Հունիսի 6-13-ը Երևանում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն անցկացվում էր«Դաշնամուրե և«Կոմպոզիցիաե անվանակարգերում:
Ի դեպ«Կոմպոզիցիաե անվանակարգը ծրագրի մեջ առաջին անգամ էր ներառված: Այս անվանակարգում առաջին մրցանակը կիսեցին Ալեքսանդր Իրադյանը և Ռուսաստանը ներկայացնող Տիխոն Խրեննիկովը: Հաղթողները կիսել են նաև 5 000 ԱՄՆ դոլար մրցանակը: Ալ. Իրադյանը մրցույթին ներկայացել էր իր«Վեց պատասխանե ստեղծագործությամբ: Նա մի քանի օր առաջ ավարտեց Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի 4-րդ կուրսը: Սովորում է նաև դիրիժորական բաժնում: Սա 21-ամյա կոմպոզիտորի և դաշնակահարի առաջին հաղթանակը չէ. Ալեքսանդրը պետական և միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է: Անցած տարի փետրվարին Եկատերինբուրգում անցկացված Վ. Ս. Ցվետիկովայի անվան«Ճանապարհ դեպի վարպետությունե մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին:
- Ալեքսանդր, երկար ժամանա՞կ պետք եղավ` հաղթանակ բերած ստեղծագործությունը գրելու համար:
- 2010 թ. սեպտեմբերին տեղեկացա, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում ներառվել է նաև«Կոմպոզիցիաե անվանակարգը: Որոշեցի մասնակցել, չնայած վախենում էի չհասցնել, քանի որ լուրջ և որակյալ ստեղծագործություն գրելու համար հարկավոր է ամենաքիչը կես տարի: Իսկ ես ունեի ընթացիկ շատ գործեր: Դեկտեմբերին սկսեցի գրել, մարտի 1-ին պետք է արդեն պատրաստ լիներ: Ընդամենը երեք ամիս ժամանակ ունեի: Բայց մրցույթի միտքն արդեն մեծ ներշնչանք էր տալիս: Երկուսուկես ամիս քնել եմ չորսական ժամ: Կազմակերպիչներից ևս 10 օր խնդրեցի ու ավարտեցի:
- Ինչո՞վ է պայմանավորված ստեղծագործության«Վեց պատասխանե անվանումը:
- Ես հրաժարվեցի բոլոր կառուցվածքներից և ստեղծեցի իմ երկրաչափական ձևը:
Պատկերացրեք երկու եռանկյունի, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երեք մասի. վեց եռանկյունի, վեց պատասխան, վեց տարբեր միտք: Երկու գույն են` կապույտ, կարմիր, երբ դրանք միանում են` դառնում է երկու պատասխան` այո կամ ոչ: Երաժշտության մեջ նրանք միմյանց հակասում են: Գործը գրված է մեծ նվագախմբի համար, դասական չէ, ավանգարդ ոճի մեջ է: Բավականին դժվար` մոտ 150 էջանոց ստեղծագործություն է:
- Հավատո՞ւմ էիր հաղթանակին:
- Այո: Մտածում էի` եթե ամեն ինչ արդար լինի` հաղթելու եմ: Ապրիլին սիմֆոնիան ներկայացրել էի Վրաստանում, այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել երաժշտագետների շրջանում:
- Հաղթանակը կիսեցիր Խրեննիկովի հետ: Ի՞նչ կասես նրա մասին:
- Ինձ համար հետաքրքիր կլիներ լսել նրա գործը: Կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանն ասաց, որ Խրեննիկովն իր հայտնի պապի երաժշտական ավանդույթն է շարունակում, այդ պատճառով մոսկովյան երաժշտական էլիտան խիստ թերահավատորեն է վերաբերվում նրա աշխատանքին: Այն երաժշտությունը, որը Մոսկվայում համարվում է բարձրաճաշակ, այնքան էլ չեմ ընդունում, ինձ հոգեհարազատ չէ:
- Իսկ ի՞նչ կասես Երևանում«էլիտաե համարվող փոփ երաժշտության մասին:
- Ամեն մեկն իրավունք ունի արտահայտվելու այնպես, ինչպես կարող է: Բայց կան կոմպոզիտորներ, որոնց«ստեղծագործելուե իմաստը չեմ հասկանում: Կարող եմ նրանց երգը լսել ու ասել, թե ինչպես են գրել` հինգ րոպեում: Չկա ոչ միտք, ոչ հոգի, դատարկ է: Ցանկացած լուրջ արվեստ, լուրջ երաժշտություն գերում է մարդուն, միևնույն ժամանակ հոգնեցնում է` դրական իմաստով: Իսկ այս երգերը հատուկ են այդպես մշակված, որպեսզի մարդը լսի, ու նրա համար միևնույն լինի: Մարդն ուղղակի դա լսում է, չի հոգնում, ընկալումը շատ հեշտ է, բայց ինձ համար անընդունելի է, քանի որ արժեք չունի: Դա խեղաթյուրում է հայ երաժշտությունը: Այդ թուրքական մուղամները ոչ մի ընդհանուր բան չունեն հարուստ ավանդույթ ունեցող հայկական երաժշտության հետ: Ցավում եմ, որ հասարակության մի մասը այդ երաժշտությունը հիացմունքով է ընդունում:
- Մեծերից ո՞ւմ ազդեցությունն ես կրել:
- Մեծ ազդեցություն եմ կրել Շոստակովիչից, Ստրավինսկուց, Խաչատրյանից: Նրանց երաժշտությունը մագնիսի նման ձգող է:
Պետք է նրանց կողքով քայլես, միևնույն ժամանակ շատ չմոտենաս: Իմ կյանքում կար մի շրջան, երբ ամբողջովին կառչել էի Խաչատրյանի երաժշտությունից: Դա ողբերգություն էր հատկապես Չայկովսկու անվան դպրոցի իմ ուսուցչուհի Անահիտ Կոստանյանի համար: Բայց քիչ-քիչ, բռնի ուժով սկսեցի իմ մեջ«ջարդելե այդ կախվածությունը: Մեծերի ազդեցությունը ողջունելի է, եթե copy-paste չես անում:
- Կոմպոզիտորների համար նախատեսված այլ մրցույթի Հայաստանում մասնակցե՞լ ես:
- Կան կոմպոզիտորների մրցույթներ, ասենք օրհներգ կամ երգչախմբային ստեղծագործություն գրելու համար, բայց դրանք լուրջ մրցույթներ չեն: Գործի մեկ կատարումն ինձ ոչինչ չի տա: Ես չեմ վազում փառքի հետևից, որպեսզի ասեմ` իմացեք, իմ գործն են կատարում: Դա ինձ պետք չէ: Ես գրում եմ շատ լուրջ ստեղծագործություն, որը բարդության պատճառով Հայաստանում չեն կարող կատարել, բայց ես դա գրում եմ, քանի որ այն պրոֆեսիոնալ է: Փոխարենը կարող էի գրել դաշնամուրային տասը գործ, որոնք կկատարվեին մի ցածր մակարդակի համերգի ընթացքում, բայց դա ինձ չի հետաքրքրում:
- Հյուրախաղերի շա՞տ ես մեկնում:
- Ոչ, հիմնականում վարպետության դասընթացների եմ մասնակցում: Գնում եմ գիտելիքներ հավաքելու: Ինձ ֆինանսավորում են մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները: Այդ գիտելիքները շատ անհրաժեշտ են, հատկապես Հայաստանում, որը մեկուսացած է միջազգային, երաժշտական գործընթացներից: Այստեղ սովորող ուսանողները չգիտեն, թե աշխարհում ինչ երաժշտություն կա: Պատուհանը դեպի Եվրոպա, որի միջոցով պետք է համագործակցություն լիներ, չկա: Այստեղ իհարկե կա նաև մեղքի նրանց բաժինը: Ուսանողներից շատերը պասիվ են, այնպիսի տպավորություն է, որ կյանքից հոգնել են... Ես դա չեմ կարողանում հասկանալ: Ինքս աշխատում եմ ոչ մի րոպե չկորցնել: Փորձում եմ լինել ամեն տեղ, խոսքը միայն երաժշտության մասին չէ: Նախաձեռնել եմ ավելի քան տասը նախագիծ, միաժամանակ«Երևանյան հեռանկարներե փառատոնի մենեջերն եմ: Մինչդեռ մեր ուսանողների, երիտասարդների համար կյանքը շատ անհետաքրքիր է անցնում: Կարծում եմ` ուսանողն ինքն էլ պետք է նախաձեռնող լինի, գնա, շփվի, քանի որ դասընթացներից բացի ձեռք է բերում լավ ընկերներ, հետաքրքիր միջավայր: Ես Հայաստանում ունեմ իմ փառատոնը, որը ցավոք չհաջողվեց այս տարի կազմակերպել: Կոչվում է«Սպասելով Գոդոյինե: Երիտասարդ երաժիշտների միջազգային փառատոն է, նրանց հրավիրում եմ Վրաստանից, Անգլիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից:
- Ձեր ընտանիքում երաժիշտներ կա՞ն:
- (Ծիծաղում է): Ոչ, ծնողներս քիմիկոս են: Ընդհանրապես` մեր տոհմում երաժիշտ չկա: 1997-ից երգել եմ«Սյուրպրիզե թատրոնում, մասնակցել եմ մոտ 150 համերգի: Դրանք իմ կյանքի ամենապայծառ էջերն են: Երազում էի լինել բեմում, այն ինձ համար սրբավայր էր: 13 տարեկանում ձայնս ամբողջովին խզվեց, և սկսեցի դաշնամուրային տեխնիկան զարգացնել: Ինչ-որ«ձայներե էի լսում, նվագելիս կարծես հարմոնիա էր հնչում, ու ես դա նվագում էի: Այդպես սկսվեց ճանապարհը` դեպի լուրջ երաժշտություն:
- Առաջին ստեղծագործությունդ հիշո՞ւմ ես:
- Չայկովսկու անվան դպրոցում էի սովորում, 15 տարեկան էի: Հիշում եմ իմ դասախոս Անահիտ Կոստանյանի ռեակցիան, երբ նրան հայտնեցի, որ ուզում եմ բալետ գրել: Նա քիչ էր մնում աթոռից վայր ընկներ` 15 տարեկան երեխան ուզում է բալետ գրել: Նա ինձ սկսեց համոզել տրիո գրել: Ասացի` ես ձեր տրիոն կգրեմ, բայց իմ բալետն էլ եմ գրելու: Ու գրեցի: Դա այն ժամանակ էր, երբ Խաչատրյանի երաժշտությունն իմ մեջ«քանդվեցե, երբ Խաչատրյանին ընդունեցի ոչ թե իբրև Աստծո, այլ որպես հանճարեղ հայ կոմպոզիտորի: Դրանից հետո գրեցի իմ առաջին պրոֆեսիոնալ գործը`«Տրիոնե: Հետո գրեցի դաշնամուրային կոնցերտ` սիմֆոնիկ նվագախմբի համար, որը կատարել եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ապա սկսվեցին բազմաթիվ համերգներն ու հյուրախաղերը: Ինձ հրավիրեցին Լոնդոն` բարեգործական համերգի, հասկացա, որ արդեն ընկել եմ հունի մեջ:
- Այժմ ի՞նչ ստեղծագործություն ես գրում:
- Հիմա զբաղված եմ երկու մեծ նախագծով. մեկում համադրում եմ տարբեր ոճեր ու մասնագիտություններ` կինո, թատրոն, երաժշտություն, կոչվում է«Խե՞նթըե: Մյուսի վերնագիրն է`«Տասը ավտոմեքենաների սիմֆոնիաե: Հենց այս նախագծով ուզում եմ ապացուցել, որ տարբեր խավերի, շերտերի մարդկանց կարելի է հավաքել, և ամեն մեկն իր տպավորություններով ու զգացմունքներով հարստացած կգնա տուն: Դրանով ուզում եմ ասել, որ մոդեռն երաժշտությունն այնքան էլ վախենալու չէ, երբեմն մարդիկ չեն ուզում դասական նոր երաժշտություն լսել, մտածում են` հիմա այնպիսի մի բան կսկսվի...
- Տարբեր մրցույթների հաղթող երիտասարդ կոմպոզիտորը պատվերներ շա՞տ է ստանում:
- Պատվերներ ընդհանրապես չեն լինում, Հայաստանում դա հնարավոր չէ: Այսպես ասեմ` ո՞ւմ է դա պետք: Մեզանում ընդունված է, որ կոմպոզիտորներն իրենք աղաչեն, որ իրենց գործն ինչ-որ տեղ հնչի` թեկուզ անվճար: Ես միայն մեկ անգամ եմ պատվեր ստացել` գրել ռոք երաժշտություն` երգչուհի Մարիա Ալբերտայի համար: Երգը գրել եմ death metal ոճով:
- Արտասահմանում երիտասարդ կոմպոզիտորին աջակցում են, նրանց գործերը հնչում են հեռուստատեսությամբ և բեմերից: Մեզանում նման հնարավորություն տրվո՞ւմ է:
- Կան համերգներ, որոնցում կատարվում են երիտասարդ կոմպոզիտորների գործերը, բայց դրանք ցածր մակարդակի են: Այսօր երիտասարդ կոմպոզիտորներին գրեթե չեն աջակցում: Ուսանողներն իրենք են սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան կազմակերպում: Բայց շատ ավելի ցավալի է, որ լրատվամիջոցներն են երիտասարդներին շատ քիչ անդրադառնում: Անտեսված լինելը, անուշադրությունն էլ հանգեցնում են հիասթափության: Քչերին է հաջողվում դրանց ուշադրություն չդարձնել ու զբաղվել իրենց գործով:

















