Պոլիտկոռեկտ և մշուշոտ ձևակերպված պատճառը, որն իբր ստիպել է Կարեն Կարապետյանին հրաժարվել քաղաքապետի պաշտոնից և կիսատ թողնել իր բոլոր նախաձեռնած գործերը, գուցեև դուր եկավ իշխող վերնախավին, բայց հանրության մեջ բավականին ցավագին արձագանք առաջացրեց: Հիմա ով չի ալարում՝ քննարկում է, թե իրականում ինչու հեռացավ Կարեն Կարապետյանը, և ով է նրան ստիպել, որ նման քայլ կատարի: Վարկածներից մեկով Երևանի արդեն նախկին քաղաքապետը ոչ այնքան աշխատանքից է «հեռացվել», որքան իշխող թիմից, քանի որ նրա կերպարը չի համապատասխանում նախընտրական գործընթացների տրամաբանությանը, մեկ այլ վարկածով նա իր քաղաքանպաստ գործունեությամբ տրորել է օրենքի վրա «թքող» որոշ օլիգարխների ոտքերը, իսկ երրորդով` նրան չեն վստահում, քանի որ Քոչարյանի մարդն է և այդպես շարունակ...
Ճիշտն ասած` շատ լավ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը ոչ թե խոսեր ինչ-ինչ «անձնական պատճառներից», որոնցով ինքը «չի ուզում ծանրաբեռնել հանրությանը», այլ ավելի որոշակի պատճառ նշեր, ասենք՝ հեռանում է, քանի որ վատառողջ է՝ արյան բարձր ճնշում ունի կամ էլ Աստված չանի` սրտի հետ կապված խնդիրներ: Բնականաբար դրան էլ ոչ ոք առանձնապես չէր հավատա, բայց քաղաքապետի հեռանալու պաշտոնական վարկածը գոնե այդքան երկիմաստ չէր հնչի: Եվ նույնիսկ եթե նա հայտարարեր, որ հեռանում է, որովհետև իրեն առաջարկ են արել, որից ի վիճակի չէ հրաժարվել, էլի ավելի լավ կլիներ: Երևանցիներն իհարկե մի քիչ կհանդիմանեին իրենց սիրելի քաղաքապետին, որ գայթակղվելով բարձր աշխատավարձով, լքում է պաշտոնը, բայց զուտ մարդկայնորեն կհասկանային` դե, մեր դժվար ժամանակներում ո՞վ կհամարձակվի քար նետել մի մարդու վրա, ով ուզում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ, ընդ որում նկատի ունեցեք` օրինական, ոչ թե գողանալով, այլ ազնիվ աշխատանքով: Համենայնդեպս նույնիսկ նման` պոպուլիզմի տեսանկյունից ոչ այնքան հարմար պատճառը կարող էր գոնե պատրանք ստեղծել, թե նա իր հոժար կամքով է հեռանում:
Կարեն Կարապետյանը չուզեց կամ էլ չկարողացավ դա անել: Իսկ գուցե նա պարզապես ուզեց գեղեցիկ հեռանալ` առանց «աղբը խրճիթից հանելու», միաժամանակ փորձելով պահպանել երևանցիների հարգանքն ու համակրանքը: Վերջինս ի դեպ նրան հաջողվել է` դատելով այն գրառումներից, որոնք մարդիկ տեղադրել են Facebook-ի նրա էջում: Այնտեղ նրա հեռանալու կապակցությամբ համաշխարհային ողբ են կապել, նրան էլ նախագահացու են համարում, էլ ամսվա մարդ և նույնիսկ առաջարկում են քաղաքական նոր կուսակցություն ստեղծել ու գլխավորել, որը պետք է ենթադրել՝ խորհրդարանական գալիք ընտրություններին կունենա հաղթելու բոլոր հնարավորությունները:
Մի խոսքով՝ հանրային գիտակցության մեջ Կարեն Կարապետյանն արդեն և պետք է ենթադրել` երկար ժամանակով վաստակել է նոր մտածողության ազնիվ, կիրթ մարդու փառապսակ, ով չկարողացավ համակերպվել մեր իրականության մեջ գոյություն ունեցող բարբարոսական խաղի կանոններին: Չնայած ես անձամբ կարծում եմ, որ հիացմունքը վաղաժամ հեռացած քաղաքապետի անձով թերևս մի փոքր չափազանցված է: Նրա հանդեպ ունեցած իմ ամբողջ համակրանքով հանդերձ` ես նրան հարյուրապատիկ շատ կհարգեի, եթե շիտակ խոսեր և զանազան վարկածների, լուրերի և ենթադրությունների տեղիք չտար (որոնց ճնշող մեծամասնությունն ի դեպ քաղաքական ենթատեքստով են, ինչը հերքում են թե անձամբ Կարեն Կարապետյանը, թե պաշտոնական անձինք): Եթե իր արարքով հանրությանը մեծ ապատիայի մեջ չգցեր` ավելի ամրապնդելով այն համոզմունքը, թե տեսանելի ապագայում մեր իսթեբլիշմենթում ազնիվ մարդկանց համար տեղ չի լինելու:
Եթե Կարեն Կարապետյանին իրոք խանգարում էին աշխատել կամ էլ պարտադրում էին թիմային խաղի կանոններ, որոնցով նա չէր ուզում խաղալ, ապա նախ` կարելի էր պայքարել` սպասելով, որ իրեն հեռացնեն աշխատանքից կամ էլ եթե ինքն էր որոշել հեռանալ՝ թող դա աներ դուռը բարձրաձայն շրխկացնելով: Այ դա շատ ավելի ազնիվ արարք կլիներ այն երևանցիների հանդեպ, ովքեր նրան հավատացել էին և ովքեր հիմա այդքան հուզիչ կերպով խնդրում են, որ նա չհեռանա: Իսկ եթե նրա «անձնական մոտիվներն» իրոք ոչ մի քաղաքական աստառ չունեն, եթե նրա հրաժարականը պայմանավորված չէ քաղաքական կամ էլ անդրկուլիսյան որևիցե տարաձայնությամբ, և եթե իսկապես, ինչպես Կարեն Կարապետյանն ասաց իր հրաժեշտի հարցազրույցում, «թե անձամբ Հայաստանի նախագահի, թե կուսակցության կողմից ուղղակիորեն ինձ ցուցաբերված վստահությունն անսահման է եղել»` ապա համաձայնեք՝ նա անազնիվ է վարվում առաջին հերթին հենց նախագահի ու կուսակցության հանդեպ` պաշտոնից հեռանալով «անձնական պատճառների առկայության» լղոզված ձևակերպումով:
Չի կարելի, հասկանում եք, կամավոր հեռանալ պետության մայրաքաղաքի քաղաքապետի նման նշանակալի պաշտոնից՝ առանց ինչպես հարկն է բացատրելու, թե որոնք են դրդապատճառները: Եվ սա հենց սկզբից՝ երբ նոր էր համաձայնել ստանձնել այդ պաշտոնը, կանխատեսելու համար ամենևին էլ պետք չէր Նոստրադամուս լինել...














Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post