Երևանում՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրաում առաջին անգամ հնչեց հանճարեղ Նիկոլո Պագանինիի կոմպոզիտորական ժառանգության վառ նմուշներից մեկը՝ Ջութակի երրորդ կոնցերտը: Մենակատարը միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհի շատ ու շատ հայտնի նվագախմբերի հետ հեղինակավոր դահլիճներում հանդես եկած Նիկոլայ Մադոյանն էր, իսկ դիրիժորը՝ հարավկորեացի Վոլտե Ջոնգը (ի դեպ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ նորովի հնչեցրեց նաև Ֆ. Շուբերտի «Իտալական ոճով նախերգանքը» և Ա. Դվորժակի 9-րդ սիմֆոնիան):
Ն. Պագանինին գրել է ջութակի 6 կոնցերտ, սոնատներ, կվարտետներ (որոնց կազմում նաև կիթառն է ընդգրկել), ինչպես նաև նվագակցությամբ և առանց նվագակցության շուրջ 200 ստեղծագործություն, որոնց թվում իր գլուխգործոցը՝ 24 կապրիչոն: Հանճարեղ իտալացու երաժշտությունն աչքի է ընկնում վաղ ռոմանտիզմի փայլուն տարրերով: Պագանինիի ստեղծագործություններին բնորոշ է բարձր տեխնիկայի համադրությունը նորարարությանը: Այդ ամենն զգացվեց նրա ջութակի 3-րդ կոնցերտի երևանյան կատարման ժամանակ: Համերգի ավարտից հետո ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Հայաստանի զրուցակցի» թղթակցին խոստովանեց. «Կարծում եմ, որ Պագանինիի 3-րդ կոնցերտը ջութակի դժվարագույն կոնցերտներից է, բայց ես այն շատ եմ սիրում և համարում եմ, որ հրաշալի ստեղծագործություն է՝ բնույթով հերոսական»:
Այս կոնցերտը պատկանում է այն դարաշրջանի ոգուն ու շնչառությանը, որն իրենց գործերում արտացոլել են մեծ վարպետներ Ա. Վիվալդին, Գ. Դոնիձետին, Ջ. Ռոսինին, Ջ. Պուչինին: Պագանինին ջութակի երաժշտության մեջ ուրույն ուղղության հիմնադիր առաջամարտիկ էր: Նրա վիրտուոզությունը դրսևորվել է ոչ միայն պասաժներում, այլև խորիմաստության ու արտահայտչամիջոցների մեջ:
«Այդ առումով հյուրահատուկ են կոնցերտի 1-ին և 3-րդ մասերը, որոնց հատուկ են ձեր նշած հատկանիշները: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում դրանք հաղթահարել,- հարցնում եմ անվանի ջութակահարին: «Ընդհանրապես ջութակահարին մեծ կենտրոնացում է անհրաժեշտ՝ այդ կոնցերտը կատարելու համար,- ասում է նա,- հատկապես Ն. Պագանինիի տեխնիկական դժվարությունները հաղթահարելու համար: Ես այս կոնցերտն առաջին անգամ կատարեցի, և եթե ինձ հաջողվեց նպատակս իրականացնել, ապա անչափ բավարարված եմ»:
Անդրադառնալով դիրիժոր, մենակատար, նվագախումբ փոխհարաբերությանը՝ ջութակահարը նկատեց. «Նվագախումբն անմիջապես արձագանքում էր թե մենակատարի, թե դիրիժորի յուրաքանչյուր շարժմանը, կարծում եմ՝ բոլորս միասին կարողացանք արտահայտել Պագանինիի վառ ներկապնակի բոլոր գույները: Իհարկե, հիմնական ծանրությունը ջութակին է հանձնարարված, սակայն և դիրիժորը, և նվագախումբը կոնցերտը մատուցեցին մեծ պատասխանատվությամբ»:

















