Ուղիղ մեկ տարի առաջ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին ասել էր, որ 2011 թ. Հայաստանը ոչ միայն կհասնի, այլև կգերազանցի նախաճգնաժամյան 2008 թ. տնտեսական ցուցանիշները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին նշում էր բյուջե-2011-ի արժանիքները` կայուն զարգացման ուղղվածությունն ու սոցիալական ուղենիշը:Ընդդիմախոսներն այլ կարծիքի էին, ասում էին, որ բյուջե-2011-ն ընդամենը կավելացնի առկա բազմաթիվ խնդիրները` գնաճի բարձր մակարդակը, գործազրկությունը, չափազանց ցածր սոցիալական մակարդակը և այլն: Ու այս ամենը` արտաքին պարտքի պատկառելի չափի (44%/ ՀՆԱ) հենքին:
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել էր իր մտահոգությունը` կապված կոռուպցիայի մեծ չափերի հետ: Նա ասել էր, որ կոռուպցիան մեր առաջընթացի «համար մեկ խոչընդոտն է» (հղումը ԹպրՑվՌՍ ԽՈՉՍՈջՈ, հունվարի 5, 2011 թ.):
Մի խոսքով ամեն մեկը յուրովի մտահոգված՝ սպասումների մեջ էր...
Իսկ իրականում ստացվեց...
«Անհարմար» մի բան, թեպետ՝ նայած ում համար: Օրինակ, երկրի գլխավոր տնտեսագետ Տիգրան Դավթյանի աչքին անցած տարին լավ էլ հաջողված է: Ճիշտ է, նա դեռ պաշտոնապես դա չի հայտարարել, սակայն կառավարության նիստերի դահլիճից դուրս գալուն պես ոտքի վրա լրագրողներին հայտարարել էր. «Հաջողված տարի էր և երկրի, և տնտեսության համար» (հղումը` Հրապարակ, 03.01.2012): Գուցե նախարարը նկատի ուներ, որ ավելի վատ բանե՞ր կարող էին լինել:
Բացառված չէ, բայց հիշենք, որ նա այլ բան էր խոստացել: Խոսքը նույնիսկ անցած տարվա սկզբի պայծառատեսությունների մասին չէ, այլ կես տարի հետո արած իր հայտարարությունների: Անցած տարվա ամռան առաջին օրերին պարոն Դավթյանը լրագրողներին ասել էր, որ տնտեսական աճը 2011 թ. կկազմի նվազագույնը 5-6%: Սա այն դեպքում, երբ բյուջեով նախատեսված էր 4,6%: Ըստ նրա՝ օպերատիվ տվյալները ցուցադրում էին ՀՀ-ում տնտեսական աճի անշեղ արագընթացը` ամսական 1%-ով այդ աճն իբր ավելանում էր...
Վարչապետն ու նախագահը դեռևս չեն արտահայտվել տնտեսական աճ կոչվածի վերաբերյալ: Երևի թե վիճակագրական հերթական կտավի ավարտմանն են սպասում:
Ճիշտ հակառակը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը 2011-ն անվանում է լճացման տարի, «քանի որ պահպանվեցին բոլոր այն բացասական երևույթները, որոնք կային»: Չկատարվեց սոցիալ-տնտեսական ոլորտի խոստումներից ոչ մեկը, շարունակվեցին բիզնեսի խոշորացման և օլիգարխների ուժեղացման գործընթացները: Թևանյանը լրագրողներին ասել է նաև, որ նույնիսկ այժմ իշխանությունների հռչակած տնտեսական աճն արձանագրվում է գնաճի, այլ ոչ թե տնտեսության իրական աճի հաշվին, նշելով երկրի արտաքին պարտքի չափը, որը վերջին երեք տարվա ընթացքում եռապատկվել է:
Ըստ Թևանյանի այս ամենը պատահական չէ` սկսած 2007 թ., իշխանությունները հետևողականորեն ծնկի են բերում փոքր և միջին բիզնեսը, իսկ խոշոր բիզնեսը միշտ «կռվի» մեջ է, ու «մեծ բյուջեի» քաղաքականությունն օգտագործվում է որպես գործիք: Փորձագետն ասել է, որ համաշխարհային ճգնաժամը չի կարող լինել Հայաստանի տնտեսական անկման բացարձակ պատճառը...
Ըստ Ա. Թևանյանի՝ խնդրահարույց է նաև պետբյուջեի ծախսերի անվերահսկելիությունը, իսկ իշխանությունների սխալ քաղաքականության շարունակության դեպքում մեր տնտեսության անկումը կշարունակվի:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չվստահելով տնտեսական իրավիճակի վերաբերյալ պաշտոնական տվյալներին՝ ներկայացնում է սեփական վիճակագրությունը: Իրականում ունեցել ենք 4%-ոց տնտեսական անկում, ինչը հիմա հատուկ նկարչությամբ փոխակերպվելու է նույնքան աճի ցուցանիշի: Գնաճն անցած 10 ամսվա ընթացքում կազմել է 7,9%, թեպետ կանխատեսվում էր 4,5%-ի չափով (հղումը` 2011 թ. դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիս):
Բագրատյանը նշել է, որ գյուղատնտեսությունում արձանագրված իբր 15%-ոց աճը վիճակագրական սուտ է, քանզի իրականում եթե այդպես լիներ, ապա բնակչության 3% կրճատման դեպքում այդ ոլորտի գների իջեցումը պետք կազմեր 18%, բայց դրա փոխարեն արձանագրվել է 12%-ոց գնաճ... Փորձագետի կանխատեսմամբ տարեվերջին (խոսքը 2011-ի մասին է) դա կրկնակի կգերազանցի բյուջեով նախատեսվածը: Եթե դեկտեմբերի վերջի դրությամբ գնաճը 12,5% էր, ապա հարց է առաջանում` ինչպե՞ս են իշխանությունները պատրաստվում այն պահել 4%-ի մակարդակի վրա: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա, ըստ Բագրատյանի, այստեղ անխնա շահագործում է իրականացվում` այսօր Հայաստանում եռակի ավելի պղինձ է արդյունահանվում, քան պետք է: Հաջորդ տարի (այսինքն 2012-ին) ազգային դրամի մեծ տատանումներ կլինեն` կապված տրանսֆերտների կրճատման հետ:
ՀՀ տնտեսության միակ դրական իրադարձությունը, ըստ Բագրատյանի, հայ-իրանական գազամուղի շահագործումն է: Ընդ որում այդ գաղափարը հենց իրենն է` ստորագրել է վարչապետության ժամանակ, 1995 թ. (հղումը` ԼԸ REGUM):
«Լավ» կյանքի ցուցանիշները
Երկրի տնտեսական աճի լավագույն ապացույցը միգրացիայի և աղքատության մակարդակներն են: Ի՞նչ ունենք այս առումով: Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների՝ Հայաստանի բնակչության մեկ երրորդը գտնվում է չքավորության սահմանից դուրս: Վերջին երկու տարում աղքատների թիվն ավելացել է 300 հազարով: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ՀՀ բնակչության 46%-ն է աղքատ...
Հայաստանից այլ երկրներ մշտական բնակություն հաստատելու համար մեկնողների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա կամ չի տրամադրվում: Խոսում են միայն ՀՀ մուտք գործողների և ՀՀ-ից գնացողների թվերի և դրանց տարբերության (սալդո կոչվածի) մասին: Ի դեպ այդ սալդոն բացասական է` ավելի շատ մեկնում, քան գալիս են: Այդուհանդերձ այդ տվյալն ընթերցողին քիչ բան է ասում: Բայց կան նաև ոչ պաշտոնական հաշվարկ-գնահատականներ: Օրինակ պատգամավոր Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) գնահատմամբ, 2011 թ. ընթացքում ՀՀ-ից այլ երկրներում բնակվելու նպատակով մեկնողների թիվը կազմում է 50-60 հազար մարդ: Սոցհարցումներն էլ ցույց են տալիս, որ երկրի բնակչության մոտ 40%-ը պոտենցիալ միգրանտ է:
Միգրացիայի հետ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը մատնանշում է նաև մեկ այլ լուրջ խնդիր` դեպոպուլյացիան: Ըստ նրա այն, ինչ բոլորը միգրացիա են անվանում, իրականում դեպոպուլյացիա է: Դա այն է, որ մեզանում շատ քիչ երիտասարդ ընտանիք կա, մանկածնությունը գրեթե կրկնակի նվազել է: Պողոսյանը վկայակոչել է մի ուսումնասիրություն, ըստ որի երիտասարդության ներկայացուցիչների 25,9%-ը մտադիր չէ ընտանիք կազմել, միայն 27,6%-ն է ցանկանում կամ ունի երեք երեխա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ից «չորով» (ընդմիշտ) գնացողներին, ապա փորձագետներն այստեղ մի նոր որակ են արձանագրում` երկրից գնում են ոչ այնքան աղքատները: Մեծ մասամբ նրանք կրթված մասնագետներն են, որոնք հայրենիքում իրենց տեղն այդպես էլ չեն գտնում: Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փորձագետի (հղումը` ԼԸ REGUM)՝ երկրում կարիերայի հեռանկար ունեն միայն այն երիտասարդները, որոնք կուսակցական են: Որպես կանոն՝ այդ հեռանկարից զուրկ են նրանք, ում արժեքային համակարգն ու մարդկային հատկությունները չեն համապատասխանում կուսակցական ընդունված ստանդարտներին: Այդ երիտասարդները սեփական արժանապատվությունը պահպանելու համար փորձում են իրենց տեղը գտնել այնտեղ, որտեղ գնահատվում են գիտելիքներն ու օրինապաշտությունը:
2011-ի այլ նվաճումների մասին` մոտակա համարներում:

















