2012 թ. պետբյուջեի նախագծի շուրջ ծավալված բուռն քննարկումների համատեքստում Հայաստանի տնտեսական ակտիվության վիճակագրական վերջին տվյալներն աննկատ մնացին: Մինչդեռ իրավիճակը հեռու է դրական համարվելուց: Նախ` կտրուկ նվազել է տնտեսական ակտիվության գործակիցը` սեպտեմբերի համեմատությամբ հոկտեմբերին կրճատվել է 18 տոկոսով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն Ազգային վիճակագրական ծառայությունն սկսել է կիրառել այս տարեսկզբից: Ի տարբերություն ՀՆԱ-ի ցուցանիշի` այն հաշվարկվում է տնտեսության տարբեր ոլորտներում ապրանքների թողարկման ֆիզիկական ծավալի հիման վրա` առանց հաշվի առնվելու ապրանքների և ծառայությունների ավելացված արժեքը, ինչպես նաև հարկերը: Երկրորդ` 4 տոկոսով կրճատվել է արտաքին առևտրի շրջանառությունը` կազմելով 504 միլիոն դոլար: Ընդ որում սեպտեմբերի համեմատությամբ արձանագրվել է արտահանման անկում 21 տոկոսով և ներմուծման աճ՝ 2,3 տոկոսով: Այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 112,9 միլիոն դոլար և 391,2 միլիոն դոլար: Եվ վերջապես` կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ ոչ միայն ամսական 5,1 տոկոսով, այլև տարեկան 4,1 տոկոսով: Ճիշտ է, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են էլեկտրաէներգիայի սպառման տարեկան ծավալները նվազում: Չէ՞ որ տնտեսական աճին համընթաց պետք է դիտարկվի հակառակ պատկերը: Հնարավոր տարբերակները երկուսն են` կամ իրական տնտեսության մեջ ՀՆԱ-ն չի աճում, իսկ արձանագրված աճն ընդամենը ծախսված վարկերի արդյունքն է, կամ էլ «Հայաստանի էլկեկտրացանցեր» ընկերությունը ոչ ամբողջական տվյալներ է տրամադրել սպառման ծավալների մասին: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է Պետեկամուտների կոմիտեն մոտավորապես մեկ ամիս առաջ ձեռնամուխ եղել այս կազմակերպության լայնածավալ ստուգումներին:
«Մենք այս մասին կարող ենք միայն ենթադրաբար խոսել, քանի որ հավաստի պատասխանը կլինի միայն այն դեպքում, երբ կլինեն տնտեսության բոլոր ոլորտների հետազոտության արդյունքները` բոլոր համայնքների և մարզերի վերաբերյալ: Միայն այդ ժամանակ հասկանալի կդառնա, թե ով է եղել էլեկտրաէներգիայի ամենամեծ սպառողը, որտեղ և ինչու: Չբացառենք նաև խնայող ռեժիմները, չնայած չեմ կարծում, թե Հայաստանում դրանք այդքան լայն կիրառում ունենան: Այս հարցում շատ գործոններ կարող են դերակատարում ունենալ: Ինչևէ, վիճակագրությունը ներկայացնում է տվյալներ, որոնք այնքան էլ վստահելի չեն»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Երկրի տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պետական պաշտոնյաները բացասական բոլոր ցուցանիշները բնականաբար վերագրել են սեզոնայնության գործոնին` իբր սեպտեմբերին ավելի շատ են գյուղատնտեսական ապրանքներ արտահանվել, քան հոկտեմբերին: Կարծես իմիջիայլոց հիշատակեցին նաև միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների նվազումը: Բայց դրանից իրավիճակը չի փոխվում:
Օրերս Հայաստանի մասին բավականին հոռետեսական կանխատեսումներ արեց Busiess Moitor (BMI) վերլուծական գործակալությունը, որի կենտրոնական գրասենյակը Լոնդոնում է: Այն հրապարակում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված` քաղաքական ռիսկերի և մակրոտնտեսական հեռանկարների տարածաշրջանային գնահատականներ: Եվ այսպես՝ գործակալության փորձագետները համարում են, որ ՀՆԱ աճը Հայաստանում հաջորդ տարի ընդամենը 2 տոկոս է կազմելու` հաշվի առնելով ներդրումնրի ծավալի կրճատումը` եվրագոտու ճգնաժամի հետևանքով: Ինչ վերաբերում է ազգային տարադրամին, ապա առաջիկայում այն կարժեզրկվի` հասնելով 390 դրամի` վատացող վճարային հաշվեկշռի, տրանսֆերտների նվազման և զարգացող երկրներում տարածված կապիտալի արտահոսքի պատճառով:
Սրանք, իհարկե, կանխատեսումներ են: Սակայն փաստ է, որ տարիներ շարունակ հայրենական տնտեսությունը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել զանազան կախումներից` գունավոր մետաղների համաշխարհային գներից, տրանսֆերտների ծավալներից ու խոշոր ներմուծողների քմահաճույքներից: Իսկ կառավարությունը տնտեսության հիմնական ձեռքբերումների մասին խոսելիս մշտապես նշում է ՏՏ ոլորտը` հպարտանալով, որ այնտեղ նույնիսկ ճգնաժամային պայմաններում երկնիշ աճ է արձանագրվել: Ճիշտ է՝ այնքան էլ հասկանալի չէ, թե կառավարության դերակատարումն այս հարցում որն է. չէ՞ որ ներկա դարում տեխնոլոգիաները զարգանում են գրեթե տարերայնորեն: Ի դեպ ոլորտի ներկայացուցիչները մշտապես բողոքում են պետության անբավարար ուշադրությունից:
Եվ քանի դեռ մեր երկրում խոսում են ոչ թե իրական, այլ թվացյալ ձեռբերումների մասին՝ համաշխարհային վերլուծաբանները գնահատում են մեր երկրի իրական վիճակը: Չենք հասցրել ուշքի գալ Forbes ամսագրի վարկանիշից, որով Հայաստանը հայտնվել էր աշխարհի տասը ամենավատ տնտեսություն ունեցող երկրների շարքի երկրորդ տեղում` Մադագասկարից հետո, հաջորդում է նոր գնահատական, այս ագամ միջազգային առաջատար Moody`s գործակալությունից: Այն Հայաստանի արտաքին պարտքի վճարման կանխատեսումները «կայուն» գնահատականից իջեցրել է «բացասականի»` եվրոպական երկրների և Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղեցումով պայմանավորված ռիսկերի աճի պատճառով, քանի որ Հայաստանի ապրանքների 58 տոկոսը արտահանվում է հենց այդ երկրներ: Գործակալությունը նաև հաշվի է առել հայկական տնտեսության կախումը արտահանումից, դրամային փոխանցումներից և արտասահմանյան` մասնավորապես ռուսական ուղիղ ներդրումներից, որոնք վտանգավոր են արտաքին շուկայում Հայաստանի դիրքերի համար: Ընդ որում գործակալության վերլուծաբանները շատ փոքր են համարում հավանականությունը, որ կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի վարկանիշը կվերադառնա «կայուն» գնահատականին:
Ի դեպ Հայաստանի վարկանիշի անկումն անսպասելի չէր ՀՀ ֆինանսների նախարարության համար: Նախարար Վաչե Գաբրիելյանը վերջերս հայտարարել էր, որ ոչ միայն երկրի արտաքին պարտքի ավելացումը, այլև հայկական ապրանքները եվրոպական և ռուսական շուկաներ արտահանելու հետ կապված ռիսկերը ևս հաշվի են առնված Հայաստանի 2012 թ. պետբյուջեում: Հնարավոր է՝ նա նկատի ուներ, որ պետբյուջեի դեֆիցիտը, որն այս տարի կազմելու է ՀՆԱ-ի 11 տոկոսը, նախատեսվում է հաջորդ տարի մի փոքր կրճատել, հիմնականում պետբյուջեի մուտքերը 101 միլիարդ դրամով ավելացնելու հաշվին: Ամբողջ խնդիրն այն է, որ արդեն հիմա փորձագետները համարում են, որ իրադարձությունների նման զարգացման հավանականությունը շատ փոքր է: Այս ամենի հետևանքով մենք ամբողջ հույսը դարձյալ վարկերի վրա ենք դնում: Այնպես որ վերլուծաբաններն իրավացի են, որ մեր երկրի վարկանիշների կանխատեսումները մոտ ապագայում վերանայելն անհավանական են համարում:

















