Ռուսաստանի ժողովրդագրության ազգային հետազոտական համալսարանն այս տարվա սեպտեմբերին հրապարակեց արևմտյան փորձագետների ուսումնասիրության արդյունքները` խորհրդային նախկին հանրապետությունների վերաբերյալ: Ինչի՞ են հասել 15 երկրները՝ անկախության 20 տարում: Խոսքը տնտեսական անկախության և բնակչության սոցիալական ապահովության մասին է: Վարկանիշի սկզբունքները
ՀՀ բնակչության համար այդ ուսումնասիրությունը դժվար թե որևէ նորություն պարունակեր, եթե վերաբերեր միայն Հայաստանին: Առանց այդ էլ հիշատակված հարցերի շուրջ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր` սեփական փորձով ձևավորված տեսությունը: Բայց համեմատությունը հետաքրքիր է թեկուզ նրանով, որ բոլորս (նախկին 15-ը) միևնույն «կաթսայում» ենք եփվել ու դուրս գալով էլ` գրեթե նույն խնդիրների առաջ հայտնվել: Երկրաշարժն ու Ղարաբաղի հարցը հաշվի չառնենք, քանի որ մյուսներն էլ իրենց խնդիրներն ունեին և ունեն: Այնպես որ զարգացման այս կամ այն ուղու ընտրության հարցում այդ խնդիրների ազդեցությունը վճռորոշ չէ:
Գուցե դա է պատճառը, որ ուսումնասիրության համար փորձագետները գնահատել են ներկա իրողությունները: Մասնավորապես խորհրդային նախկին երկրների տնտեսական անկախության գնահատման համար դիտվել են ՀՆԱ-ի ընթացիկ գներով (2011 թ. օգոստոսի դրությամբ) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասն ու երկրի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Ինչ վերաբերում է սոցիալական ապահովության մակարդակին, ապա գնահատվել են աշխատավարձի և թոշակի միջինները, հաշվի առնելով նաև բնակչության կյանքի տևողության և զբաղվածության միջինները: Եվ ընդհանրապես` 15 «նախկինների» վարկանիշը որոշելու համար փորձագետները նախևառաջ դիտել են վիճակագրական այն ցուցանիշները, որոնք պատկերացում են տալիս տնտեսական, հումանիտար և սոցիալական զարգացման մակարդակի մասին: Ընդ որում հիմնական շեշտը դրվել է բնակչության կյանքի որակ կոչվածի վրա, քանզի հենց դա է ընդունված համարել հաջողության կամ ընդհակառակը` պետական քաղաքականության ձախողման ցուցանիշը:
Տեղեր
Առաջին տեղում Էստոնիան է (1,6 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմաս՝ 14 836 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն՝ 7,8%, միջին աշխատավարձ՝ 790 դոլար, միջին թոշակ՝ 305 դոլար, կյանքի միջին տևողություն՝ 75 տարի, բնակչության զբաղվածություն՝ 83,5%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ՝ 65%, բուհեր ընդունված դպրոցական շրջանավարտներ՝ 95%: Էստոնիայի բնակչության կենսամակարդակի վերաբերյալ բավական է ասել, որ այդ երկիրը միակն է նախկին խորհրդային երկրներից, որ անցել է եվրոյին: Կենսամակարդակի մասին կարելի է դատել նաև վիճակագրական հետևյալ տվյալներով` 1 կՎտ/ժամ հոսանքի արժեք՝ 0,1 դոլար, 1 լ բենզին՝ 1,5 դոլար, 1 լ կաթ՝ 0,9 դոլար, 1 քմ բնակտարածք (Տալինում)՝ 1 500 դոլար:
Երկրորդ տեղում Լատվիան է (2,6 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմաս՝ 10 692 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն՝ 50%, միջին աշխատավարձ՝ 840 դոլար, միջին թոշակ՝ 400 դոլար, կյանքի միջին տևողություն՝ 73,5 տարի, բնակչության զբաղվածություն՝ 81%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ՝ 60,5%, բուհեր ընդունված դպրոցական շրջանավարտներ՝ 88%: Մեկ հատ հացի գինը՝ 0,2 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը՝ 0,1 դոլար, 1 լ բենզինը՝ 2 դոլար, 1 լ կաթը՝ 1,5 դոլար, 1 քմ բնակտարածքը (Ռիգայում)՝ 650 դոլար:
Երրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը (150 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 10 500 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 12%, միջին աշխատավարձ` 700 դոլար, միջին թոշակ` 250 դոլար, կյանքի միջին տևողություն` 69 տարի, բնակչության զբաղվածություն` 93%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 50%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 90%: Մեկ հատ հացի գինը` 0,5 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,13 դոլար, 1 լ բենզինը` 1,1 դոլար, 1 լ կաթը` 1,1 դոլար, 1 քմ բնակտարածքը (Մոսկվայում)` 5 000 դոլար:
Չորրորդ տեղում է Լիտվան (3,1 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 11 050 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 42,5%, միջին աշխատավարձ` 760 դոլար, միջին թոշակ` 290 դոլար, կյանքի միջին տևողություն` 73 տարի, բնակչության զբաղվածություն` 82%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 57%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 76%: Մեկ հատ հացի գինը` 1,4 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,2 դոլար, 1 լ բենզինը` 1,8 դոլար, 1 լ կաթը` 1 դոլար, 1 քմ բնակտարածքը (Վիլնյուսում)` 1 500 դոլար:
Հինգերորդ տեղում է Ադրբեջանը (8,8 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 6 000 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 12,5%, միջին աշխատավարձ` 380 դոլար, միջին թոշակ` 200 դոլար, կյանքի միջին տևողություն` 70,5 տարի, բնակչության զբաղվածություն` 93%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 18%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 24%: Մեկ հատ հացի գինը` 0,4 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,1 դոլար, 1 լ բենզինը` 0,4 դոլար, 1 լ կաթը` 0,8 դոլար, 1 քմ բնակտարածքը (Բաքվում)` 1 300 դոլար:
Վեցերորդ տեղում է Ղազախստանը (16,5 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 8 900 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 19%, միջին աշխատավարձ` 520 դոլար, միջին թոշակ` 200 դոլար, կյանքի միջին տևողություն` 68,5 տարի, բնակչության զբաղվածություն` 93%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 18%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 39%: Մեկ հատ հացի գինը` 0,3 դոլար, 1 լ կաթը` 0,6 դոլար, 1 լ բենզինը` 0,7 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,3 դոլար, 1 քմ բնակտարածքը (Աստանայում)` 1600 դոլար:
Յոթերորդ տեղում է Բելառուսը (9,5 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 5 800 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 28,5%, միջին աշխատավարձ` 420 դոլար, միջին թոշակ` 200 դոլար, կյանքի միջին տևողություն` 71 տարի, բնակչության զբաղվածություն` 99%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 30%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 98%: Մեկ հատ հացի գինը` 0,4 դոլար, 1 լ կաթը` 0,5 դոլար, 1 լ բենզինը` 0,8 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,03 դոլար, 1 քմ բնակտարածքը (Մինսկում)` 1 200 դոլար:
Ութերորդ տեղում է Ուկրաինան (46 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 3 000 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 41%, միջին աշխատավարձ` 280 դոլար, միջին թոշակ` 150 դոլար, կյանքի միջին տևողություն` 69 տարի, բնակչության զբաղվածություն` 92%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 21%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 97%: Մեկ հատ հացի գինը` 0,5 դոլար, 1 լ կաթը` 1 դոլար, 1 լ բենզինը` 1,2 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,03 դոլար, 1 քմ բնակտարածքը (Կիևում)` 1 900 դոլար:
Իններորդ տեղում է Մոլդովան (3,6 մլն բնակչությամբ` առանց Մերձդնեստրի) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 1 600 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 35%, միջին աշխատավարձ` 240 դոլար, միջին թոշակ` 80 դոլար, կյանքի միջին տևողություն` 69 տարի, բնակչության զբաղվածություն` 92%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 30%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 73%: Մեկ հատ հացի գինը` 0,3 դոլար, 1 լ կաթը` 0,9 դոլար, 1 լ բենզինը` 1,4 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,15 դոլար, 1 քմ բնակտարածքը (Քիշնևում)` 900 դոլար:
Տասներորդ տեղում է Վրաստանը (4,4 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 2 600 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 48%, միջին աշխատավարձ` 300 դոլար, միջին թոշակ` 40 դոլար, կյանքի միջին տևողություն` 71 տարի, բնակչության զբաղվածություն` 83%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 12%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 63%: Մեկ հատ հացի գինը` 0,5 դոլար, 1 լ կաթը` 2,1 դոլար, 1 լ բենզինը` 1,5 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,12 դոլար, 1 քմ բնակտարածքը (Թբիլիսիում)` 1400 դոլար:
Տասնմեկերորդ տեղում է Հայաստանը (3,4 մլն բնակչությամբ) հետևյալ ցուցանիշներով` ՀՆԱ-ի ընթացիկ գներով (ԱՄՆ դոլարով) հաշվարկված մեկ շնչի բաժնեմասը` 2 850 դոլար, արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցություն` 52%, միջին աշխատավարձ` 290 դոլար, միջին թոշակ` 70 դոլար, կյանքի միջին տևողություն` 73 տարի, բնակչության զբաղվածություն` 92%, անձնական համակարգիչ ունեցող ընտանիքներ` 11%, բուհեր ընդունված դպրոցների շրջանավարտներ` 33%: Մեկ հատ հացի գինը` 0,3 դոլար, 1 լ կաթը` 1 դոլար, 1 լ բենզինը` 1,3 դոլար, 1 կՎտ/ժամ հոսանքի արժեքը` 0,2 դոլար, 1 քմ բնակտարածքը (Երևանում)` 750 դոլար:
Վարկանիշի ցուցակը եզրափակում են համապատասխանաբար Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:
Կասկածներ
Թվային տվյալները հետաքրքիր են նրանով, որ ամեն մի «նախկին» երկրի քաղաքացի կարող է դրանք համադրել իր երկրի իրողությունների հետ: Սակայն բացի դա, հրապարակումը պարունակում է բավականին ծավալուն ու խիստ որոշակի ուղղվածության մեկնաբանություններ: Նշենք, որ այնտեղ չկա ոչ մի տեղեկություն, թե որ կազմակերպություններն են ներկայացնում վարկանիշի հեղինակ արևմտյան փորձագետները: Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ, այլ մեկնաբանությունների ուղղվածությունը: Դրանք ակնհայտորեն ռուսամետ են, բխում են բացառապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի, որում դժվար է «կասկածել» արևմտյան փորձագետներին... Մնում է միայն ենթադրել, որ մեկնաբանությունների միակ հեղինակը հենց ինքը՝ պարբերականն է: Պարզապես մեկնաբանությունները «միամիտ» տեղադրել են ամեն երկրին վերաբերող թվային տվյալների տակ: Որպեսզի դա անհիմն պնդում չթվա, նշենք մեկնաբանությունների հիմնական շեշտերը, որ կասկած են հարուցում դրանց «արևմտյան» ծագման հանդեպ:
Տարօրինակություն 1-ին: Չգիտես ինչու՝ ազգային փոքրամասնությունների խնդրի սրությունն ու ժողովրդագրական հարցերը հիշատակվում են միայն և բացառապես Մերձբալթյան 3 երկրների առումով: Ընդ որում ընդհանուր «մեղադրանքն» այն է, որ ռուսերենն այնտեղ չի ընդունվում որպես երկրորդ պետական լեզու... Սրա հետ կապված՝ նշվում է այդ երկրներում ապրող, բայց լեզուն այդպես էլ չսովորած մարդկանց հանդեպ իշխանությունների կողմից կիրառվող «խտրականությունը»: Բառացիորեն ասվում է հետևյալը. «Փաստաթղթերը պետական մարմիններ ներկայացնել կարելի է միայն լատվերեն և լիտվերեն, չնայած այդ երկրի (խոսքը Լատվիայի մասին է.- Վ. Ա.) բնակիչների 30 տոկոսը ռուսախոս է»... Իսկ նույն Ռուսաստանում հնարավո՞ր է «պետական մարմիններ» փաստաթուղթ ներկայացնել ղրղըզերեն, ուզբեկերեն կամ հայերեն...
Լիտվացիներին նաև հիշեցնում են երկրի սուիցիդների քանակը` 40 մարդ՝ 100 հազար բնակչի հաշվով, նաև այն, որ բուհերի ուսանողների միայն 35 տոկոսն է անվճար սովորում: Մի խոսքով՝ գտան, թե ինչի համար կարելի է մեղադրել...
Տարօրինակություն 2-րդ: Կոռուպցիան որպես զարգացման խոչընդոտ՝ նշվում է միայն Ուկրաինայի մասին խոսելիս... Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ մյուս 14 երկրներում կոռուպցիան կամ իսպառ վերացել է, կամ էլ ոչ մի բանին չի խանգարում...
Տարօրինակություն 3-րդ: Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանին վերաբերող մեկնաբանության մեջ ասված է. «20-րդ դարի 90-ականների սկզբին տեղի ունեցած արյունահեղ եղբայրասպան պատերազմի հետևանքով Ադրբեջանն այսօր չի վերահսկում Լեռնային Ղարաբաղի և հարևան շրջանների տարածքները ու փաստորեն գտնվում է Հայաստանի հետ «սառեցված պատերազմի» վիճակում»:
Տարօրինակություն 4-րդ: Վրաստանի վերաբերյալ ասված է, որ այնտեղ պետական պաշտոններ զբաղեցնելու հարցում սահմանափակումներ կան` կոմկուսում, կոմսոմոլում և «կագեբեում» աշխատած մարդկանց համար... Հետո նշվում է, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը տիրապետում է ռուսաց լեզվին, բայց ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի...
Հայաստանի վերաբերյալ մեկնաբանությունը. «Անկախությունը հայերին զրկեց անվճար կրթության, բժշկական օգնության հնարավորությունից, զրկեց խորհրդային ժամանակներում կուտակած խնայողություններից (Պավլովի ռեֆորմն անտեսվում է.- Վ. Ա.), ինչպես նաև երաշխավորված զբաղվածությունից և սոցիալական կայուն ապահովագրումից: Հայաստանն այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատանդն է»: Ստացվում է, որ խնդիրների միակ «մեղավորը» անկախությունն ու Ղարաբաղն են, իսկ միակ դեղամիջոցն էլ` երևի թե «կախվածությունը»: Հաշվի առնելով մեկնաբանությունների ընդհանուր «միտումը»` երևի թե Ռուսաստանից...
Վերջապես՝ ամենատարօրինակը: Ի տարբերություն բոլոր նախկին 14 երկրների՝ Ռուսաստանի Դաշնության մասին մեկնաբանությունում քննադատական խոսք անգամ չկա ոչ ազգային հարցերի, մասնավորապես Հյուսիսային Կովկասի, ոչ ժողովրդագրական սուր խնդիրների, ոչ ազգայնամոլների կողմից կովկասյան և ընդհանրապես ոչ սլավոնական «դեմքերի» հանդեպ կիրառվող պատժամիջոցների ու «դաստիարակչական» մեթոդների, ոչ էլ կոռուպցիայի մասին:
Բոլոր մեկնաբանությունների հիմնական «մեխը»` հետխորհրդային երկրներում ռուսերենի ներկա վիճակի ու երկրորդ պետական լեզու ճանաչվելու հեռանկարների հարցերն են: Մեկնաբանությունների հեղինակները վատ թաքցված ափսոսանքով արձանագրում են, որ միայն Ղազախստանում է ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչված:
Ահա թե ինչու է կասկածելի, որ մեկնաբանները անկողմնակալ «արևմտյան» փորձագետներն են: Ինչ վերաբերում է մնացածին, կասկած չկա, կյանքն առանց դրա էլ «պերճախոս» է:

















