Հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ութ երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան և Տաջիկստան) կառավարություններն ստորագրեցին «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» պայմանագիրը: Այս համաձայնագրի ստորագրումը նախապատրաստվում էր գրեթե քսան տարի և, ինչպես նշեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, այն մի տեսակ անսպասելի էր մասնակիցների համար: Արևմտյան վերլուծաբանների կարծիքով դրանում մեծ դեր է խաղացել եվրոյի գոտու ֆինանսական ճգնաժամը: Եվրոպան հիմա ժամանակ չունի հետխորհրդային տարածքի երկրների մասին մտածելու և այդ մասին ոչ երկիմաստ նշվել է Վարշավայի գագաթաժողովում: Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ մինչև դեկտեմբեր կմտածեն վերոհիշյալ փաստաթղթի ստորագրման մասին:
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն իրենց հերթին նշել են, որ տվյալ փաստաթղթի ստորագրումը ոչ մի կերպ չի անդրադառնա իրենց գործունեության վրա, այնպես որ ամեն ինչ կարգին է: Իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականով այդ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի և լավ հեռանկարներ կստեղծի հայկական բիզնեսի համար՝ ապրանքների ու ծառայությունների ազատ շարժի առումով: Եվ իրոք` ԱՊՀ երկրների շուկաները գոնե մեզ համար պակաս կարևոր չեն, քան արևմտյանները: Բնականաբար քաղաքական աստառ էլ կա. մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինն «Իզվեստիա»-ում հանդես եկավ Եվրասիական միության ստեղծման մասին ծրագրային հոդվածով: Ահաև հաջողությունը, որը Պուտինը կարող է գրանցել որպես նախընտրական միավոր: Արևմուտքում միանգամից սկսեցին քննարկել, որ խոսքը Խորհրդային Միության վերականգնման մասին է, բայց այդպես չէ: Խոսքը Եվրամիության նման մի կառույցի մասին է: Այլ հարց է, թե որքանո՞վ է Ռուսաստանը գրավիչ՝ որպես ինտեգրման կենտրոն: Խոսքը մեր մասին չէ` մենք ամեն դեպքում պետք է անդամագրվենք: Եթե անաչառ դատենք` Ռուսաստանում ժողովրդավարության ու բարձրագույն տեխնոլոգիաների բավարար մակարդակ չկա` երկրի տնտեսությունն ամբողջովին կախված է էներգակիրներից: Ելույթ ունենալով դաշնային հեռուստատեսությամբ` Պուտինն ասաց, որ հիմա Ռուսաստանի համար առավել կարևոր է կայունությունը: Բայց մի՞թե միայն կայունությունը բավարար է: Նախապես ասեմ, որ Պուտինի գործունեության և կազմակերպչական տաղանդի երկրպագուն եմ: Բայց իմ կարծիքով տարիների ընթացքում Պուտինի աչքի սրությունը մի քիչ սկսել է «խամրել», և նա երբեմն չի նկատում ակնհայտն ու թերությունները: Ոչ ոք չի խոսում ՌԴ-ում արևմտյան ժողովրդավարության ճշգրիտ ձևանմուշի կառուցման անհրաժեշտության մասին, բայց չէ՞ որ անհրաժեշտ է ապահովել օրենքի գերակայությունը, այսինքն պետության ընդունած օրենքները պետք է գործեն: Պետք է վերջ տալ իրավապահ մարմիններում առկա կաշառակերությանն ու ամենաթողությանը: Կարծիք կա, թե Ռուսաստանում կաշառակերության դեմ պայքարելն անիմաստ է: Այդ դեպքում ինչո՞ւ Սահակաշվիլուն դա հաջողվեց անել, թեկուզև՝ մասամբ:
Ահավասիկ՝ մեկ օրինակ Խոդորկովսկու գործը չարժե` այն չափազանց խճճված է. քննարկենք Մագնիցկու գործը: Իրավաբան Սերգեյ Մագնիցկին բացահայտել է, որ պաշտոնյաներն ու իրավապահ մարմինները պետական գանձարանից հափշտակել են ավելի քան երկու հարյուր միլիոն (ոչ թե ռուբլի, այլ դոլար): Եվ ի՞նչ` նրան շնորհակալությո՞ւն ասացին: Ոչ, բանտ նստեցրին` մեղադրելով հարկերը չվճարելու համար և հետո էլ մահու չափ տանջեցին: Իսկ նա ընդամենը 37 տարեկան էր: Ես հասկանում եմ՝ հավանաբար Մեդվեդևին և Պուտինին ապատեղեկացրել էին, բայց պետք է չէ՞ դրա դեմ որևէ կերպ պայքարել, օրինակ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ ունենալ: Իրավապահները կազմել են 60 պաշտոնյաների ցուցակ, ովքեր մեղավոր են Մագնիցկու մահվան համար: Հիմա ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են ընդունել այդ պաշտոնյաների դեմ` մուտքի արգելք և բանկային հաշվեհամարների կալանք: Ի՞նչ կարիք կար դրան հասցնել, ի՞նչ կարիք կար աղբը տնից հանել...
Դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն անբիծ ու անբասիր: Դրանց խոշորացույցով հետևելու է ոչ միայն Արևմուտքը, այլև սեփական ընդդիմությունը: Հոկտեմբերի 22-ին Նովոպուշկինսկի հրապարակում ընդդիմության հանրահավաքն էր, որին մասնակցում էր 1 500 մարդ (ճիշտն ասած` այդքան էլ շատ չէ): Կազմակերպիչներն ասում էին, որ ընտրություններ՝ որպես այդպիսին, Ռուսաստանում չկան, որ դրանք, միևնույն է, կեղծվելու են և կոչ էին անում դրանք բոյկոտել: Իհարկե այս դատողություններն անաչառ չեն, բայց խորհրդարանական նախորդ ընտրություններում արձանագրվել են մտացածին պատճառներով այս կամ այն կուսակցության վերագրանցման փաստեր, քարոզչության համար անհավասար պայմաններ... Ուրեմն այս անգամ նման բաներ չպետք է լինեն, դա նախագահական ընտրություններում կավելացնի Պուտինի հնարավորությունները: Բավականաչափ վարկանիշ նա արդեն ունի (մոտավորապես 50 տոկոս):
Տնտեսություն: Այն չպետք է բացարձակ կախման մեջ լինի նավթի և գազի գներից: Նոր պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին պետք է ազատություն տալ արդյունաբերության, գիտության և գյուղատնտեսության բնագավառները հիմնովին արդիականացնելու համար: Միայն այդ բոլոր նախաձեռնությունների հաջողության դեպքում Ռուսաստանը կդառնա միանձնյա առաջնորդ, հետխորհրդային տարածքի ինտեգրման կենտրոն և արտաքին քաղաքական ասպարեզի ուժեղ դերակատար:

















