ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում մի ամբողջ բանավեճ ծավալվեց Ղարաբաղի խնդրի շուրջ: Սկզբում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքի զգալի մասը Հայաստանը գրավել է, ապա՝ պետք է լուծել Ղարաբաղի հարցը, քանի դեռ այն չարորակ ուռուցքի չի վերածվել: Մի խոսքով` ամեն ինչ՝ ինչպես միշտ: Հետո եկավ Սերժ Սարգսյանի հերթը, նա ասաց, որ Կազանից հետո խնդրի լուծումը դժվարացել է, որ ամբողջ աշխարհում հաղթանակում է ազգերի ինքնորոշման սկզբունքը (բերեց Հարավային Սուդանի օրինակը), որ բանակցությունները ձգձգվում են բացառապես Ադրբեջանի մեղքով: Հարկ է նշել, որ Կազանից հետո պաշտոնական Երևանի դիրքորոշումն ավելի համարձակ է դարձել, ինչը միանշանակ դրական է` նույնիսկ եթե հաշվի առնենք, որ այն հրահրված է Ադրբեջանի դիրքորոշմամբ:
Իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը փորձի հարցը լուծել ուժով` ապա Ռուսաստանն իր բոլոր հնարավորությունները գործի կդնի` դա կանխելու համար: Պարզ և հասկանալի (Ադրբեջանի համար):
Ադրբեջանի արտգործանախարար Մամեդյարովը, որի ելույթը (տվյալ հարցի շուրջ) վերջինն էր, մի տեսակ անտրամաբանորեն հայտարարեց, որ Հայաստանի նախագահն իր արտահայտություններով ժողովրդին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի է պատրաստում: Ելույթների հակամիտության պատճառն այն անորոշ վիճակն է, որում հայտնվել է խնդիրը՝ կազանյան բանակցություններից հետո: Քառնեգի կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ, ղարաբաղյան խնդրի գիտակ Թոմաս դը Վալը հայտարարեց, որ հարցի լուծումը փակուղի է մտել, և որ ինքը դեռ ոչ մի ելք չի տեսնում: Նրա կարծիքով կյանքը ցույց է տվել, որ խնդրի լուծումը ոչ այնքան միջնորդների ու գերտերությունների, որքան Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքում են: Եվ վերջին ժամանակներս իրոք այդպես է: