Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի կապակցությամբ մամուլն ու քաղաքական գործիչներն ինչ եզրահանգումներ էլ անեն՝ դավադրության մասին վարկածը, որն առայսօր շարունակում է մնալ հիմնականը, քննադատության չի դիմանում: Թեկուզ հենց այն պատճառով, որ ոչ մի իմաստ չունի իրականացնել այդքան բարդ և խորամանկ կոմբինացիա` «դավադիր» Հովիկ Աբրահամյանին նշանակել հանրապետականների նախընտրական շտաբի ղեկավար, ինչ է թե՝ նրան զրկեն իշխանական լծակներից՝ միաժամանակ պահելով հսկողության տակ: Թերթերից մեկի գրածի համաձայն՝ Սերժ Սարգսյանն այդ քայլով իբր երկու նապաստակ է սպանում:
Նախ` պետական լծակներից զրկում է երկրի երկրորդ պաշտոնատար անձին, ով հայտնի է Ռոբերտ Քոչարյանի հետ իր սերտ կապերով, դրանով իսկ Աբրահամյանին հնարավորություն չտալով ինքնուրույն օգտագործել իր վարչական ռեսուրսը, որը նա ունի, քանի որ թերթի կարծիքով Աբրահամյանը բավականին մեծ հեղինակություն է վայելում մարզպետների շրջանում: Դրանից չգիտես ինչու ծնվում է մի ապշեցնող անտրամաբանական եզրակացություն` իբր հիմա ստանալով ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարի լիազորությունները և գտնվելով Սերժ Սարգսյանի անխոնջ հսկողության տակ, Աբրահամյանն առկա ռեսուրսն ու կապերը բացառապես ի նպաստ իշխող կուսակցության կօգտագործի: Այստեղ ինքնըստինքյան հարց է ծագում` իսկ նրա ինչի՞ն է պետք նման բան անել, եթե գաղտնի դավադիր է: Եվ ի՞նչ երաշխիքներ ունի Սերժ Սարգսյանը, որ նախընտրական շտաբի անվստահելի ղեկավարը երկակի խաղ չի խաղա: Ընդհանրապես հանրապետականների ինչի՞ն է պետք իրենց թիմում անհուսալի տարր պահելը: Ախր նախընտրական մրցավազքի մեջ մտնող ցանկացած քիչ թե շատ լուրջ քաղաքական ուժ առաջին հերթին կազատվի նման անհուսալի տարրից: Ընդ որում` մեկընդմիշտ:
Այնպես որ ըստ ամենայնի՝ հայրենի վերլուծաբանները սխալվում են: Հովիկ Աբրահամյանը եղել է, կա և մնում է իշխանության թիմում: Եվ ըստ երևույթին նա չի ստում, երբ երդվում է, որ ոչ մի դավ էլ չի նյութել: Բայց դե՝ ափսոս: Ոչ թե, որ դավադիր չէ, այլ որ մնում է թիմում: Շատ ավելի լավ կլիներ, եթե նրան աշխատանքից հեռացնեին առանց բարձր պաշտոնների հեռանկարի: Քանի որ եթե շիտակ խոսենք` հանրապետականները և անձամբ Սերժ Սարգսյանը ընտրազանգվածի աչքին միայն կշահեին, եթե ազատվեին Հովիկ Աբրահամյանի նման կերպարից, որին ժողովուրդը չի համակրում, ընդ որում բոլոր խավերն անխտիր` անկախ քաղաքական նախասիրություններից: Մինչև վերջերս հանրային զանգվածային հակակրանքն իշխանության այս կամ այն ներկայացուցչի հանդեպ չի խանգարել, որպեսզի նա վեր բարձրանա կարիերայի աստիճաններով: Հովիկ Աբրահամյանը երբեք ժողովրդի կողմից սեր և հեղինակություն չի վայելել, բայց դա չի խանգարել, որ նա բարեհաջող կերպով աշխատի բավականին բարձր պաշտոններում բոլոր երեք նախագահների օրոք, իսկ հետո էլ հասնի խորհրդարանի խոսնակի աթոռին: Ի՞նչ կարող ես ասել` մեր հայրենական իշխանությունները` թե նախկին, թե ներկայիս, հարգալից են վերաբերվում ստուգված ու հավատարիմ կադրերին, փորձում են նրանց իրենց կողքին պահել: Սակայն քաղաքական ներկա իրավիճակն այնուամենայնիվ արդեն այն չէ, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ: Հիմա 90-ականները չեն և ոչ էլ նույնիսկ 2000-ականները: Ընտրազանգվածը փոխվել է, և պետք է նրան նոր որոշումներ առաջարկել: Դե ուրեմն այսպես` հանրապետականների համար ամենաճիշտ որոշումն այսօր կլիներ ժողովրդի համար ոչ համակրելի, ոչ այդքան դուրեկան հեղինակությամբ և դեռ մի բան էլ` ոչ այդքան բարձր կրթական ցենզով «վետերաններից» ազատվելը: Եկել է ժամանակը՝ ազատվելու նրանցից, ովքեր մի ժամանակ ոմանց օգնել են իշխանության գլուխ բարձրանալուն: Դա գուցեև նախկին համախոհներին դուր չգա, բայց ժողովրդին շատ դուր կգա: Եթե իհարկե գալիք ընտրություններում որևէ մեկը պատրաստվում է հաշվի առնել ժողովրդի կարծիքը:
Հ.Գ. Երեկ ուշ երեկոյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով ինչպես հայտնի է՝ պետության ղեկավարի փեսան է:
«Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին` գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում և կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն»,- այսպես է մեկնաբանել իր հրաժարականը նախագահի փեսա Միքայել Մինասյանը` ews.am-ին տված հարցազրույցում:

















