում արած հայտարարությունը, թե ընդամենը ուսումնասիրություն է կատարվում, որը կարող է և արդյունք չտալ, այդպես էլ համոզիչ չէր հնչում: Ժամանակը ցույց տվեց, որ տեղին էր բնապահպանների ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունը. թեև բավարար չափով ուրան չհայտնաբերվեց` այս տարի ևս հորատող մեքենաներն այդ տարածքում կհայտնվեն` առավել լայնածավալ ուսումնասիրություն իրականացնելու համար: Կառավարությունը չի կարող թողնել, որ իր ծրագիրը տապալվի:
Տարվա մյուս մեծ աղմուկը կապված էր Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագծի հետ: «Ռոբշին» ընկերությանը տված արտոնագիրը ոչ միայն բնապահպանների, այլև հասարակության դժգոհության պատճառ դարձավ: Ակտիվիստները պայքար սկսեցին հենց Թռչկանի ջրվեժի մոտ` տարբեր ծրագրեր իրականացնելով. մեկ վրան էին կառուցում, մեկ ճանապարհը փակում, Երևանում էլ հավաքվում էին բողոքի ավանդական վայրում` կառավարության շենքի մոտ: Սա թերևս բացառիկ դեպք էր, երբ կառավարությունը չեղյալ համարեց իր որոշումը և ջրվեժին տվեց պահպանվող տարածքի կարգավիճակ:
Ամենաաղմկալի իրադարձություններից մեկն էլ կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշումն էր, որով Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հողերը ճանաչվում էին գերակա հանրային շահ և տրամադրվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբին
ատին»: Քաջարանի գյուղապետն սկսեց որոշման առաջն առնելու անպտուղ գործընթաց: Նա անգամ հանձնեց հանրապետական կուսակցության անդամատոմսը, ապա հրաժարվեց պաշտոնից: Հետո ասաց, թե չի հրաժարվում, հետո էլի ասաց, թե ինքը չի ասել, որ չի հրաժարվում... Մի խոսքով` այստեղ էականն այն է, որ հանուն իր գյուղի` իշխող կուսակցության ներկայացուցիչը բողոքի էր դուրս ելել սեփական կուսակցության դեմ: Այսօրվա Հայաստանում սա բացառիկ դեպք է: Գյուղացիները որոշել են չլքել գյուղը, այդ նպատակով ավելի քան 1000 ստորագրություններով նամակներ են հղել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին և վարչապետին:
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը նախորդ տարի Սևանի ավազանում կառուցեց հանքաքար ջարդող, մանրող և տեսակավորող սարք: Բնապահպանները բողոքի ձայն բարձրացրին` պնդելով, որ այն վնասակար ազդեցություն կունենա ոչ միայն Սևանա լճի վրա. այս գործունեությամբ կխախտվեն մի շարք օրենքներ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարեց, որ սարքավորման տեղադրումը 1980-ականների նախագծի իրականացնումն էր:
Բնապահպանների դժգոհության արժանացավ նաև Երևանի Կոմիտասի անվան այգու դելֆինարիումի կառուցումը: Այսօր այն գործում է և ունի բազմաթիվ այցելուներ:
Բնապահպանները դժգոհություն բարձրացրին նաև Արմավիրի քաղաքապետարանի դեմ, որը փորձում էր միակ այգու զգալի մասում կառուցապատում իրականացնել` Հայկական զարգացման բանկի Արմավիրի մասնաճյուղ կառուցելու համար: Բողոքներն արդյունք չունեցան:
Տարվա բնապահպանական ամենամեծ խնդիրը Երևանում եղել և շարունակում է մնալ Նուբարաշենի աղբավայրն ու թունաքիմիկատների գերեզմանոցը: 2010-ի հուլիսին վարչապետը շրջայց կատարեց թունաքիմիկատների գերեզմանոցում` տեղում ծանոթանալու չեզոքացման աշխատանքներին և հայտարարեց, թե տարածքը գտնվում է իր ուշադրության կենտրոնում:
2010-ի մարտին, երբ այդ գերեզմանոցում վտանգավոր վիճակ էր ստեղծվել` կապված վտանգավոր նյութերի` հարակից բնակավայր հասնելու հետ, և կառավարությունը 2010-ի երրորդ եռամսյակի համար 30 միլիոն դրամ հատկացրեց` գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման համար… Իսկ օրերս հայտարարվեց, թե խնդրի վերջնական լուծման որոշում է կայացվել:
Սևանի խնդիրների հետ կապված` բնապահպանները բազմաթիվ հայտարարություններ տարածեցին և անցկացրին քննարկումներ: Բողոքի իմաստն այն էր, որ շարունակվում է Սևանի ձկնապաշարների նվազումը: Թեև բազմաթիվ մանրաձկներ բաց թողնվեցին լիճ` ձկնագողերը ձկներից շատ են, ու դաշտը չի վերահսկվում: 2011-ին պետական բյուջեից հատկացվել էր 60 մլն դրամ` Սևանում 166,7 հազար հատ գեղարքունի և 200 հազար հատ ամառային իշխանի մանրաձուկ բաց թողնելու համար: Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունիի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով այս տարի էլ 300 հազար հատ մանրաձուկ բաց կթողնվի Սևանա լիճ, ինչի համար հատկացվել է 60 մլն դրամ: Նաև 7,5 միլի
ոն դրամ է նախատեսվել` Սևանա լճում և ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետինի պաշարների հաշվառման աշխատանքները շարունակելու համար:
Այս տարի նախատեսվում է 125,4 մլն դրամ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում մաքրման աշխատանքներ իրականացնել` շուրջ 200 հա ափամերձ անտառածածկ տարածքներում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տարեսկզբին հայտարարեց, որ կիրականացվեն նաև ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ:
Թեև կառավարությունն ինչ-ինչ ցուցանիշներ է արձանագրում` լճի մաքրման աշխատանքների իրական արդյունքը դեռ տեսանելի չէ:
2011-ի` աչքի ընկնող «անցուդարձից» էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին չդադարող խոսակցությունները: Սկսած 2009 թվականի դեկտեմբերի 28-ից, երբ կաշառակերության համար ձերբակալվեցին, իսկ 2010-ի օգոստոսին 7 և 10 տարվա ազատազրկման դատապարտվեցին բնապահպանության տեսչության պետ Տիգրան Գրիգորյանն ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունից կաշառք վերցնելու և այդ ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարները պակասեցնելու համար, ահագնացան խոսակցությունները` նախարարի հրաժարականի մասին: Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին խոսում են արդեն 3 տարի, բայց... նա շարունակում է աշխատել ու մեծացնել իր ու կառավարության դեմ բողոքողների թիվը: Բայց սա միայն նրա «շնորհքը» չէ:
Տարօրինակն այն է, որ չնայած Հայաստանում օդի աղտոտվածության մասին ահազանգերին` 2011-ի հենց տարեսկզբին Մեքսիկայի Կանկուն քաղաքում կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային գագաթաժողովի ընթացքում, Հայաստանը մաքուր զարգացման մեխանիզմների ոլորտի ձեռքբերումների համար մրցանակ ստացավ:

















