Հայաստանի մշակույթի նախարարությունը և Թատերական գործիչների միությունը փետրվարի 29-ից մարտի 5-ը Երևանում կանցկացնեն մենաներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այն առանձին ծրագրով ներառելու է նաև Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Ի դեպ այս տարի փառատոնը 10-րդն է:
Մեզ հետ զրույցում փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ «Արմմոնոյի» առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը, որը նվիրվելու է մեր երկու երկրների միջև դիվանագիտական և մշակութային կապերի հաստատման 20-ամյակին:
Նշված ծրագրում ներառված են լեգենդար դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը, որի ստեղծագործական երեկոն տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, մոնոթատրոնի հանրահայտ դերասանուհի Բիրուտե Մարը (Լիտվայի ազգային թատրոնից) կներկայանա «Անտիգոնե» մենաներկայացմամբ: Փառատոնին կհյուրընկալվեն Լիտվայի մշակույթի փոխնախարարն ու կանցլերը, Լիտվայի մենաներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, լիտվացի հանրահայտ դրամատուրգ Լյուչիյա Արմոնայտեն: Վերջինիս «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան բեմադրության պրեմիերան կկայանա փառատոնի օրերին (բեմադրիչ` Գոռ Մարգարյան, դերակատար` Զարուհի Խաչատրյան):
Փառատոնում ներկայացումներով հանդես կգան նաև Իրինա Եվդոկիմովան (Ռուսաստան), Յանոշ Ստոլարսկին (Լեհաստան), Թբիլիսիի Ս. Աբաշիձեի անվան Թատրոնը (Վրաստան), Մարինա Կարցևան (Ռուսաստան): Հայաստանից փառատոնին կմասնակցեն Արմեն Սանթրոսյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Լարիսա Ղևոնդյանը, Գենադի Առուշանյանը (Ստեփանակերտ) և ուրիշներ:
Փառատոնին կհյուրընկալվեն ռուս հանրահայտ թատերագետ Էլեոնորա Մակարովան, բելառուս հայտնի թատերագետ Լենա Լիոպոն, վրացի թատերական պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին, Վրոցլավի (Լեհաստան) մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը, Քիլի (Գերմանիա) մենաներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Իոլանտա Զուտովիչը, Խմելնիցկի (Ուկրաինա) մենաներկայացումների միջազգային փառատոնի նախագահ Նինա Մազուրը, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Նինա Նիկոնորովան և ուրիշներ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Արմմոնոն» անցկացվել է 2003 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

















