Կանանց միամսյակի վերջին շաբաթն է: Մենք նստած ենք Աբովյան փողոցի թեյարաններից մեկում՝ տաղանդավոր դերասանուհի և հմայիչ կին Վիվիեն ԲԱՍՏԱՋՅԱՆԻ հետ: Զրուցում ենք թատրոնի, կինոյի, գեղարվեստական գրականության, արվեստի աշխարհի և դերասանական կյանքի ժամանակակից միտումների մասին: Նա խոսում է այնպես, ինչպես խաղում է բեմում կամ կինոյում՝ գեղեցիկ, մտածված, ժամանակ առ ժամանակ խոսքը համեմելով նրբագեղ և արտահայտիչ շարժուձևով: Հարցերին պատասխանում է կարճ, բայց սպառիչ և համոզիչ: Իրեն չի երևակայում, չի շեշտում իր եսը:
Վիվիեն Բաստաջյանը Փոքր թատրոնի դերասանուհի է, գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանչուհի, բեմադրող, պարուհի, վերջին ժամանակներս՝ նաև կինոդերասանուհի: Նրան հաջողվում են և դրամատիկական դերերը ինչպես Սունդուկյանի անվան թատրոնի «Առասպել Մակբեթի մասին» ներկայացման մեջ և կատակերգական կերպարները (հիշենք թեկուզ նրա դերը «Փեսացուն կրկեսից» ֆիլմում) և ժամանակակից պարադերերը:
Սովորության համաձայն ես պատրաստվում էի մասնագետի հետ մասնագիտական թեմաներից խոսել, բայց ժամանակին ուշքի եկա՝ ապրիլի 7-ն է մոտենում` կանանց տոնը, իմ դիմաց հմայիչ կին է, իսկ ես անընդհատ աշխատանքի մասին եմ խոսում... Մի խոսքով «անցա» կանանց թեմաներին: Հետաքրքիր է, թե ինչպես է նա իր մասնագիտական պարտավորություններից բացի հաղթահարում մոր և կնոջ դժվարագույն դերերը: Չէ՞ որ դրանք ևս և դրամատիկական են լինում, և ողբերգական, և կատակերգական:
- Ներկայացումից հետո տուն վերադառնալով հեշտությա՞մբ եք հարմարվում տնային տնտեսուհու դերին: 
- Առաջ մի քիչ դժվարանում էի: Հիմա՝ ոչ: Տանը ես միայն կին եմ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այն ամենը, ինչը վերաբերում է իմ աշխատանքին, ստեղծագործական կյանքին, ինձ համար անձեռնմխելի է, ես երբեք կենցաղն իմ աշխատանք չեմ մտցնում: Եվ հակառակը: Աշխատավայրում ես աշխատում եմ, տանը՝ զբաղվում տնային տնտեսությամբ: Իսկ առհասարակ ես երբեք չեմ կառչում կենցաղային առօրյա խնդիրներից, դրանք էլ հիմնականում ինքնըստինքյան լուծվում են: Ես թեթև եմ վերաբերում դրանց, թերևս այդ պատճառով ինձնից չեն կառչում: Ճիշտ է մի նրբություն կա՝ ես մի փոքր սնահավատ եմ այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են աշխատանքիս: Օրինակ առաջնախաղի կամ որևէ մեծ իրադարձության նախօրեին ես տանն անպայման մաքրություն եմ սկսում: Դա անհրաժեշտ է, որպեսզի լավ խաղամ: Միայն մեկ անգամ եմ խախտել այդ կանոնը. երեկոյան հյուրերս շատ ուշ գնացին, հաջորդ օրը ես վազեցի աշխատանքի՝ առանց ամանները հավաքելու: Բայց որքան էլ տարօրինակ է՝ առաջնախաղը հաջող անցավ: Ես շատ զարմացա, քանի որ վատագույնին էի սպասում: Եվ ինքս ինձ խոստացա, որ այլևս նման փորձարարություններ չեմ անի:
- Իսկ եթե ասենք ներկայացումից առաջ դեր եք սովորում կամ պատրաստվում եք մտնել դերի մեջ, մինչդեռ պետք է բազմաթիվ տնային գործեր անեք...
- Նախ՝ ես կարող եմ դերով զբաղվել միայն մենակ ժամանակ, որպեսզի ոչինչ չխանգարի իմ աշխատանքին: Երկրորդ՝ ես ունեմ 18-ամյա դուստր, և նա միշտ պատրաստակամությամբ օգնում է ինձ: Երբեմն նույնիսկ ամբողջ ընտանիքի համար ճաշ է եփում:
- Ինքներդ եփել-թափել սիրո՞ւմ եք:
- Շատ: Ընդ որում դա անում եմ շատ երկար ու մանրակրկիտ: Չեմ սիրում սովորական կերակրատեսակները, միշտ ձգտում եմ որևէ հետաքրքիր բան մտածել: Մեր ընտանիքն արմատներով Կիլիկիայից է, մեր կյանքի զգալի մասն ապրել ենք Հունաստանում և տանը միշտ պատրաստել ենք «ուրույն» կերակրատեսակներ: Շատ համեմունքներ, շատ կանաչի: Ես նույնպես փոխառել եմ այդ սկզբունքը և կիրառում եմ: Փորձում եմ, որպեսզի կերակուրները չկրկնվեն կամ գոնե հազվադեպ կրկնվեն: Ինձ համար նաև շատ կարևոր է կերակուրների արտաքին տեսքը: Դրանք պետք է լինեն ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ: Այդ պատճառով էլ ես միշտ դրանք զարդարում եմ, մտածում եմ գույների համադրության մասին: Շատ եմ սիրում պատրաստել աղցաններ, քանի որ դրանց մեջ միշտ կարելի է գույներ ավելացնել: Ձևավորումն ինձ համար շատ կարևոր է: Եվ եթե ասենք բորշչն այդքան էլ կարմիր չի ստացվել՝ կարող եմ առանց ափսոսանքի այն թափել: Բորշչը պետք է գեղեցիկ լինի:
- Կարո՞ղ եք ասել, թե որն է կանացի երջանկության բանաձևը:
- Ինձ թվում է` կնոջ համար գլխավորը սիրելը և սիրվելն է: Ընդ որում այդ զգացմունքը պետք է լինի փոխադարձ: Եթե այն միակողմանի է, երկար չի տևի: Ու նաև պետք է, որ կնոջ կյանքում ամեն ինչում ներդաշնակություն լինի: Հավատարիմ ընկերներ, սիրելի տղամարդ, լավ զավակներ: Եվ այդ ամենը կինն ինքն է ստեղծում: Ամուսնուն պետք է սիրես, որպեսզի նա էլ քեզ սիրի, երեխաներին պետք է այնպես դաստիարակես, որ նրանք լավ մարդիկ մեծանան:
- Հաջողվե՞լ է ձեր դստերը որպես լավ մարդու դաստիարակել:
- Դուստրս ինձ նման չէ: Իհարկե, նա շատ է կարդում, սիրում է թատրոնը, կինոն: Բայց որոշել է իրավաբան դառնալ, Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի է: Ես փորձել եմ նրան հաղորդակից դարձնել արվեստի աշխարհին, նա շատ էր պարապում, բայց շատ ազնիվ էր ինքն իր հանդեպ և հավանաբար զգալով, որ դա իրենը չէ, այլևս չշարունակեց: Նա սիրում է իր ապագա մասնագիտությունը և ամբողջովին կլանված է դրանով: Մենք շատ մտերիմ ենք, իրարից գաղտնիքներ չունենք: Ես շատ ուրախ եմ, որ մենք նման հարաբերություններ ունենք, նա միշտ ամեն ինչ պատմում է ինձ և խորհուրդներ հարցնում: Իսկ ես փորձում եմ նրան չհոգնեցնել ավելորդ ուշադրությամբ: Պատմում է՝ լսում եմ, իսկ եթե չի պատմում՝ սպասում եմ՝ մինչև դա կանի: Ի դեպ մենք հաճախ ենք միասին ուսումնասիրում իմ դերերը, նրա դատողությունները շատ հասուն են և կարևորը` անկեղծ: Նա շատ զարգացած է, հավասարակշռված և գիտակից: Ես նրա տարիքում այդպիսին չեմ եղել...
- Ձմեռն արդեն անցավ, փողոցում գարուն է, բայց փողոցներում քայլող մեր կանանց դեմքերին ժպիտներ չեն ավելացել:
- Հայուհիները սովոր են ստանձնել ընտանիքի ամբողջ հոգսը, նույնիսկ այն, ինչը կարծես թե տղամարդու ուսերին պետք է լիներ: Իսկապես, մեր քաղաքի փողոցներում հաճախ չես հանդիպի ժպտացող կանանց, նույնիսկ եթե նրանք լավ խնամված են, վառ շպարով: Ես իմ ուժերի չափով պայքարում եմ այդ երևույթի դեմ:
Ինքս միշտ առաջինն եմ ժպտում ինձ ընդառաջ եկող մարդկանց և հաճախ եմ արժանանում պատասխան ժպիտի:
- Թույլ տվեք հաճոյախոսել՝ դուք հրաշալի կազմվածք ունեք: Դա ձեր պարային պարապմունքների՞ արդյունքն է, հատուկ սննդակարգի՞, թե այլ գաղտնիք կա:
- Ոչ մի գաղտնիք: Եվ ոչ մի սննդակարգ: Իհարկե, պարային պարապմունքներն իրենց դրական հետքը թողնում են, բայց ժառանգականությունն էլ է պետք հաշվի առնել: Սա մեր ընտանեկան յուրահատկությունն է:
- Ի դեպ պարերի մասին: Ի՞նչն է ձեզ ավելի հարազատ, ավելի հետաքրքիր` թատրո՞նը, թե պարարվեստը:
- Ես շատ եմ սիրում թե մեկը, թե մյուսը, բայց երբ ստիպված եղա ընտրել՝ միանշանակ ընտրեցի թատրոնը: Այնուամենայնիվ այն ինձ համար ավելի հարազատ է:
- Հիմա արվեստի բնագավառի կանանց շրջանում ժամանակակից է դարձել «նյու» ոճով ֆոտոսեսիաներ անելը: Եթե ձեզ նման բան առաջարկեն, կհամաձայնե՞ք:
- Միանշանակ՝ ոչ: Ինչի՞ս է պետք: Ի՞նչ իմաստ ունի ցուցադրել մերկ մարմինդ:
- Դե լավ, դրանք ընդամենն ամսագրերում տպագրվող լուսանկարներ են: Իսկ եթե առաջարկեն նկարահանվել ֆիլմի էրոտիկ տեսարաններո՞ւմ:
- Ինձ թվում է՝ էկրանին կամ բեմում քո զգացմունքներն արտահայտելու համար բնավ պարտադիր չէ մարմնիդ բարեմասնություններն ի ցույց դնել:
- Եվ վերջում ավանդական հարցը՝ ի՞նչ կմաղթեք հայ կանանց՝ իրենց տոնի կապակցությամբ:
- Թույլ տվեք ավանդական պատասխան տալ՝ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն՝ աշխատանքում:















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post