Բոլորի սիրելի Շուրոչկան` դերասանուհի Լյուդմիլա Իվանովան, ամանորյա տոների նախօրեին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Արդեն մեկուկես ամիս է՝ պառկած է հիվանդանոցում: Առողջական վիճակը կտրուկ վատացել էր ուժգին սթրեսից` հանկարծամահ էր եղել նրա ամուսինը` Վալերի Միլյաևը: Թոքաբորբ ախտորոշմամբ տիկնոջը հիվանդանոց ուղարկելով` նա սաստիկ նյարդայնացել էր: Սիրտը չէր դիմացել...
«Սոբեսեդնիկի» թղթակիցը հանդիպել է դերասանուհու ավագ ու հիմա արդեն՝ միակ որդու հետ: Նա «Էքսպրոմտ» թատրոնի գլխավոր նկարիչն է (ղեկավարը մայրն է): Այդ թատրոնը դերասանուհին համարում է իր կյանքի գլխավոր գործը:
Իվանը տխուր հայացք է գցում ծնողների բնակարանի դատարկված սենյակներին և հառաչելով նստում աթոռին` ինձ նույնպես առաջարկելով նստել սեղանի մոտ: Մի ժամանակ այդ սեղանի շուրջ հավաքվում էր Լյուդմիլա Իվանովնայի ամբողջ ընտանիքը:
- Վերջին կես տարին մաման հիվանդանոցներից դուրս չէր գալիս՝ ոտքերի խնդիրների պատճառով,- ասում է Իվանը,- դեկտեմբերի 6-ին նա վերադարձավ տուն, իսկ ընդամենը երկու օր անց թոքաբորբով հիվանդացավ: Ջերմությունը բարձրացավ, սկսվեց թոքերի այտուցը: Հայրս շտապ օգնություն կանչեց, երկու մեքենա եկավ: Բժիշկները փայլուն արեցին իրենց գործը, թթվածնային դիմակ դրեցին` մայրս շատ գունատ էր: Կարելի է ասել, որ նրա կյանքը հասցրին փրկել:
Մի քանի օրից հետո Լյուդմիլա Իվանովնայի ինքնազգացողությունը մի քիչ լավացավ, բայց հիմա էլ նոր դժբախտություն...
Դեկտեմբերի 16-ին մահացավ նրա ամուսինը: Բարեկամները երկու օր չէին համարձակվում նրան այդ մասին հայտնել: Բայց դերասանուհին ինքը կասկածեց, սկսեց հարցուփորձ անել, թե ինչու ամուսինը չի զանգահարում: Սովորաբար նա օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարում և հետաքրքրվում էր կնոջ առողջությամբ: Ի վերջո դերասանուհու որդին ստիպված էր գնալ հիվանդանոց և պատմել եղելությունը:
- Շատ դժվար էր,- արցունքներն աչքերին՝ հիշում է Իվանը:- Ես բժիշկներին խնդրեցի, որպեսզի նրան նախօրոք հանգստացնող դեղեր ներարկեն ու խոսակցությունն այսպես սկսեցի. «Մամա, դու ինձ սիրո՞ւմ ես»: Նա առանց մտածելու պատասխանեց. «Աշխարհում ամեն բանից առավել»: Եվ այդ ժամանակ նա անհանգստությամբ հարցրեց. «Որևէ վատ բա՞ն է պատահել»: Ես ասացի` «Այո»: Պարզվեց՝ նա արդեն կանխազգում էր, թե ինչ է տեղի ունեցել:
Գիշերն արթնացել էր և ասել բուժքրոջը. «Վալերիկը չի զանգում, որովհետև մահացել է»: Հավանաբար հորս հոգին նրան տեսակցության էր եկել... Բայց միևնույն է՝ ասածս նրա համար սարսափելի հարված էր: Ես հասկացա, որ մայրիկի ուշադրությունը պետք է միանգամից շեղել, նրան որոշակի գործողությունների տրամադրել: Ասացի. «Դու չպետք է մահանաս: Մենք հուշ-երեկո կկազմակերպենք, գիրք կթողարկենք հայրիկի հիշատակին...»: Եվ նա միանգամից սկսեց մտածել այդ ուղղությամբ: Մայրս էությամբ պայքարող է, գլխավորը նրա առաջ որևէ խնդիր դնելն է:
Լյուդմիլա Իվանովնան չկարողացավ ներկա գտնվել ամուսնու թաղմանը: Բոլոր կազմակերպչական հոգսերն ընկան որդու ուսերին: Հոգեհանգստի արարողությունը «Էքսպրոմտ» թատրոնում էր, ներկա էին Միլյաևի ընկերներից շատերը` հանրահայտ Սերգեյ Նիկիտինը, Վալերի Ալեքսանդրովիչի գործընկերները` ֆիզիկոս գիտնականներ: Նրան թաղեցին Պյատնիցկի գերեզմանատանը կրտսեր որդու` Ալեքսանդրի կողքին, ով ընդամենը մեկուկես տարի առաջ էր կյանքից հեռացել:
- Թաղման օրը մայրիկի խոցը բացվել էր, ու նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում,- պատմում է Իվանը:- Երեք անգամ արյունահոսություն սկսվեց, մենք շատ էինք վախենում նրա կյանքի համար:
Ամանորյա տոների ընթացքում Մոսկվայի թիվ 23 հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բոլոր աշխատակիցները պայքարում էին դերասանուհու կյանքի համար:
Հիմա Լյուդիմիլա Իվանովնայի վիճակը լավացել է, բժիշկներին հաջողվել է կանգնեցնել արյունահոսությունը և կայունացնել վիճակը: Իվանովային վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:
Եթե չլինեին այդ տխուր իրադարձությունները՝ 2011 թ. դեկտեմբերի 28-ին Լյուդմիլա Իվանովնան ու Վալերի Ալեքսանդրովիչը կնշեին իրենց համատեղ կյանքի հիսուներորդ տարին: Դերասանուհու առողջությամբ մտահոգված` ընտանիքի անդամները մտածել անգամ չէին կարող, որ դժբախտությունն ընտանիքի ղեկավարի հետ է պատահելու: Ճիշտ է՝ աշնանը Միլյաև ավագը մի փոքր մտահոգված էր, քանի որ տարիքի պատճառով ստիպված էր հրաժարվել ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտում զբաղեցրած ղեկավար պաշտոններից: Այդ ինստիտուտում նա լաբորատորիա էր ստեղծել, որից բաժանվելը Վալերի Ալեքսանդրովիչի համար հեշտ չէր: Բայց մահվանից բառացիորեն մի շաբաթ առաջ նրան աշխատանք էին առաջարկել ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտում:
- Նա շատ ծանր ապրումներ ունեցավ, երբ մայրիկին շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տարան,- պատմում է Իվանը:- Այդ գիշեր նա անհանգստությամբ սպասում էր տոմոգրաֆիայի արդյունքներին: Երկրորդ` հայրս մահվանից մի քանի օր առաջ հիվանդացավ հարբուխով ու դրան լուրջ չվերաբերվեց: Ինքնուրույն բուժվեց, պարացետամոլ և մի քանի ուրիշ սովորական դեղեր խմեց` ծանոթ մի բժշկի խորհրդով: Կարծում եմ՝ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ այդ օրը շատ ցածր մթնոլորտային ճնշում էր... Բայց միևնույն է՝ ակնհայտորեն ապաքինվում էր, ոչինչ չէր վկայում այն մասին, որ ամեն ինչ այսպես կավարտվի: Երեկոյան ժամը տասին հայրս զանգել էր ինձ, ասաց՝ հեռուստացույց է դիտում և որ զանգահարել էր Պերմ` մեր երաժշտական աշխատողին` իմանալու, թե ինչպես են այնտեղ անցնում հյուրախաղերը: Հաջորդ օրը մայրիկին տոմոգրաֆիա արեցին, ես նրա մոտ հիվանդանոցում էի: Ի զարմանս ինձ` հայրս նրան չէր զանգահարել: Արդեն այդ պահին ես վատ զգացողություն ունեցա, չէ՞ որ հայրս սովորաբար նրան օրական մի քանի անգամ զանգահարում էր: Մեր զանգերին էլ նա չէր պատասխանում: Ես կապվեցի թատրոնի վերելակավարի հետ, խնդրեցի, որ մեր բնակարան գնա (մեր
բնակարանն ու թատրոնը նույն մուտքում են): Դուռը ոչ ոք չէր բացել: Ես ու կինս շտապեցինք դեպի մեր բնակարան, դուռը կոտրեցինք և նրան մահացած գտանք:
Վալերի Միլյաևը մահացել էր գիշերը քնի մեջ՝ սրտի աշխատանքի անբավարարությունից:
- Հիմա ես կարծում եմ, որ նա շատ ծանր էր տանում, գուցե ավելի ծանր, քան մայրս, ասում է Միլյաևի ավագ որդին:- Չէ՞ որ վերջերս մեր ընտանիքը ծանր կորուստ էր ունեցել: Երիտասարդ տարիքում` ընդամենը քառասուն տարեկանում կյանքից հեռացավ կրտսեր եղբայրս` Ալեքսանդրը: Մասնագիտությամբ նա հոգեբան էր, հրաշալի կիթառ էր նվագում:
Ալեքսանդրը մահացել էր 2010 թ. ապրիլին՝ սրտի անբավարարությունից: Նրա մահը սարսափելի հարված էր ծնողների համար:
- Զարմանալի զուգադիպություն է` Սաշան նույնպես մահվանից առաջ գրիպով էր հիվանդացել,- հիշում է Իվան Վալերևիչը:- Իհարկե այդ կորստի ցավը չի անցնում... մայրս քաջ մարդ է: Նա արդեն քսան տարի է՝ բեմ է դուրս գալիս հենակներով:
Բանն այն է, որ իննսնականներին դերասանուհու հետ դժբախտություն էր պատահել: Փորձերից մեկի ժամանակ ընկնել էր, ոտքը ոլորվել էր, իսկ բուժկետում այն սխալ էին ուղղել:
- Այդ բժշկական սխալի հետևանքը հաշմանդամությունն էր,- ասում է դերասանուհու որդին:- Նա սկսեց սխալ քայլել, որից տուժեցին հոդերը: Հետո Նաինա Ելցինան օգնեց հոդը փոխել: Նրա շնորհիվ մայրիկին անվճար վիրահատեցին Կրեմլի հիվանդանոցում: Նա սկսեց քայլել: Բայց հետագայում, երբ սկսեց գիրանալ, խնդիրներ առաջացան մյուս ոտքի ծնկի հետ, այնտեղ էլ արհեստական հոդ դրեցին: Աստիճանաբար մայրս կորցրեց առանց հենակների քայլելու ունակությունը: Բայց միևնույն է՝ այդ տարիներին ընդհուպ մինչև վերջերս նա բեմ էր դուրս գալիս հենակներով, իսկ ներկայացումից հետո նրան այնտեղից դուրս էին բերում հաշմանդամի սայլակով: Մայրս զարմանալի մարդ է` նա կարողացել է ոչ միայն համակերպվել իր այդ վիճակին, այլև բեմ դուրս գալ: Չէ՞ որ դա նրա համար ողբերգություն էր թե որպես կնոջ, թե որպես դերասանուհու: Մինչդեռ նա «Պիկովայա դամայ»-ում կոմսուհու դերն էր խաղում, Գոգոլի մոր դերը՝ «Մամենկա»-ում, ստեղծագործական երեկոներ վարում:
Հիմա Լյուդմիլա Իվանովնային նյութական օգնություն են տրամադրում «Էքսպրոմտ» թատրոնից և «Սովրեմեննիկից», որտեղ նա աշխատել է 50 տարի: Չէ՞ որ եթե բազմաթիվ հեռուստադիտողների համար նա «Ծառայողական սիրավեպ» կինոնկարի Շուրոչկան է, ապա ստեղծագործական շրջանակներում նրան ճանաչում են առաջին հերթին որպես երգերի հեղինակի: Ժամանակին դրանք կատարել են Մայա Կրիստալինսկայան, Գելենա Վելիկանովան, Ելենա Կամբորովան: Հենց երաժշտության հանդեպ սերն է ժամանակին մտերմացրել Լյուդմիլա Իվանովնային և նրա ապագա ամուսնուն:
Տեղեկագիր
Լյուդմիլա Իվանովան ծնվել է Մոսկվայում՝ 1933 թ. հունիսի 22-ին: Ավարտելով ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան` նա դերասանուհի է դարձել «Սովրեմեննիկ» թատրոնում և ճանաչում ստացել որպես երգերի հեղինակ: Սակայն նա իսկապես հանրահայտ դարձավ 1977 թ., երբ խաղաց հասարակական գործիչ Շուրայի դերը՝ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» մելոդրամայում:
«Շուրան այն ժամանակ բացասական կերպար էր համարվում,- հիշում է դերասանուհու որդին:- Որոշ ժամանակ ես նույնիսկ խուսափում էի դպրոց գնալուց: Համադասարանցիներս ինձ հարցնում էին՝ մայրդ իրո՞ք այդքան հիմար է: Բայց դե հիմա Շուրային շատ են սիրում և ոչ միայն մեր երկրում: Երբ մենք Չինաստանում էինք, պարզվեց, որ այնտեղ նույնպես ճանաչում են այդ կերպարին: Մորս հետևից խմբերով չինացիներ էին վազում»:
1990 թ. Լյուդիմիլա Իվանովնան հիմնադրեց «Էքսպրոմտ» թատրոնը, որտեղ մանկական ներկայացումներ են բեմադրում:
Վալերի Միլյաևը ծնվել է 1937 թ.: Պրոֆեսոր է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր: Հայտնի է որպես հեղինակային երգեր գրող, օրինակ լավատեսների հանրահայտ հիմնի հեղինակն է` «Գալիս է մի ժամանակ, երբ հարավից վերադառնում են թռչունները, իսկ ամպրոպաբեր ամպերը ցրվում են, հալչում...»:

















