Փող կարելի է աշխատել տարբեր միջոցներով: Դրանցից մեկը և բավականին շահավետը խոսքի, խղճի և դավանանքի ազատության տրամադրած անսահման հնարավորությունների շահագործումն է: Որպես կանոն` այս միջոցն օգտագործում են մարդիկ, ովքեր հեռու են որևէ դավանանքից և չունեն խղճի նկատելի դրսևորումներ, բայց փոխարենը որպես գործիքի` կատարելությամբ տիրապետում են խոսքի վարպետությանը: Ժամանակ առ ժամանակ ընթերցող հանրության ուշադրությունը գրավում են բեսթսելերային գրականության նմուշները, որոնք հավակնում են (և բավականին մեծ հաջողությամբ) Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի` տարբեր արագություններով հետքրիստոնեական դարձող հետարդյունաբերական համայնքների` առանց այդ էլ թարսուշիտակ կրոնական պատկերացումները գլխիվայր շուռ տալուն:
Անձամբ ինձ համար նման երկու գիրք ընթերցելը բավական է, որպեսզի այլևս դրանց համար ժամանակ չվատնեմ և իմ զավակներին էլ արգելեմ մոտ գնալ այդ տեսակի «գրականությանը»: Խոսքը Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» (The Da Vinci Code, Dan Brown) և Ռայմոնդ Խուրիի (The Last Templar, Raymond Khoury) «Վերջին թամփլիերը» գրքերի մասին է: Այսպիսի գրքերը հիմա անթիվ-անհամար են:
Եվ դրանցից հեշտ չէ հեռու մնալը, քանի որ հաճախ գեղեցիկ կինոֆիլմերի հիմք են դառնում: Եթե այդ ֆիլմերի և գրքերի սյուժեներն առեղծվածային շղարշից մաքրես` ոչ մի արժեքավոր բան չի մնա, սրտի լարերին չեն դիպչի: Փոխարենը դրանց պատմական հենքը բավականին խայտաբղետ է: Ովքեր ասես` այստեղ չկան` իլյումինատներ ու գաղտնասերներ, դերվիշներ ու խաչակիրներ, իսլամական ահաբեկիչներ ու հնաբաններ, կատարներ ու ճգնավորներ, կարդինալներ ու լրտեսներ, առաքյալներ ու ոստիկաններ` մի խոսքով չափազանց տարաշխարհիկ գունապնակ: Անբարեխիղճ առևտրականներին բնորոշ հնարք է` փայլփլուն, գրավիչ փաթեթի շնորհիվ հնարավոր է վաճառել ցանկացած աղբ` հատկապես անփորձ հաճախորդին:
Բայց գույնզգույն դեկորացիաների հետևում, փայլփլուն փաթեթում թաքնված է գեղարվեստական ինտրիգով սքողված, իր թվացյալ պարզությամբ նենգ ու սատանայական մի միտք` Հիսուս Քրիստոսի և երկրային կյանքում նրան շրջապատողների կյանքն ու մահը չեն համապատասխանում կամ` այնքան էլ չեն համապատասխանում Նոր կտակարանի նկարագրությանը: Արդյո՞ք Քրիստոսը զավակներ չի ունեցել: Ինչպե՞ս է մահացել Քրիստոսը: Առհասարակ մահապատիժ, խաչելություն եղե՞լ են: Ահա, թե ինչ հարցադրումներ են առաջ քաշվում: Ոչ, ոչ` ավետարանչական պատմությունների «այլընտրանքային մեկնությունների» հեղինակները չեն հերքում Քրիստոսի գոյությունը, ինչպես անում էին ու անում են էությամբ հասարակ ու անկեղծ աթեիստները: Ի վերջո Աստված կա՞, թե չկա հարցը նրանք հմտորեն շրջանցում են, կառուցելով ընդամենը հիպոթեզներ, տեղ-տեղ խտացնելով գույները, տեղ-տեղ խոսելով ակնարկներով, տեղ-տեղ էլ շեշտելով ինչ-ինչ մշուշոտ նրբերանգներ: Ահավասիկ` խոսքի ուժը: Առաջարկվող վարկածների գրեթե գիտականության հասնող տպավորությունը պարզապես գրավում է, և միամիտ ընթերցողն արդեն չի էլ գիտակցում, որ առանց Քրիստոսի` մեղքերը քավող զոհաբերության, առանց խաչելության չկան ոչ հարություն, ոչ համբարձում, ոչ էլ առհասարակ` քրիստոնեություն: Մի՞թե կարող է այսպիսի խորամանկ գաղափարախոսական ծուղակը պահանջված չլինել ժամանակակից աշխարհում, որտեղ ավանդույթի ցանկացած ոչնչացում, ցանկացած «ոչ ավանդականություն» (հավատքում, հոգևոր կյանքում, ընտանիքում, սեռերի միջև և սեռերի ներսում տիրող փոխհարաբերություններում, մշակույթում) համարվում է առաջադիմության հիմնական ցուցանիշը:
Այս տարեսկզբին աշխարհի տեղեկատվական բազմաթիվ գործակալություններ հաղորդեցին այն մասին, որ Կիպրոսի հյուսիսային` գրավյալ մասում թուրք մաքսայինները բռնագրավել են մաքսանենգ ճանապարհով փոխադրվող հնաոճ իրեր, որոնց շարքում հայտնաբերվել է «Բարնաբայի ավետարանը» (The Gospel of Barnabas)` հին մագաղաթե ձեռագիրը: Դա 12 տարի առաջ է տեղի ունեցել, բայց միայն հիմա է աղմուկ բարձրացել, քանի որ ոստիկանությունը վերջապես որոշել է այն հանձնել Անկարայի ազգագրության թանգարանին: (Ի դեպ ինչո՞ւ այսքան ուշ: Գուցե ձեռագրում ինչ-որ բանե՞ր էին ուղղում): Այս մասին շատ էին խոսում, իսկ մայիսի 24-ին բրիտանական «Դեյլի Մեյլը» կրկին անդրադարձավ այս թեմային, քանի որ մահմեդական աստվածաբաններն սկսել էին հրճվանքով պնդել, թե Բարնաբայի ձեռագիրն իբր ապացուցում է քրիստոնեության հանդեպ իսլամի գերազանցությունն ու վերջնական հաղթանակը: Իսկ ի՞նչ հիմքով են նրանք պնդում նման բան և ո՞վ է առհասարակ այդ Բարնաբան:
Ըստ պահպանված կցկտուր, հակասական և անստույգ տեղեկությունների` Բարնաբան Կիպրոս կղզու հրեաներից էր` ավետարանչական Մարկոսի եղբայրը և Քրիստոսի աշակերտներից մեկը: Ճանապարհորդել և քրիստոնեություն է քարոզել Պողոս առաքյալի հետ, հիմնել է Կիպրոսի քրիստոնեական համայնքը, որտեղ էլ հենց նահատակվել է: Բարնաբան եղել է քրիստոնեության համայնքներում ոչ հրեա քրիստոնյաներին ընդունելու և թլպատման ծեսը վերացնելու ամենաակտիվ կողմնակիցներից մեկը: Ահա քրիստոնեական այս հարգարժան սրբին էլ վերագրում են Հիսուս Քրիստոսի կենսագրության այն վարկածը, ըստ որի նա ոչ թե Աստծո որդին է եղել, այլ ընդամենը նրա առաքյալը և մարգարեն, ով կանխատեսել է ոչ այլ ինչ, քան... Մուհամեդի ապագա գալուստը: Եվ ոչ մի խաչելություն էլ չի եղել, այդ մասին ընդհանրապես մոռացեք: Իսկ երկինք Քրիստոսին Աստված բարձրացրել է ավելի ուշ` նրա միսիոներական գործունեության համար: Եվ Հիսուսը հարություն էլ չի առել (քանի որ չէր մահացել), այլ պարզապես ժամանակավորապես վերադարձել է, որպեսզի Բարնաբային հանձնարարի գրել այդ «ավետարանը» և արգելի, որ իրեն Աստծո որդի անվանեն: Ահա այսպիսի հերետիկոսություն: Ուղղակի և փոխաբերական իմաստներով:
Այդ մագաղաթի երկու պատճենները հայտնաբերել էին 18-րդ դարում, հրատարակել էին մի քանի լեզուներով, և շուտով պարզվել էր, որ դրանք 16-րդ դարին պատկանող կեղծիքներ են, հեղինակներն իսպանական մավրերն էին, ովքեր նպատակ ունեին այդպիսով հակահարված հասցնել Պիրինեյան թերակղզում մահմեդականներին պարտության մատնած քրիստոնեությանը: Բայց քրիստոնեական հավատի վարկաբեկումն այնքան գայթակղիչ նպատակ է, որ դրանից չեն կարողանում հրաժարվել նաև մեր օրերում: Հիմա էլ ահա թուրքերն են որոշել շարունակել ջուր պղտորելը. Եվրամիության անդամագրությանը հավակնող, «աշխարհիկ» Թուրքիայի մշակույթի նախարար Էրթոգրուլ Գյունեյը որոշել է, որ ձեռագիրը պետք է համարել ոչ թե միստիֆիկացիա, այլ պատմական լուրջ աղբյուր, որը հաստատում է` մահմեդական պատկերացումներին համապատասխան` Հիսուսի առաքելությունն ընդամենը իսկական փրկչի` Մուհամեդի գալուստը կանխատեսելն էր: Հիմա արդեն իրանցի աստվածաբաններն են թուրքերին հետևում: Իսկ նրանց քրիստոնյա գործընկերները, չնչին բացառությամբ, լռում են` կուլ գնալով նրբավարության կանոններին: Միայն Վատիկանն է խնդրել, որ ձեռագրի պատճենն ուսումնասիրության նպատակով տրամադրեն իրենց:
Իսկ արամեերենի և ասորերենի մասնագետները վստահեցնում են` ձեռագիրը կեղծիք է: Մենք չենք էլ կասկածում. իհարկե` կեղծիք է:
Բայց արժե՞ զարմանալ, թե ինչ համառությամբ են միջնադարյան կեղծիքը փորձում խցկել քրիստոնեական աշխարհ: Չէ՞ որ ինքներս ենք դա հնարավոր դարձրել, երբ որոշել ենք, որ ոչ մի սրբություն չկա, և ամեն ինչ թույլատրելի է: Կհարցնեք` ի՞նչը նկատի ունեմ: Չեմ ասի, թե չէ մեկ էլ տեսար` ինձ «պոլիտկոռեկտության» ու հանդուրժողականության պակասի համար մեղադրեցին: Հիմա մեզանում դա ընդունված է:













